Պետական եկամուտներ
Պետական եկամուտներ, գումար, որը կառավարությունը ստանում է հարկային և ոչ հարկային աղբյուրներից, որպեսզի հնարավորություն ունենա, դրա ամբողջական ծախսման դեպքում, ձեռնարկել ոչ գնաճային հանրային ծախսեր։ Պետական եկամուտները և պետական ծախսերը պետական բյուջեի բաղկացուցիչ մասեր են և կառավարության ֆիսկալ քաղաքականության կարևոր գործիքներ։ Եկամուտների հավաքագրումը կառավարության ամենահիմնական աշխատանքն է, քանի որ դրա արդյունքում ձևավորված ռեսուրսները կարևոր են կառավարության ֆունկցիոնալության, հանրային շահին միտված ընդհանուր բարիքի տրամադրման և օրենքների կիրարկման համար․ եկամուտների այսպիսի անհրաժեշտությունը պետական համակարգերի ժամանակակից բյուրոկրատական կառուցվածքի զարգացման կարևոր գործոն էր[1]։
Պետական եկամուտները պետք է տարբերակել պետական պարտքից և փողի թողարկումից, քանի որ վերջին երկուսը գումարի մատարարարման ինտենսիվացման ժամանակավոր միջոցառումներ են՝ առանց պետական եկամուտներն ավելացնելու։
Աղբյուրներ
Գոյություն ունեն մի շարք աղբյուրներ, որոնցից պետությունը կարող է եկամուտ ստանալ։ Ժամանակի ընթացքում պետական եկամուտի ձեռքբերման մեթոդները փոփոխվել են։ Մեր օրերում հիմնական աղբյուրը հարկային եկամուտներն են[1]։ Եվրոպական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ճանաչված հարկատեսակներն են եկամտահարկը, շահութահարկը, սոցիալական անվտանգության վճարները, աշխատավարձի հարկերը, գույքահարկերը (ներառյալ հարստության հարկեր, ժառանգության հարկեր և նվերների հարկեր), ինչպես նաև ապրանքների և ծառայությունների համար սահմանվող հարկեր (ներառյալ ավելացված արժեքի հարկերը, վաճառքի հարկեր, ակցիզներ և տուրքեր[2]։ Բացի դրանից, վիճակախաղերը ևս կարող են զգալի եկամուտ բերել տնտեսությանը։ Օրինակ՝ 2009 թվականի սկզբին Ավստրալիայի կառավարությունը վիճակախաղերի միջոցով խրախուսում էր գումարի ծախսումը՝ այդպիսով ստեղծելով 60 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ նահանգային կառավարությունների համար[3]:
Ոչ հարկային եկամուտներից են պետականության սեփականություն հանդիսացող կորպորացիաներից ստացվող շահույթը, կենտրոնական բանկի եկամուտները, տույժերը, պարտադիր վճարները, ակտիվների վաճառքը և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից արտաքին վարկերի և պարտքերի տեսքով տրամադրվող կապիտալ մուտքերը։ Արտաքին օգնությունը հաճախ զարգացող երկրների համար պետական եկամուտների զգալի աղբյուր է, իսկ որոշների դեպքում՝ նույնիսկ հիմնական աղբյուրը[1]:
Սենյորաժը պետական եկամուտները ավելացնելու եղանակներից մեկն է։ Սենյորաժը ենթադրում է պետության կողմից իր արժույթի արժեքն ավելցուկային եկամուտների դիմաց գնանկում կատարել և գումար խնայել՝ բարձրացնելով ապրանքների գները։
Դաշնային համակարգ ունեցող երկրների դեպքում նահանգային կառավարությունների բյուջեն կարող է ձևավորվել նաև դաշնային գրանտներից։
Քաղաքականություն
Պետությունների մի զգալի մասն ունեն ֆինանսների նախարարներ, ովքեր վերահսկում կամ համակարգում են պետական եկամուտները։ Կառավարությունները կարող են ունենալ նաև առանձին գործող պետական եկամուտների կոմիտե, որն ունի եկամուտների հավաքագրման գործառույթ։
Պատմություն
Պատմության ընթացքում կառավարություների ֆինանսավորման և ունեցվածք ձեռք բերելու եղանակները փոփոխվել են։ Սա արտացոլում է ժամանակի ընթացքում հասարակությունների, տնտեսությունների և կառավարման կառուցվածքային բնույթի փոփոխվող դինամիկան: Հին քաղաքակրթություններում, ինչպիսիք են Միջագետքը, Եգիպտոսը և Հռոմը, պետական եկամուտները հիմնականում գոյանում էին առևտրից և գյուղատնտեսությունից գոյացած հարկերից:
Միջագետք
Հին Միջագետքում, քանի որ նրանք չունեին արժութային համակարգ, տնային տնտեսությունները պարտավոր էին հարկ վճարել ապրանքների տեսքով: Գոյություն ունեին քվեարկության հարկեր, որոնք պահանջում էին, որ յուրաքանչյուր մարդ իշխանություններին նվիրաբերի մեկ կով կամ ոչխար: Ապրանքներ տեղափոխող առևտրականները պետք է մուծեին ճանապարհ կամ կամուրջ օգտագործելու համար նախատեսված պարտադիր վճարներ և մաքսատուրքեր: Հետևաբար, այս տուրքերի նկատմամբ իրենց ծախսերը նվազագույնի հասցնելու համար առևտրականները հաճախ զբաղվում էին մաքսանենգությամբ: Սակայն մաքսանենգության մեջ բռնվելու դեպքում նրանց սպառնում էր պատիժ, օրինակ՝ ազատազրկում:
Հռոմեական կայսրություն
Հռոմեական կայսրությունում հարկերն իրենց բնույթով տարբերվում էին։ Դրանք ենթադրում էին փող աշխատելու չարտոնված բազմաթիվ սխեմաներ։ Կային հատուկ պաշտոնյաներ՝ պուբլիկաններ[4], ովքեր մասնավոր հարկահավաքներ էին, ում վարձում էին նահանգային կառավարիչները՝ պաշտոնական դրույքաչափերը գերազանցող հարկերը հավաքելու համար: Այնուհետև պուբլիկանները համագործակցում էին այլ հարուստ հռոմեացիների հետ՝ բերքահավաքի ժամանակ էժան հացահատիկ գնելով և սղության ժամանակ այն չափազանց գներով վաճառելով։ Նրանք նաև չափազանց բարձր տոկոսադրույքներով (հաճախ ամսական 4% կամ ավել) պարտք էին տալիս կարիքի մեջ գտնվող բնակիչներին: Զարմանալի չէ, որ նրանք Նոր Կտակարանում մշտապես ներկայացվում էին որպես «մեղավորներ»: Յուրաքանչյուր կայսր փորձում էր հասցեագրել ընդլայնվող վարչակազմը ֆինանսավորելու անհրաժեշտությունը։ Ժամանակի ընթացքում հարկային համակարգի բարեփոխման տարբեր փորձեր են արվել։ Ամենաէական փոփոխությունները տեղի ունեցան ավելի ուշ։ Դիոկղետիանոս կայսրը (մ.թ. 284-305թթ.) իրականացրեց գների համընդհանուր սառեցման քաղաքականություն, միաժամանակ իտալացի հողատերերի համար վերականգնեց հողի հարկը, որոնք հիմնականում վճարվում էր ոչ թե գումարով, այլ ապրանքներով: Նա նաև լրացուցիչ տուրքեր սահմանեց առևտրականների համար: Թեև այս քաղաքականությունը տեսականորեն թեթևացնում էր հարկատուների բեռը, այնուամենայնիվ գործնականում դրա կիրարկումը չհաջողվեց հողի հարկի վճարումից հետո գանձնող այլ լրացուցիչ տուրքերի պատճառով։ Ավելին, հարկային բեռն անհամաչափորեն ընկավ տեղի սենատորական դասի վրա՝ վճարումների ցանկացած պակասի արդյունքում վտանգելով նրանց ֆինանսական կայունությունը։ Դիոկղետիանոսի իրավահաջորդ Կոնստանտինը քաղաքային սենատորական դասը ժառանգական դարձրեց։ Սա նշանակում էր, որ եթե նույնիսկ հայրը վատներ ընտանեկան հարստությունը, նրա զավակը, այնուամենայնիվ, կժառանգեր նրա սենատորի կարգավիճակը՝ հարկային պարտավորությունների հետ մեկտեղ։
Խաչակիրներ
12-րդ և 13-րդ դարերում խաչակիրների պետություններում իշխող դասը, որն ընդհանրականորեն հայտնի էր որպես ֆրանկներ, ֆինանսական կառավարման ուշագրավ հմտություններ ուներ։ Սա մեծապես պայմանավորված էր արաբների և հույների ստեղծած վարչական համակարգերը ժառանգելու և օգտագործելու նրանց կարողությամբ: Թեև խաչակիրների պետությունների համար կենսական նշանակություն ունեցող հաստատություններն ի սկզբանե իրենցը չէին, ֆրանկներն իրենց նախորդներից ստացած ժառանգությունը հմտորեն հարմարեցրին իրենց պահանջներին։ Ինչ վերաբերում է եկամտի աղբյուրներին, ֆրանկները, ինչպես և նրանց նախորդները, իրենց գանձարանը հարստացնում էին հետևյալ մեթոդներով՝ 1) Հողի վարձակալության վճարներ, այսինքն՝ վարձակալ գյուղատնտեսների կողմից հողի սեփականատիրոջն արվող վճարումները՝ հողը մշակելու և օգտագործելու արտոնության դիմաց, 2) Նավահանգիստներում գանձվող ներմուծման և արտահանման մաքսատուրքեր, 3) Հանցագործությունների և աննշան իրավախախտումների համար դատապարտված անձանցից դատարանների կողմից գանձվող վճարներ, 4) Ձիթապտղի յուղ ստանալու և գինի պատրաստելու համար խաղող մամլելու մեխանիզմներ, 5) Նավահանգիստներում խարսխման և նավահանգստային ծառայությունների օգտագործման տուրքեր։
Միջին դարեր
Միջնադարում ֆեոդալական տուրքերը հարկման առանձին ձև էին, որոնք սովորաբար վճարվում էին ոչ թե գումարի, այլ ապրանքների և ծառայությունների տեսքով և սահմանված էին սովորույթով։ Եկեղեցին ազատված էր այդ տուրքերից, ուստի միապետները հաճախ վարկ էին վերցնում պետությունից, որը հայտնի էր որպես հարկադիր վարկ։
ԱՄՆ-ի փորձը
1915 թվականին ԱՄՆ-ի պետական եկամտի առաջնային աղբյուրները զգալիորեն տարբերվում էին այժմյան պատկերից։ Եկամուտների գրեթե կեսը գոյանում էր ակցիզային հարկերից՝ ներառյալ ալկոհոլի և ծխախոտի վրա սահմանվածները։ Բացի դրանից, ԱՄՆ-ի պետական եկամուտների 30,1%-ը ստացվում էր մաքսատուրքերից, որոնք գանձվում էին այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար: Սակայն հաջորդ հարյուրամյակի ընթացքում այս պետության եկամուտների առաջնային աղբյուրները դարձան եկամտահարկերը և աշխատավարձերի հարկերը։
Պետական եկամուտների նշանակությունը հակակոռուպցիոն տեսանկյունից
Պետական եկամուտները պետության ֆինանսական միջոցների լրացման հիմնական աղբյուրն են որոնք ստացվում են հարկերի, տուրքերի, տուգանքների, վարձակալությունների, պետական ընկերությունների շահույթի և այլ աղբյուրներից: Քանի որ դրանք օգտագործվում են հանրային կարիքների բավարարման և զարգացման ծրագրերի իրականացման համար, դրանց պատշաճ կառավարման և բաշխման գործընթացը կարևոր նշանակություն ունի պետության հանդեպ հասարակության վստահության պահպանման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում:
Հակակոռուպցիոն տեսանկյունից պետական եկամուտների թափանցիկ և արդյունավետ հավաքագրումը հիմնարար է, քանի որ կոռուպցիոն մեխանիզմները հաճախ կապված են ապօրինի հարկային արտոնությունների տրամադրման պետական միջոցների չարաշահման կամ այլ համանման գործողությունների հետ: Թվային տեխնոլոգիաների ներմուծումը, թափանցիկ հաշվետվողականության մեխանիզմները և հանրային վերահսկողությունը կարող են նպաստել պետական եկամուտների կառավարման բարելավմանը, ինչն էլ նվազեցնում է չարաշահման հնարավորությունը և ապահովում է հանրային միջոցների արդար բաշխում:
Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտե
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն[5] ՀՀ կառավարությանը ենթակամարմին է, որն ապահովում է պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև կատարում հարկային ու մաքսային վարչարարությունը։ Այն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության միաձուլման արդյունում ստեղծվել է 2008 թվականին, 2014 թվականին միացվել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը, իսկ 2016թ. մարտի 1-ի ՆՀ-213Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվեց, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն առանձնացավ: Պետական կառավարման համակարգի մարմինների մասին 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի ապրիլի 9-ից գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Bräutigam, Deborah (2002-07). «BUILDING LEVIATHAN: REVENUE, STATE CAPACITY, AND GOVERNANCE». IDS Bulletin (անգլերեն). 33 (3): 1–17. doi:10.1111/j.1759-5436.2002.tb00034.x.
- ↑ «Definition of Taxes» (PDF). OECD. 1996-04-19.
- ↑ Lye, Jenny; Hirschberg, Joe (2014-09). «Gambling with Stimulus Payments: Feeding Gaming Machines with Federal Dollars». Journal of Gambling Studies (անգլերեն). 30 (3): 713–727. doi:10.1007/s10899-013-9377-6. ISSN 1573-3602.
- ↑ «Publican | Ancient Rome, Tax Collectors, Finances | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ «ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջ». www.src.am. Վերցված է 2024-12-29-ին.