Դեռ պատանեկան տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրաունսվիլ, Թեքսաս։ 1973 թ. գեղարվեստի բակալավրի կոչում է ստացել Հյուսթոնի համալսարանում, որն ավարտելուց հետո դիմում է ներկայացրել Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի անկախ ուսումնական ծրագրին։ Դիմումին կից կար հացի երկու կտորի արանքում սենդվիչի նման դրված նրա աշխատանքի լուսապատկերը։ Շնաբելին իսկույն ընդունեցին։ Մաքառելով արվեստի աշխարհում՝ բուֆետի խոհարար է աշխատել և հաճախել Max's Kansas City ռեստորան-գիշերային ակումբը՝ միաժամանակ աշխատելով իր գործերի վրա։ 1975 թ. բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Հյուսթոնի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարչի գործունեությանը զուգահեռ՝ նկարահանել է երեք ֆիլմ, որոնց սցենարի հեղինակն է. «Բասկիա». կենսագրական ժապավեն նկարիչ Ժան-Միշել Բասկիայի մասին, «Քանի դեռ գիշերը չի իջել»` կուբացի բանաստեղծ Ռեյնալդո Արենասի ինքնակենսագրական գրքի էկրանացումը, որի պրոդյուսերն է նաև, «Սկաֆանդրը և թիթեռը»` Ժան-Դոմինիկ Բոբիի հուշագրության կինոտարբերակը։