Պիեռ Շյոնդյորֆեր
Պիեռ Շյոնդյորֆեր | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 5, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Chamalières, Պյուի-դը-Դոմ, Ֆրանսիա[4] |
Վախճանի թիվ՝ | մարտի 14, 2012[5][1][2][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Կլամար, Օ դը Սեն[4] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, լրագրող և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0006954 |
Պիեռ Շյոնդյորֆեր ( ֆր.՝ Pierre Schoendoerffer. մայիսի 5, 1928[1][2][3][…], Chamalières, Պյուի-դը-Դոմ, Ֆրանսիա[4] - մարտի 14, 2012[5][1][2][…], Կլամար, Օ դը Սեն[4]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, արձակագիր և զինվորական թղթակից, ակադեմիկոս, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի նախագահ 2001-2007 թթ.[9]: Օսկար կինոմրցանակի դափնեկիր «Անդերսոնի դասակի» համար՝ Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ անվանակարգում (1967): Շյոնդյորֆերը առաջին հնդկաչինական պատերազմի վետերան էր, և այդ պատերազմը դարձել է նրա ֆիլմերի մեծ մասի հիմնական թեման:
Կենսագրություն
Շյոնդյորֆերը ծնվել է Էլզասից գաղթածների ընտանիքում, ովքեր ընտրել էին Ֆրանսիայի քաղաքացիությունը: Մանկությունն անցկացրել է Անսիում, որտեղ նրա հայրը հիվանդանոցի տնօրեն էր[10]: 19 տարեկանում Պիեռը որպես նավաստի աշխատանքի է ընդունվել շվեդական մի բեռնանավի վրա և երկու տարի անցկացրել Հյուսիսային և Բալթիկ ծովերում: Այնուհետև զորակոչվել և մեկ տարի ծառայել է բանակում։
Զորացրվելուց հետո Շյոնդյորֆերը ցանկացել է աշխատանքի անցնել կինոյում, բայց փորձ չունենալով՝ նա ոչ մի կինոստուդիա չի կարողացել ընդունվել: 1952 թվականի փետրվարի 20-ին թերթում կարդալով, որ Հնդկաչինում զոհվել է օպերատոր Ժորժ Կովալը, նա դիմել է, որ զբաղեցնի ազատված աշխատատեղը և զինվորագրվել է ռազմական կինեմատոգրաֆիական ծառայությանը (SCA), որի խնդիրն էր լուսաբանել առաջին հնդկաչինական պատերազմը: Այստեղ նրա գործընկերներից մեկը Ռաուլ Կուտարն էր՝ Գոդարի և հենց իր՝ Շյոնդյորֆերի գլխավոր ֆիլմերի ապագա օպերատորը [11]։ Շյոնդյորֆերը առաջին իսկ օրերից նկարահանել է Դիեն Բիեն Ֆուի վճռորոշ ճակատամարտը (1954 թ.) (նա վիրավորվել է հենց սկզբից ու տարհանվել, բայց տասն օր անց վերադարձել է)։ Նախքան ֆրանսիացիների կապիտուլյացիան 1954 թվականի մայիսին՝ նա ոչնչացրել է իր նկարահանած բոլոր ժապավենները, բացառությամբ վեցի, որոնք հույս ուներ փրկել, բայց գերվել է վիետնամցիների կողմից [11]: Գերության մեջ Շյոնդյորֆերին հանդիպել է խորհրդային վավերագրող Ռոման Կարմենը, ով հարցազրույց է վերցրել նրանից ու մի քանի այլ բանտարկյալներից՝ իր «Վիետնամ» ֆիլմի համար (այդ հարցազրույցը տեղ չի գտել ֆիլմում. հավանաբար Կարմենի նպատակն է եղել պարզապես փրկել իր գործընկերոջը) [11]: Փրկված ժապավենները հայտնվել են Կարմենի ձեռքում, և դրանցից որոշ կադրեր ներառվել են նրա ֆիլմում։ Շյոնդյորֆերը գերության մեջ մնացել է ևս մի քանի ամիս, մինչև նրան փոխանակել են[10]։
Հաջորդած մի քանի տարիներին Շյոնդյորֆերն աշխատել է որպես Time-ի և Paris Match--ի ֆոտոլրագրող Հարավային Ասիայում: Հոնկոնգում նա ծանոթացել է գրող Ժոզեֆ Կեսելի հետ, ով նրան հրավիրել է Աֆղանստանում ֆիլմ նկարահանելու իր սցենարի հիման վրա: Սատանայի կիրճը (1958) ֆիլմը, որի ռեժիսորներն են Շյոնդյորֆերը և Ժակ Դյումոնը, դարձավ նաև Կուտարի առաջին օպերատորական աշխատանքը և ընդգրկվեց Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում[12]։
Հաջորդ տարում Շյոնդյորֆերը էկրանավորել է արկածային երկերի հեղինակ Պիեռ Լոտիի երկու վեպը՝ Ռամունչոն և Իսլանդական ձկնորսը[10]։ Այս ֆիլմերը պատշաճ արձագանք չգտան, բայց Շյոնդյորֆերը կարողացավ համոզել դրանց պրոդյուսեր Ժորժ դը Բորեգարին, որ իրեն հնարավորություն տա ֆիլմ նկարահանելու հնդկաչինական պատերազմի թեմայով։ «317-րդ դասակը» (1965, հենց իր՝ Շյոնդյորֆերի վեպի էկրանավորումը) ֆիլմը, որ թշնամական ջունգլիներով ֆրանսիական ջոկատի նահանջի պատմությունն է, դարձավ պատերազմական կինոնկարի նմուշօրինակ, որի ազդեցության մասին հետագայում խոստովանեցին Դասակը ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը և Ապոկալիպսիսը հիմա-ի սցենարիստ Ջոն Միլիուսը[10] [11]:
1966 թվականին Շյոնդյորֆերը մեկնեց Վիետնամական պատերազմի մարտադաշտ, որտեղ նրան կցեցին լեյտենանտ Ջոզեֆ Անդերսոնի ամերիկյան դասակին, որը մտնում էր ԱՄՆ 1-ին հեծելազորային դիվիզիայի կազմի մեջ: Շյոնդյորֆերը վավերագրել է դասակի առօրյան՝ ֆրանսիական ORTF հեռուստաալիքի պատվերով հեռուստաֆիլմ նկարահանելու համար: «Անդերսոնի դասակը» վավերագրական կինոնկարը Շյոնդյորֆերին Օսկար բերեց Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ անվանակագում:
1976 թվականին Շյոնդյորֆերն արժանացավ Ֆրանսիական ակադեմիայի գրական մեծ մրցանակին «Թմբկահար ծովախեցգետինը» վեպի համար, որտեղ գաղութային պատերազմների ծեր մասնակիցների հուշերն են իրենց խիզախ ծառայակցի մասին։ Մեկ տարի անց նա էկրանավորեց իր այդ գիրքը: «Թմբկահար ծովախեցգետինը» (1977) ֆիլմը առաջադրվեց վեց «Սեզար» մրցանակի և շահեց երեքը։
Ռեժիսորի նախավերջին ֆիլմը Dien Bien Phu-ն է՝ ֆրանս-վիետնամական համատեղ ռազմական դրամա (1992), որը պատմում է առաջին հնդկաչինական պատերազմի՝ ֆրանսիացիների համար ողբերգական, վճռորոշ ճակատամարտի մասին։ Նկարահանումները տեղի են ունեցել հենց Վիետնամում՝ վիետնամական բանակի զինվորների ու զինտեխնիկայի մասնակցությամբ։ Այստեղ կազմակերպական աշխատանքներում Շյոնդյորֆերին ակտիվորեն օգնել է վիետնամցի առաջին կին կինոռեժիսոր Բաթ Զիեպը։ Ճակատամարտի դրվագներն այս ինքնակենսագրական ֆիլմում ներկայացված են գրեթե ժամանակագրական ճշգրտությամբ։ Ընդ որում՝ ռազմաճակատային օպերատոր Պիեռ Շյոնդյորֆերի համեստ դերը խաղում է նրա որդին՝ Լյուդովիկ Շյոնդորֆերը։
Պիեռ Շյոնդյորֆերի վերջին՝ «Արքան՝ ամպերի վերևում» ֆիլմը, որը նրա մեկ այլ վեպի էկրանավորումն է, նկարահանվել է 2003 թվականին։
Ռուս արվեստաբան Միխայիլ Տրոֆիմենկովը Շյոնդյորֆերին բնորոշում է որպես «գաղութային պատերազմների, հերոսական պարտությունների «կորած զինվորների» երգչի»։ Ի լրումն Հնդկաչինի պատերազմի՝ նա արտացոլել է նաև Ալժիրի պատերազմը, իր ֆիլմերի հերոսներ դարձրել OAS-ի զինվորներին, որոնց հետ իր ունեցած բարեկամությամբ նա հպարտանում էր: «Թմբկահար խեցգետնի» գլխավոր հերոսի նախատիպը եղել է OAS-ի զինվոր Պիեռ Գիյոմը, ով էպիզոդիկ դեր է խաղացել ֆիլմում, իսկ «Կաաիտանի պատիվը» ֆիլմում (1982 թ.) Շյոնդոերֆերը պաշտպանել է այն տեսակետը, որ Ալժիրում ֆրանսիացի զինվորները կտտանքներ չեն կիրառել. մի տեսակետ, որը հիմնականում կիսում էին աջակողմյան շրջանակներում, բայց որը ժողովրդականություն չէր վայելում ֆրանսիացի մտավորականների շրջանում [11]:
Ռեժիսորական ֆիլմագրություն
Տարին | Վերնագիրը | Նշումներ |
---|---|---|
1958 | Սատանայի կիրճը | Ժակ Դյուպոնի հեղինակակցությամբ |
1959 | Ռամունչո | Միաժամանակ սցենարի հեղինակն է: |
Իսլանդացի ձկնորսը | Միաժամանակ սցենարի հեղինակն է: | |
1965 | 317-րդ դասակը | Միաժամանակ սցենարի հեղինակն է: Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ Լավագույն սցենար անվանակարգում: |
1966 | Նպատակը՝ 500 միլիոն | Միաժամանակ սցենարի հեղինակն է: |
1967 | Անդերսոնի դասակը | Վավերագրական: Միաժամանակ սցենարի հեղինակն է և պրոդյուսերը: «Օսկար»՝ Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում: |
1977 | Թնբկահար ծովախեցգետինը | Միաժամանակ սցենարի հեղինակն է: Առաջադրվել է «Սեզար» կինոմրցանակի՝ Լավագույն կինոնկար և Լավագույն ռեժիսուրա անվանակարգերում: |
1982 | Կապիտանի պատիվը | Միաժամանակ սցենարի հեղինակն է: |
1992 | Դիենբիենֆու | Բաթ Զեպի հեղինակակցությամբ: Միաժամանակ սցենարի հեղինակն է: |
2003 | Արքան՝ ամպերից վեր | Միաժամանակ սցենարի հեղինակն է: |
Մատենագրություն
- 1963 — La 317e section (317-րդ դասակը)
- 1969 - L'Adieu au Roi («Հրաժեշտ արքային»)
- 1976 - Le Crabe-tambour (Թնբկահար ծովախեցգետինը)
- 1981 — Là-haut (էկրանավորվել է «Արքան ամպերի վերևում» վերնագրով)
- 2003 — The Papillon's Aile
Պարգևներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/CG_TOE.jpg/80px-CG_TOE.jpg)
- Մարտական պարգևներ
- Մարտական մեդալ
- Հնդկաչինի պատերազմի խաչ / Croix de guerre des théâtres d'opérations extérieures
- Կամավոր մարտիկի խաչ / Croix du combattant volontaire
- Քաղաքացիական պարգևներ
- Պատվո լեգեոնի շքանշանի հրամանատարական աստիճան
- Վաստակի ազգային շքանշանի սպայական աստիճան / Officier de l'Ordre National du Mérite
- Արվեստների և գրականության շքանշանի սպայական աստիճան / Officier des Arts et Lettres]]
- Ակադեմիական արմավենու շքանշանի ասպետ / Chevalier des Palmes Académiques
- Արվեստագիտական պարգևներ
- 1965: Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ Լավագույն սցենար անվանակարգում - 317-րդ դասակը ֆիլմի համար
- 1967: Օսկար կինոմրցանակ - Անդերսոնի դասակը ֆիլմի համար
- 1967: Իտալիա մրցանակ - Անդերսոնի դասակը ֆիլմի համար
- 1967: Վաստակի մրցանակ (BBC): Անդերսոնի դասակը ֆիլմի համար
- 1969: Ինտերալիե մրցանակ - Հրաժեշտ արքային երկի համար
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 Pierre Schoendoerffer, French Filmmaker, Dies at 83
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ Lauréats depuis 1995 du prix littéraire de l'armée de Terre - Erwan Bergot
- ↑ https://www.defense.gouv.fr/prix-armee-terre/prix-cinema-audiovisuel-pierre-schoendoerffer/biographie-pierre-schoendoerffer
- ↑ «Le cinéaste et romancier Pierre Shoendoerffer est décédé». 20minutes.fr. 14 March 2012. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Pierre Schoendoerffer». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2019-06-16-ին. Վերցված է 2016-05-30-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Трофименков, 2013
- ↑ Bergan, R. (2012-03-15). «Pierre Schoendoerffer obituary». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2018-05-29-ին. Վերցված է 2016-05-31-ին.
Գրականություն
- Трофименков, М. С. Кинотеатр военных действий. — СПб.: Мастерская «Сеанс», 2013. — 656 с. — ISBN 978-5-905669-12-5
Արտաքին հղումներ
- Պիեռ Շյոնդյորֆեր Internet Movie Database կայքում
- International Herald Tribune obituary dated March 14, 2012
- The Daily Telegraph obituary dated March 14, 2012
- (fr) Complete biography from the Académie des Beaux-Arts
- (fr) A short biography
- (fr) Dien Bien Phu: a portrait signed Schoendoerffer, French public channel France 3, News 12h/14h, May 5, 2004
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Շյոնդյորֆեր» հոդվածին։ |
|