Ճյուղավոր կոճղարմատով, թավոտ մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Մինչև 150 սմ բարձրությամբ ճյուղավոր, քառանիստ ցողունի վրա խոշոր, կոթունավոր, ձվաձև, աղեղնաեզր-սղոցաեզր տերևները դասավորված են հակադիր։ Մանր, երկշուրթ, նստադիր ծաղիկները աճում են տերևանութներում։ Ծաղիկն ունի թավոտ երկշուրթ կանաչ բաժակ և երկար, թեքված խաղովակով, սպիտակ, երբեմն նաև բաց վարդագույն պսակ։ Պտուղը կազմված է 4 չոր եռանիստ ընկուզիկներից[1]։
Տարածվածություն
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառաեզրերին։ Հանդիպում է Սյունիքի և Տավուշի մարզերում։ Մի շարք երկրներում նաև աճեցվում է[1]։
Նշանակություն
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկման սկզբում հավաքվող տերևները, ընձյուղների վերին մասը։ Եթերային յուղն օգտագործում են նաև սննդարդյունաբերության, օծանելիքի, օղու և լիկյորների արտադրության մեջ[1]։
Ծանոթագրություններ
↑ 1,01,11,2Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN9789939834689.