Պարի Սեն-Ժերմեն կամ ՊՍԺ (ֆր.՝ Paris Saint-Germain), ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Փարիզից։ Ակումբը հիմնադրվել է 1970 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լիգա 1-ում՝ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային հանդիպումները անցկացնում է Պարկ դե Պրենս մարզադաշտում։
Պարի Սեն-Ժերմենը Ֆրանսիայի ամենահաջողակ ակումբն է՝ նվաճած 34 գավաթներով։ ՊՍԺ-ն Ֆրանսիայի միակ թիմն է, որ երբեք դուրս չի մնացել Լիգա 1-ից, Ֆրանսիայի այն 2 ակումբներից է, որ եվրոպական գավաթ են նվաճել, ինչպես նաև՝ համարվում է Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի ամենաշատ երկրպագու ունեցող ֆուտբոլային ակումբներից մեկը։
ՊՍԺ-ն 6 անգամ հաղթել է Լիգա 1-ը, որոնցից 4-ը՝ անընդմեջ մրցաշրջաններում։ Բացի այդ, ակումբը ռեկորդային 11 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը, ռեկորդային 7 անգամ՝ Ֆրանսիայի լիգայի գավաթը և ռեկորդային 7 անգամ նվաճել է Ֆրանսիայի սուպերգավաթը։ Պարի Սեն-Ժերմենը 1-ական անգամ հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը և ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթը։ Ակումբը ունի մրցակցություն Օլիմպիկ Մարսելի հետ։
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն: