Պերիկորոնիտ
Պերիկորոնիտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | դիմածնոտային վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 523.3 |
ՀՄԴ-10 | K05.2 և K05.3 |
Pericoronitis Վիքիպահեստում |
Պերիկորոնիտ (շուրջպսակաբորբ, պերիկորոնարիտ), ծկթած կամ ոչ լրիվ ծկթած ատամի պսակի շուրջ գտնվող հյուսվածնքերի լորձաթաղանթի, լնդի լորձաթաղանթի բորբոքային պրոցես։ Այն առաջանում է միկրոօրգանիզմների և սննդի մնացորդների ազդեցության հետևանքով, որոնք տեղակայված են գլխանոցի տակ (ատամի պսակը շրջափակող լորձաթաղանթի և պսակի միջև ընկած տարածություն)։
Մեծահասակների մոտ պերիկորոնիտ առաջանում է ավելի հաճախ իմաստության ատամների ոչ լրիվ ծկթման ժամանակ[1]։ Բորբոքման պատճառ կարող է լինել նաև ատամի և լնդերի միջև ընկած տարածության մեջ սննդի մնացորդների առկայությունը, կարիեսի հետևանքով առաջացած պուլպիտը, ինչպես նաև միոֆասցիալ ցավային համախտանիշը քունքստործնոտային (տեմպորոմանիբիբուլյար) հոդի շրջանում։
Դասակարգում
Պերիկորոնիտը լինում է սուր և քրոնիկական։ Ստորին ծնոտի երրորդ մոլյարների ծկթման խնդիրների առկայության ժամանակ հաճախ առաջանում է սուր պերիկորոնիտ, իսկ երեխաների մոտ առաջանում է հիմնականում կաթնատամների ծկթման ժամանակ։
Սուր պերիկորոնիտ
Սուր պերիկորոնիտը իր հերթին լինում է երկու տիպի՝ կատառային և թարախային։ Սուր պերիկորոնիտն առաջանում է շատ արագ, լինում է ջերմության կտրուկ բարձրացում, ավշային հանգույցների մեծացում, բերանի բացման սահմանափակում։ Սուր պերիկորոնիտը կարող է առաջացնել դիմածնոտային շրջանի մի շարք բորբոքային պրոցեսներ, մասնավորապես՝ ֆլեգմոնաներ, թարախակույտեր։
Քրոնիկական պերիկորոնիտ
Պերիկորոնիտը լինում է նաև քրոնիկական (ռեցիդիվ՝ կրկնվող)։ Ընթացքը համեմատաբար հանգիստ է, բայց կարող են լինել սրացումներ։ Հիմնական ախտանիշները կարող են բացակայել, պերկուսիան բացասական է, բերանի բացման սահմանափակում չկա։
Նշաններ և սիմպտոմներ
Ախտանշանները և սիմպտոմները կախված պերիկորոնիտի շուրջպսակաբորբի տեսակից լինում են տարբեր․
- Բորբոքային օջախի շրջաններում ցավ[2]։ Ցավը կարող է տարածվել դեպի կոկրդային, բերանի հատակի, հարականջային և քունքային շրջաններ[2]։ Հնարավոր է նաև ցավի առկայություն ուտելու ընթացքում։
- Շուրջպսակային հատվածի լորձաթաղանթի և փափուկ հյուսվածքների այտուց, կարմրում։ Շոշափման ընթացում ցավոտ են[2]։
- Տհաճ հոտ բերանի խոռոչից, որը պայմանավորված է միկրոօրգանիզմների կենսագործունեության արդյունքում առաջացած սննդանյութերի մնացորդներով[3]։
- Տհաճ թթվային համ բերանի խոռոչում, որը պայմանավորված է թարախային պրոցեսներով[4]։
- Բերանի բացման սահմանափակում, որը պայմանավորված է ծամիչ մկանների թարախակալմամբ կամ բորբոքումով[5]։
- Կլման ընթացքում ցավեր։
- Պարանոցային լիմֆադենիտ (ավշային հանգույցների բորբոքում և մեծացում), հատկապես ենթածնոտային հանգույցների[2]։
- Դեմքի այտուց և կարմրում[2][3]։
- Տենդ։
- Լեյկոցիտոզ (արյան մեջ լիմֆոցիտների քանակի ավելացում)[5]։
- Ախորժակի կորուստ[5]։
Պատճառներ
Պերիկորոնիտի առաջացման հիմնական պատճառը գլխանոցի առաջացումն է և նրա տակ միկրոօրգանիզմների ու սննդի մնացորդների կուտակումը։ Այդ հատվածում դժբվար է պահպանել հիգիենան և արդյունքում շրջակա հյուսվածքներում առաջանում են բորբոքային պրոցեսներ։
Երբեմն բորբոքումը կարող է տարածվել հարևան շրջաններ՝ ենթալեզվային, ենթաստործնոտային, հարշնչափողային, թեաքմային շրջաններ, որը կարող է հանգեցնել մի շարք բարդ հետևանքների, օրինակ շնչառական ուղիների խցանում։
Միկրոօրգանիզմներ
Բերանի խոռոչի վատ հիգիենայի պատճառով ատամը պատող լորձաթաղանթի տակ կուտակվում են միկրոօրգանիզմներ և սննդի մնացորդներ։ Այն հիմնականում առաջանում է ատամների ոչ լրիվ ծկթման հետևանքով։ Պերիկորոնիտը առաջանում է հիմնականում բերանի խոռոչի նորմալ միկրոֆլորայի անաէրոբ միկրոօրգանիզմների՝ մասնավորապես ստրեպտակոկերի և ստաֆիլոկոկերի հետևանքով[6]։ Դա կարող է հանգեցնել աբսցեսի առաջացման։ Բուժման բացակայության դեպքում գլխանոցի տակից բորբոքային հեղուկը տարածվում է դեպի բերանի խոռոչ։
Քրոնիկական պերկորոնիտի ժամանակ փափուկ հյուսվածքների այտուցները գրեթե բացակայում են, սակայն կարող է տեղի ունենալ ցնցումային սրացումներ հիմնականում գրիպների, սթրեսի ժամանակ։
Ատամի ծկթում
Անտագոնիստ ատամի չափից ավելի ծկթումը խորացնում է բորբոքային պրոցեսը՝ նպաստելով ատամի ծկթման խանգարմանը։ Ոչ լրիվ ծկթած ատամները հիմնականում ալվեոլյար ելունում (հիմնականում ստորին երրորդ մոլյարներ) անհրաժեշտ տարածության բացակայության հետևանք են։ Գերկոմպլեկտ ատամները նույնպես բարդեցնում են պրոցեսը։
Կանխարգելում
Եթե ատամը ծկթում է ոչ լրիվ, ապա կանխարգելումը իր մեջ ընդգրկում է բերանի խոռոչի հիգիենայի լավացում, գլխանոցի և ատամի հեռացում։ Վերջին երկու տարբերակները իրականացնում են հիմնականում ռետենցված ատամների ժամանակ։
Բերանի խոռոչի հիգիենա
Հաճախ գլխանոցի կամ ատամի հեռացում չի պահանջվում, բավարար է միայն իրականացնել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա։ Այն իրականացվում է մի շարք նյութերի և գործիքների օգնությամբ, օրինակ՝ փոքր չափերի ատամի խոզանակներ, էլեկտրական իրիգատորներ, ատամնաթելեր։
Գլխանոցի հատում
Այս վիրահատության ընթացքում հեռացվում է ատամը շրջափակող հյուսվածքը՝ գլխանոցը։ Արդյունքում հնարավոր է լինում ապահովել ատամի պսակային հատվածի հիգիենա[3]։ Վիրահատությունը կատարում են հերձադանակի, էլեկտրոկոագուլատորի, լազերների օգնությամբ[3][5][7][8]։
Ատամի հեռացում
Այս դեպքում հեռացվում են այն ատամները որոնք կամ ռետենցված են, կամ ֆիզիոլոգիապես առողջ չեն։ Եթե ռետենցված ատամները չեն առաջացնում ցավեր կամ բորբոքային պրոցեսներ ապա նրանք ենթակա չեն հեռացման[9]։
Պերիկորոնիտով ի սկզբանե ախտահարված ատամների հեռացումը բորբոքման օջախի տարածման և ցավոտ բարդության առաջացման ավելի մեծ ռիսկ է պարունակում, ինչը կարող է հանգեցնել բուժման երկարաձգման։
Բուժում
Քանի որ պերիկորոնիտի ժամանակ շուրջպսակային հատվածների հյուսվածքները բորբոքվում են, բուժման մեջ ընդգրկում են ցավազրկող դեղամիջոցներ, օրինակ՝ լիդոկային։ Բուժման հիմնական նպատակը բորբոքումը վերացնելն է։ Դա կատարվում է մասնագիտական հիգիենայի, գլխանոցի հատման, այտուցված հատվածների հատում և դրենաժավորում կամ ատամի հեռացմամբ[3][7][8]։
Սուր պերիկորոնիտ
Սուր պերիկորոնիտի ժամանակ պետք է անհապաղ սկսել բուժումը[10]։ Իրականացվում է գլխանոցի հատում, հականեխիչ դեղամիջոցներով լվացում, այտուցված հյուսվածքերի դրենաժավորում ըստ ցուցումների հակաբիոտիկների նշանակում։
Գլխանոցը հատելուց հետո, ատամը մաքրում են ատամնաքարերից, սննդի մնացորդներից, միկրոօրգանիզմներից, կատարում են տեղային լվացումներ ֆիզլուծույթով, ջրածնի պերօքսիդով, քլորհեքսիդինով և այլ հակասեպտիկ դեղամիջոցներով։ Հաճախ լվացումը բավարար չի լինում և կատարում են նաև վիրաբուժական միջամտություն, մասնավորապես՝ գլխանոցի հատում և դրենաժավորում։
Անտագոնիստ ատամի առկայության դեպքում մի փոքր տաշում են նաև այդ ատամի պսակային հատվածը։
Հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում կատարել ողողումներ հակասեպտիկ դեղանյութերով տնային պայմաններում։
Վիրահատությունից հետո դիմածնոտային շրջանում այտուցների, ֆլեգմոնանաերի, թարախակույտերի առաջացման դեպքում նշանակվում է անտիբիոտիկներ։ Հիմնականում օգտագործվում են բետտա-լակտամազային անտիբիոտիկներ, ինչպես նաև կլինդամիցին և մետրոնիդազոլ։
Եթե կա շնչառության դժվարացում, դա կարող է խոսել ծանր ախտահարման մասին, պետք է արագ հոսպիտալացնել։
Կանխատեսում
Ատամնաքարերի, սննդի մմնացորդների, միկրոօրգանիզմների հեռացումը, գլխանոցի հատումը, դրենաժավորումը, ատամի հեռացումը հիմնականում կանխում են պերիկորոնիտի կրկնությունը (ռեցիդիվ)։ Եթե ալվեոլյար ելունում առկա է բավարար տարածություն և ատամը առողջ է, հնարավոր է պահպանել ատամը և բերել իր իրական դիրքի։ Հետագա հիգիենայի պահպանումը նույնպես կկանխի հետագայում պերիկորոնիտի առաջացումը, հակառակ դեպքում կարող է կրկնվել և հանգեցնել ավելի բարդ հետևանքների։
Շուրջպսակային թարախակույտը կարող է վերածվել սեպսիսի և բարդեցնել պրոցեսը։ Նույնիսկ լավ իմունիտետ ունեցոս մարդկանց մոտ բորբոքումը կարող է տարածվել շրջակա փափուկ հյուսվածքներ՝ ընդհուպ հարշնչափողային հատված[3]։
Ծանոթագրություններ
- ↑ Чистякова Г.г, Росеник Н.и Оценка морфометрических показателей зубов мудрости // Современная стоматология. — 2011. — В. 2. — ISSN 2077-642X. Архивировано из первоисточника 10 մարտի 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Oral Surgery: with ... 11 tables / Fragiskos D. Fragiskos. — Berlin Heidelberg: Springer, 2007. — С. 122. — 367 с. — ISBN 978-3-540-25184-2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Michael G. Newman, Henry H. Takei, Perry R. Klokkevold, Fermin A. Carranza Carranza's Clinical Periodontology. — 11. ed. — St. Louis: Elsevier Saunders, 2012. — С. 103, 133, 331–333, 440, 447. — 825 с. — ISBN 978-1-4377-0416-7
- ↑ James Victor Soames, J. C. Southam Oral pathology. — 3. ed., reprinted. — Oxford: Oxford University Press, 1999. — С. 114. — 304 с. — (Oxford medical publications). — ISBN 978-0-19-262894-7, 978-0-19-262895-4
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 R. A. Cawson, E. W. Odell, Stephen R. Porter Cawson's essentials of oral pathology and oral medicine. — 7. ed. — Edinburgh New York: Churchill Livingstone, 2002. — С. 82, 166. — 401 с. — ISBN 978-0-443-07105-8, 978-0-443-07106-5
- ↑ Contemporary oral and maxillofacial surgery / James R. Hupp. — 5. ed. — St. Louis: Mosby, 2008. — 714 с. — ISBN 978-0-323-04903-0
- ↑ 7,0 7,1 Ali Borzabadi-Farahani A Scoping Review of the Efficacy of Diode Lasers Used for Minimally Invasive Exposure of Impacted Teeth or Teeth with Delayed Eruption(անգլ.) // Photonics. — 2022-04-17. — В. 4. — Т. 9. — С. 265. — ISSN 2304-6732. — Архивировано из первоисточника 9 հունիսի 2023.
- ↑ 8,0 8,1 Шевела Т.л, Чижик Т.а Хирургические методы лечения хронического перикоронита на амбулаторном приеме // Вестник Совета молодых учёных и специалистов Челябинской области. — 2016. — В. 1 (12). — Т. 1. — С. 52–55. — ISSN 2308-2127. Архивировано из первоисточника 10 մարտի 2023.
- ↑ Thomas B. Dodson The Management of the Asymptomatic, Disease-Free Wisdom Tooth: Removal Versus Retention(անգլ.) // Atlas of the Oral and Maxillofacial Surgery Clinics. — 2012-09. — В. 2. — Т. 20. — С. 169–176. — Архивировано из первоисточника 13 մարտի 2023.
- ↑ Ankur Johri, Joseph F. Piecuch Should Teeth Be Extracted Immediately in the Presence of Acute Infection?(անգլ.) // Oral and Maxillofacial Surgery Clinics of North America. — 2011-11. — В. 4. — Т. 23. — С. 507–511. — Архивировано из первоисточника 10 դեկտեմբերի 2022.
Արտաքին հղումներ
- перикоронит // Большой медицинский словарь. — 2000.
- dentalworld.ru // Перикоронит: причины, симптомы, лечение