Պորտալ հիպերտենզիա
Պորտալ հիպերտենզիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | portal vein thrombosis?, Շիստոսոմոզ, Լյարդի ցիռոզ, ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա և Սրտակրանքի բորբոքում |
Հիվանդության ախտանշաններ | Ջրգողություն, Դեղնախտ, սպլենոմեգալիա և telangiectasia? |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն և digestive system surgery? |
ՀՄԴ-9 | 572.3 |
ՀՄԴ-10 | K76.6 |
Portal hypertension Վիքիպահեստում |
Պորտալային հիպերտոնիան, դռներակի համակարգում ճնշման բարձրացման համախտանիշ է, որն առաջանում է պորտալ անոթներում, լյարդային երակներում և ստորին սիներակում արյան հոսքի խախտմամբ։ Պորտալ հիպերտենզիան ուղեկցվում է սպլենոմեգալիայով, կերակրափողի և ստամոքսի երակների վարիկոզ լայնացումով, ասցիտով և լյարդային էնցեֆալոպաթիայով։
Պատճառագիտություն
Պորտալ հիպերտենզիայի պատճառային գործոնների թվում կարող են լինել.
- Հեպատիտներ, ճարպային հեպատոզ, տարբեր ծագման լյարդի ցիռոզներ (ալկոհոլային, վիրուսային, լեղուղիների), որոնք կազմում են բոլոր պատճառների մոտ 70-80%-ը,
- Լյարդի պորտալ ֆիբրոզ (բորբոքային կամ հետվնասվածքային), Կարոլիի հիվանդություն, միելոֆիբրոզ, ենթաստամոքսային շրջանի օրգանների ուռուցքային հիվանդություններ, մակաբուծական հիվանդություններ (շիստոսոմոզ, էխինոկոկոզ, ալվեոկոկոզ),
- Լյարդի անոթների անոմալիաներ,
- Պիկի կարդիալ ցիռոզ,
- Լյարդի երակների և ստորին սիներակի բնածին և ձեռքբերովի ախտաբանություններ․ Կիարիի հիվանդություն (լյարդի երակների էնդոֆլեբիտ), Բադ-Կիարիի համախտանիշ։
- Պիլեֆլեբիտներ, ֆլեբոսկլերոզ, պորտային երակի թրոմբոզ, դռներակի և նրա ճյուղերի բնածին ստենոզ և ատրեզիա։
Ընդհանուր
Պորտալ հիպերտենզիան ուղեկցվում է սպլենոմեգալիայով (փայծաղի մեծացում), կերակրափողի և ստամոքսի երակների վարիկոզ լայնացմամբ, ասցիտով և լյարդային էնցեֆալոպաթիայով (լյարդային անբավարարություն)։
Նորմալ ճնշումը դռներակի համակարգում 5-10 մմ սս․ է։ 12 մմ սս․-ից բարձր ճնշումը բերում է պորտալ հիպերտենզիայի զարգացմանը։ Երակների վարիկոզ լայնացում դիտվում է, երբ ճնշումը պորտալ համակարգում 12 մմ սս․-ից բարձր է։
Շատ դեպքերում պորտալ հիպերտենզիան հետևանք է լյարդի ցիռոզի, շիստոսոմոզի (էնդեմիկ տարածքներում), լյարդի անոթների կառուցվածքային անոմալիաների։
Եթե պորտալ հիպերտենզիայի դեպքում փոքր լյարդային երակում ճնշումը մեծ է կամ հավասար է 12 մմ սնդիկ սյան, ապա պորտալ համակարգի և համակարգային երակային ցանցի միջև առաջանում է համակողմնային շրջանառություն։ Բերանակցումները (անաստոմոզները) շեղում են պորտալ արյան հոսքի մի մասը լյարդից, որն օգնում է նվազեցնել պորտալ հիպերտենզիան, բայց երբեք այն ամբողջությամբ չի վերացնում։ Բերանակցումներ առաջանում են այն վայրերում, որտեղ մոտ են գտնվում պորտալ և համակարգային երակային ցանցի ճյուղերը՝ կերակրափողի, ստամոքսի, ուղիղ աղիքի լորձաթաղանթում; որովայնի առաջային պատի վրա (պորտային և էպիգաստրալ երակների միջև)։
Պորտալ հիպերտենզիայի ախտորոշումը հաստատվում է կլինիկական գնահատման, պատկերային և էնդոսկոպիկ հետազոտությունների հիման վրա։
Բուժումը բաղկացած է բժշկական և էնդոսկոպիկ միջոցառումներից, որոնք ուղղված են կերակրափողի, ստամոքսի և աղիքների լայնացած երակներից արյունահոսության կանխմանը։ Բուժման վիրաբուժական մեթոդները ներառում են պորտոսիստեմիկ շունտավորում։
Դասակարգում
Դասակարգումը հիմնված է պորտալի բլոկի տեղայնացման վրա
1. Վերլյարդային․
- լյարդի երակային թրոմբոզ (Բադ-Կիարիի համախտանիշ, ուռուցքային ինվազիա);
- ստորին սիներակի խցանում;
- սրտանոթային համակարգի հիվանդություններ (կոնստրիկտիվ պերիկարդիտ, ծանր եռափեղկային անբավարարություն)։
2. Ներլյարդային․
2.1 Նախածոցային․
- Ռանդյու-Օսլերի հիվանդություն;
- լյարդի բնածին ֆիբրոզ;
- լյարդային երակի ճյուղերի թրոմբոզ (ծանր բակտերիալ խոլանգիտ, չարորակ նորագոյացություններ);
- լեղուղիների առաջնային խոլանգիտ, առաջնային սկլերոզային խոլանգիտ;
- գրանուլոմատոզ (շիստոսոմոզ, սարկոիդոզ, տուբերկուլյոզ);
- քրոնիկ վիրուսային հեպատիտ;
- միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ;
- հանգույցիկների հիպերպլազիա;
- իդիոպաթիկ (ոչ ցիռոզային) պորտալային հիպերտենզիա;
- Վիլսոնի հիվանդություն;
- հեմոքրոմատոզ;
- պոլիկիստոզ;
- ամիլոիդոզ;
- թունավոր նյութերի (պղինձ, մկնդեղ, 6-մերկապտոպուրին) ազդեցություն;
2.2 Ծոցային․
- լյարդի ցիռոզի բոլոր դեպքերը;
- սուր ալկոհոլային հեպատիտ;
- ծանր վիրուսային հեպատիտ;
- հղի կանանց սուր ճարպային լյարդ;
- վիտամին A-ով թունավորում;
- համակարգային մաստոցիտոզ;
- լյարդային ծիրանացում;
- ցիտոտոքսիկ դեղամիջոցներ;
2.3 Հետծոցային․
- Երակ-օկլյուզիոն հիվանդություն;
- ալկոհոլային կենտրոնաձև հիալինային սկլերոզ;
3. Ենթալյարդային․
- պորտալ երակների թրոմբոզ;
- պորտալ երակների խորշիկային վերափոխում;
- փայծաղի երակների թրոմբոզ;
- ընդերային զարկերակ-երակային ֆիստուլա;
- իդիոպաթիկ արևադարձային սպլենոմեգալիա.
4. Խառը.
Պորտալի հիպերտենզիայի դասակարգումը՝ ըստ դռներակի համակարգում ճնշման բարձրացման մակարդակի.
- I աստիճան - 250-400 մմ H2O
- II աստիճան - 400-600 մմ H2O
- III աստիճան - ավելի քան 600 մմ H2O
Ըստ կերակրափողի վարիկոզ լայնացման մակարդակի (N.Soehendra, K.Binmoeller 1997)․
- տրամագիծը 5 մմ-ից փոքր - փոքր, երկարաձգված, որը գտնվում է կերակրափողի միայն ստորին երրորդում;
- 5-10 մմ - միջին, ոլորապտույտ, որը գտնվում է կերակրափողի միջին երրորդում;
- ավելի քան 10 մմ - մեծ, լարված, բարակ պատով, որոնք գտնվում են միմյանց մոտ, «կարմիր մարկերներ» երակների մակերեսին։
Կերակրափողի երակների վարիկոզ լայնացման դասակարգման մեկ այլ տարբերակ՝ ըստ դրանց չափի.
- I աստիճան - միայնակ երակներ, որոնք փոքրանում են դրանց վրա էնդոսկոպով սեղմելիս;
- II աստիճան - երակների մի քանի սյուներ, որոնք չեն միաձուլվում կերակրափողի շրջագծի շուրջ, բայց չեն փոքրանում, երբ նրանց վրա ճնշում է գործադրվում էնդոսկոպով.
- III աստիճան - երակները միաձուլվում են կերակրափողի ամբողջ շրջագծի շուրջ։
Պորտալ հիպերտենզիայի ուսումնասիրման ճապոնական գիտական ընկերությունը 1991 թվականին մշակել է կերակրափողի և ստամոքսի երակների վարիկոզ լայնացման (ԵՎԼ) էնդոսկոպիկ նշանների գրանցման կանոններ՝ բաղկացած 6 հիմնական դիրքից.
- ԵՎԼ-ի տարածվածության որոշումը կերակրափողում և ստամոքսի ԵՎԼ-ի տարածվածությունը սրտամկանի նկատմամբ։
- Ձևը (տեսքը և չափը)։
- Գույնը՝ որպես ԵՎԼ-ի պատի հաստության անուղղակի նշան։
- «Կարմիր մարկերներ»՝ տելեանգիէկտազիաներ, «կարմիր բալի» բծեր, հեմատոցիստային բծեր։
- Արյունահոսության նշաններ. սուր արյունահոսության դեպքում դրա ինտենսիվությունը հաստատված է, ինքնածին հեմոստազի դեպքում գնահատվում է թրոմբի բնույթը։
- Փոփոխություններ կերակրափողի լորձաթաղանթի մեջ։
«Կարմիր մարկերների» տեսակները.
- «Կարմիր բալի» բծեր - էնդոսկոպիայի ժամանակ նման են կարմիր գույնի թեթևակի ցցված հատվածների, որոնք գտնվում են ենթալորձաթաղանթի վարիկոզային երակների գագաթներին։ Նրանք ունեն մինչև 2 մմ տրամագիծ, հաճախ բազմակի։ Այս ախտանիշը նկատվում է կերակրափողի երակների վարիկոզով հիվանդների 50%-ի մոտ։
- Հեմատոցիստային բծեր - լայնացած ներէպիթելային երակային հանգույցներ են։ Էնդոսկոպիայի ժամանակ նրանք նման են կարմիր վեզիկուլների, սովորաբար սոլիտար (միայնակ), մոտ 4 մմ տրամագծով։ Այս ախտանիշը նկատվում է կերակրափողի երակների վարիկոզով հիվանդների 8%-ի մոտ։ Հեմատոցիստային բծերը վարիկոզ պատի ամենաթույլ հատվածներն են և առատ արյունահոսության առաջացման վայրը։
- Տելեանգիէկտազիաներ - միկրոշրջանառու հունի փոքր ոլորված անոթների ցանց են, որոնք տեղակայված են ենթաէպիթելային թաղանթում՝ հիմնականում կերակրափողի ստորին երրորդում։
Նշումներ
Գրականություն
- Ерамишанцев А. К. Развитие проблемы хирургического лечения кровотечений из варикозно расширенных вен пищевода и желудка // Анн. хир. гепатол. — 2007. -Т.12, № 2. — С.8-16.
- Шерцингер А. Г., Жигалова С. Б., Мусин Р. А. и др. Осложнения после эндоскопических вмешательств у больных портальной гипертензией // Анн. хир. гепатол. — 2007. — Т.12, № 2. — С.16-21.
- Гарбузенко Д. В. Лечебная тактика при кровотечениях из варикозно расширенных вен желудка // Анн. хир. гепатол. — 2007. — Т.12, № 1.- С.96-103.
- Лебезев В. М., Ерамишанцев А. К., Григорян Р. С. Сочетанные операции в профилактике гастроэзофа-геальных кровотечений у больных с портальной гипертензией // Анн. хир. гепатол. — 2006. — Т.11, № 2. — С.16-20.
- Гарбузенко Д. В. Фармакотерапия портальной гипертензии // Клинич. медицина.- 2004.- № 3. — С.16-20
- Гарбузенко Д. В. Профилактика кровотечений из варикозно расширенных вен пищевода и желудка у больных циррозом печени // Рос. журн. гастроэнтерол., гепатол., колопроктол. — 2004. — Т. 14, № 4. — С. 8-14.
- Ерамишанцев А. К., Киценко Е. А., Нечаенко А. М. Операции на пищеводе и желудке у больных с портальной гипертензией // Клинич. перспективы гастроэнтерол., гепатол. — 2002. — № 6. — С.8-14.
- Гарбузенко Д. В. Патогенез портальной гипертензии при циррозе печени // Рос. журн. гастроэнтерол., гепатол., колопроктол. — 2002. — Т. 12, № 5. — С. 23-29.
- Пациора М. Д. Хирургия портальной гипертензии. — Ташкент։ Медицина, 1984. — 319 с.
- Углов Ф. Г., Корякина Т. О. Хирургическое лечение портальной гипертензии. — Л.։ Медицина, 1964. — 220 с.