Ծնվել է 1958 թվականի ապրիլի 26-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, իտալացի ատաղծագործ Ջովանի Էսպոզիտոյի և աֆրոամերիկացի` օպերային և ակումբային երգչուհի Էլիզաբեթ Ֆոստերի ընտանիքում։ Պատանեկան տարիներն անցել են Դանիայում, ապա ծնողների հետ տեղափոխվել է նախ Էլմսֆորդ (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ), ապա Քլիվլենդ։ 1964 թվականին ընտանիքը վերջնականապես հաստատվում է Նյու ՅորքիՄանհեթեն թաղամաս։ Ավարտել է Նյու Յորքի Էլիզաբեթ Սետոն-քոլեի ռադիոյի և հեռուստատեսության ֆակուլտետը։ 1980 թվականին Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» աֆրոամերիկյան տարբերակով ներկայացվող թատերական ներկայացման մեջ կատարել է իր առաջին խոշոր դերը։ Կինոդեբյուտը կայացել է 1979 թվականին նկարահանված «Վազողը» ֆիլմում։ Բազմաթիվ ֆիլմերում ունեցել է երկրորդական դերեր։ Այդ ֆիլմերի թվում են` «Ակուբ Քոթնը», «Առավելագույն արագացումը», «Գիշերը Երկրի վրա», «Նյու Յորքի թագավորը», «Դեպի ավելի լավ կյանք»։ Խաղացել է նաև ֆրանսիացի երգչուհի Միլեն Ֆարմերի «California» կատարման տեսահոլովակում։ «Ալի» կենսագրական ֆիլմում մարմնավորել է Մուհամմեդ Ալիի հորը։ Մեծ ճանաչում է ստացել «Մայամիի ոստիկանությունը», «Կարգ ու կանոն», «Դետեկտիվ Նեշ Բրիջես» և «Սպանություն․ Կյանքը փողոցում» հեռուստասերիալներում առանձնահատուկ դերեր տանելով, ինչպես նաև «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում Գուստավո Ֆրինգի դերը տանելով։ Այս ամենի հետ մեկտեղ հանդիսանում է նաև ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր։ Զբաղվում է համակարգչային խաղերի և անիմացիոն ֆիլմերի հնչյունավորմամբ։