Ռեկտոր
Ռեկտոր (լատին․՝ rector- ղեկավարել, կառավարել), բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար, տնօրեն, գործադիր մարմին։ Նաև հոգևոր միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատության տնօրեն։ Վերածննդի դարաշրջանում ռեկտոր կոչում էին գլխավոր ուսուցչին, բազմաթիվ դասարաններ ունեցող դպրոցի ղեկավարին։ Ֆրանսիայում ուսումնական շրջանը՝ «Ակադեմիան» ղեկավարող անձին կոչում են ռեկտոր։
Ընտրություն
Ըստ ՀՀ սահմանադրության և ԲՈՒՀ-ի կանոնադրության ընտրվում է ԲՈւՀ-ի խորհրդում՝ (առնվազն քսան հոգուց կազմված) բաց մրցույթի կարգով, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու տարի անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը։ Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն։ Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է գիտական խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է գիտական խորհրդի որոշումը։ Ռեկտորը ի պաշտոնե մտնում է գիտական խորհրդի կազմի մեջ և նախագահում է գիտական խորհուրդը։
Ռեկտորի իրավունքներ ու պարտականություններ
Ռեկտորը գործում է ԲՈՒՀ-ի անունից միանձնյա՝ առանց լիազորագրի և ամբողջական պատասխանատվություն է կրում ԲՈւՀ-ի աշխատանքի արդյունքների համար[1]։
- Ռեկտորը ներկայացնում է ԲՈՒՀ-ի շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում,
- ՀՀ օրենսդրությամբ, հիմնադիրի և լիազորված պետական մարմնի որոշումներով կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ,
- տալիս ցուցումներ, որոնք պարտադիր են ԲՈՒՀ-ի կոլեկտիվի անդամների համար։
- Ռեկտորն իր իրավասության շրջանակներում ղեկավարում է ԲՈՒՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային գործունեությունը,
- կազմակերպում է ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը,
- հրավիրում է Բուհի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը,
- կատարված աշխատանքի մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԲՈՒՀ-ի խորհրդին,
- ապահովում է ԲՈՒՀ-ի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը և այլն։
- Ռեկտորը չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեկտոր» հոդվածին։ |
|