Ռոն Հուլդաի
Ռոն Հուլդաի | |
Կուսակցություն՝ | Ավոդա |
---|---|
Կրթություն՝ | Թել Ավիվի համալսարան և Հերցլիյա հրեական գիմնազիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, Ռազմաօդային ուժերի սպա, կործանիչ օդաչու, գործարար և դաստիարակ |
Դավանանք | հուդայականություն |
Ծննդյան օր | օգոստոսի 26, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Հուլդա, Gezer Regional Council, Ռամլա, Կենտրոնական մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Պարգևներ | |
Ռոն Հուլդաի (եբրայերեն՝ רון חולדאי, օգոստոսի 26, 1944, Հուլդա, Gezer Regional Council, Ռամլա, Կենտրոնական մարզ, Իսրայել), Թել Ավիվի քաղաքապետ (1998 թվականից)։ Նախքան Թել Ավիվի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը Հուլդաին ծառայել է Իսրայելի ռազմաօդային ուժերում որպես ռազմական օդաչու և օդուժի հրամանատար։ Ռազմական կարիերայից հետո ընդգրկվել է գործարար աշխարհում, այնուհետև Թել Ավիվում եղել է Հերցլիա եբրայական գիմնազիայի տնօրենը։
Կենսագրություն
Ռոն Հուլդաին ծնվել է 1944 թվականին Հուլդա կիբուցում (ազգանունը վերցված է կիբուցի անունից), Լոձից Պաղեստին գաղթած լեհ ծնողների ընտանիքում։ Ունեցել է 2 եղբայր։ Նրա հայրը՝ Օզերը, եղել է կիբուցի հիմնադիրներից և տեղի դպրոցի տնօրենը, մայրը` Հանկան, ուսուցիչ էր և կիբուցում գլխավորում էր խաղերի և ներկայացումների կազմակերպումը[1]։ Հուլդաին մեծացել է կիբուցում։ Ավարտել է Թել Ավիվի համալսարանի պատմության ֆակուլտետը, Մոնտգոմերիի Օբերն համալսարանը, Մոնտգոմերիի Մաքսվել օդուժի բազայի Օդային պատերազմների քոլեջը և Փենսիլվանիայի Ուորթոնի դպրոցի ընդլայնված կառավարման ծրագիրը։
Ռազմական ծառայություն և քաղաքականություն
1963 թվականին Հուլդաին զորակոչվել է Իսրայելի պաշտպանության բանակ և միացել է Իսրայելի օդուժին, եղել մարտական օդաչու և սպա։ Վեցօրյա պատերազմի ժամանակ մասնակցել է «Մոկեդ» օպերացիային, կործանել թշնամու երեք ինքնաթիռ, մասնակցել բազմաթիվ առաքելությունների։ Հուլդաին մի քանի ավագ հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում եղել է Նևաթիմ, Հացերիմ ավիաբազաների, Ռազմական օդաչուների վերապատրաստման դպրոցի հրամանատար, Իսրայելի օդուժի քաղաքացիական շինարարության ծրագրերի պետական պատվիրակ և համակարգող։ 1989 թվականին բրիգադի գեներալ կոչումով թողել է Իսրայելի օդուժը։
1989 թվականի պաշտոնաթողությունից հետո զբաղվել է մասնավոր գործունեությամբ։ Շուրջ երկու տարի Նիգերիայում զբաղվել է օդորակիչների վաճառքով, այնուհետև վերադարձել է Իսրայել։ 1992-1998 թթ. եղել է Հերցլիա եբրայական գիմնազիայի տնօրենը։
Լինելով Իսրայելի լեյբորիստական կուսակցության անդամ՝ Հուլդաին առաջին անգամ Թել Ավիվի քաղաքապետ է ընտրվել 1998 թվականին, վերընտրվել է 2003 թվականին՝ ստանալով ընտրողների ձայների 62 %-ը[2], 2008 թվականին ստացել է ընտրողների ձայների 50.6%-ը[3], 2013 թվականին վերընտրվել է 3-րդ անգամ՝ ստանալով ընտրողների ձայների 47%-ը։
Ծանոթագրություններ
- ↑ «המירוץ אחר הגבינה». הארץ (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Mayor of the Month for March 2012: Ron Huldai, Mayor of Tel Aviv». City Mayors. 2012 թ․ մարտի 5. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Somfalvi, Attila (2008 թ․ նոյեմբերի 12). «Khenin Loses to Huldai, Promises to Continue Battle from Knesset». Ynetnews. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն Հուլդաի» հոդվածին։ |
|