Ռոջեր Հարգրիվս

Ռոջեր Հարգրիվս
անգլ.՝ Roger Hargreaves
Ծննդյան անունանգլ.՝ Charles Roger Hargreaves
Ծնվել էմայիսի 9, 1935(1935-05-09)[1][2]
ԾննդավայրCleckheaton, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1988(1988-09-11)[3][1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրԳերնսի, Միացյալ Թագավորություն
Գրական անունMr. Rogers
Մասնագիտություննկարազարդող, գրող և մանկագիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ուշագրավ աշխատանքներMr. Men?
ԶավակներAdam Hargreaves?
Կայքmrmen.com

Ռոջեր Հարգրիվս (անգլերեն՝ Roger Hargreaves. մայիսի 9, 1935(1935-05-09)[1][2], Cleckheaton, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 11, 1988(1988-09-11)[3][1][2], Գերնսի, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ծաղրանկարիչ, պատկերազարդող և մանկագիր։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին որպես Mr. Men / «Պարոնայք տղամարդիկ», Little Miss / «Փոքրիկ միսս» և Timbuctoo/ «Տիմբուկտու» շարքերի ստեղծող, որոնք նախատեսված են մանուկ ընթերցողների համար։ Նրա հեղինակած պարզ, հումորային պատմությունները՝ համարձակ, վառ գունավոր նկարազարդումներով, ամբողջ աշխարհում վաճառվել են ընդհանուր առմամբ ավելի քան 85 միլիոն օրինակ տպաքանակով՝ լույս տեսնելով 20 լեզուներով[4]:

Ծնունդ

Չարլզ Ռոջեր Հարգրիվսը ծնվել է 1935 թվականի մայիսի 9-ին Անգլիայի Արևմտյան Յորքշիր կոմսության Քլեքհիտոն քաղաքի Բաթ Ռոուդ 1 հասցեում գտնվող մասնավոր հիվանդանոցում։ Մեծացել է Ալֆրեդ Ռեջինալդ և Էթել Մերի Հարգրիվսների ընտանիքում, Քլեքհիտոնի Հալիֆաքս Ռոուդ 703 հասցեում գտնվող տանը[5], որի պատին ներկայումս հուշատախտակ է փակցված նրա պատվին։

Կյանքի վաղ շրջան

Հարգրիվսը հաճախել է Sowerby Bridge Grammar School դպրոցը (ներկայումս՝ Trinity Academy Sowerby Bridge)[6]: Այնուհետև մեկ տարի աշխատել է հորը պատկանող լվացքատանն ու քիմմաքրման կետում, ապա աշխատանքի անցել գովազդի ոլորտում[4][7]: 1968 թվականին եղել է Foote, Cone & Belding գործակալության ստեղծագործական տնօրենը, գրել է այս կարգի կարգախոսներ. "Emigrate to Canada Dry (for the sake of your Scotch)" / «Արտագաղթիր Կանադա չոր (հանուն քո սքոչի)»[8]: Ի սկզբանե ցանկանալով դառնալ մուլտիպլիկատոր՝ 1971 թվականին նա ստեղծել է հերոսների հաջող շարք, որն օգտագործվում էր Askit Powders հեռուստատեսությամբ՝ գովազդի նպատակով (դրանք օգտագործվել են 1971-ից 1994 թվականներին)[9]։

Կարիերա

1971 թվականին լոնդոնյան մի ֆիրմայում որպես ստեղծագործական տնօրեն աշխատելիս Հարգրիվսը գրել է «Պարոնայք տղամարդիկ» / Mr. Men շարքի առաջին գիրքը՝ «Միստր Թիքլը»: Սկզբում դժվարանում էր իր այդ գրքի համար հրատարակիչ գտնել, բայց երբ գտավ, գիրքը շատ արագ մեծ հաջողություն ունեցավ և երեք տարվա ընթացքում վաճառվեց ավելի քան մեկ միլիոն օրինակ տպաքանակով: Այդ շարքի գրքերի հիման վրա 1974 թվականին ստեղծվեց BBC-ի անիմացիոն հեռուստասերիալ[10]. ընդ որում՝ պատմողը անգլիացի ճանաչված դերասան Արթուր Լոուն էր։ Հաջորդ տարի հայտնվեց երկրորդ սերիան՝ նոր վերնագրերով:

1976 թվականին Հարգրիվսը թողեց իր ամենօրյա աշխատանքը ֆիրմայում և ամբողջովին նվիրվեց ստեղծագործական աշխատանքի։ 1981 թվականին հրատարակեց Little Miss / « Փոքրիկ միսս» մատենաշարը, իսկ 1983 թվականին այն վերածվեց հեռուստասերիալի, որտեղ պատմողները երկուսն էին՝ Փոլին Քոլինզը և նրա ամուսինը՝ Ջոն Օլդերտոնը: Թեև Հարգրիվսը գրել է բազմաթիվ այլ մանկական երկեր, այդ թվում՝ 25 գրքից բաղկացած «Timbuctoo» շարքը, «John Mouse and the Roundy» և «Squarey» գրքերը, նա առավել հայտնի է 46 գրքից բաղկացած «Պարոնայք տղամարդիկ» և 33 գրքից բաղկացած «Փոքրիկ միսս» մատենաշարերով:

Մահ

1975-1982 թվականներին Հարգրիվսն իր ընտանիքով ապրում էր Գերնսիում: Այնուհետև նրանք բնակություն հաստատեցին Քենթ կոմսության Քաուդեն քաղաքի մոտ գտնվող Սասեքս Հաուս ագարակում:

Ռոջեր Հարգրիվսը մահացել է կաթվածից, 1988 թվականի սեպտեմբերի 11-ին՝ 53 տարեկան հասակում, Քենթ և Սասեքսի հիվանդանոցում: Թաղվել է Քաուդենում, որի եկեղեցուն կից գերեզմանատանը հարող հողակտորը նախօրոք գնել էր, որպեսզի իրեն այնտեղ թաղեն[11]։ Նրա մահից հետո որդին՝ Ադամը, շարունակեց հոր գործը. գրեց ու նկարեց՝ Պարոնայք տղամարդիկ և Փոքրիկ միսս մատենաշարերը համալրելով նոր պատմություններով (միաժամանակ ստորագրելով շապիկները հոր ստորագրությամբ): 2004 թվականի ապրիլին Հարգրիվսի այրին՝ Քրիստինեն, Պարոնայք տղամարդիկ մատենաշարի իրավունքները 28 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառեց բրիտանական Chorion ժամանցային խմբին[12]։ 2011 թվականի դեկտեմբերին Chorion-ն իր հերթին Mr. Men ապրանքանիշը և դրա հետ կապված ապրանքային բիզնեսը վաճառեց ճապոնական Sanrio-ին[13]:

2021 թվականի մարտի 4-ին Ռոջեր Հարգրիվսին հետմահու շնորհվել է Blue Peter ոսկե կրծքանշան։

Ընտանիք

Հարգրիվսն ու նրա կինը ունեին չորս երեխա՝ Ադամը, Ջայլսը և երկվորյակներ Սոֆին ու Ամելիան: Ասում են՝ Պարոնայք տղամարդիկ մատենաշարի կերպարներից առաջինն ստեղծվել է այն ժամանակ, երբ Հարգրիվսի որդին՝ Ադամը, որն այն ժամանակ 8 տարեկան էր, հարցրել է հորը, թե ինչ տեսք ունի թրթուրը: Հարգրիվսը նկարել է կլոր, նարնջագույն մարմնով և երկար ձեռքերով մի կերպար, որը դարձել է պարոն Թիքլը:

Ռոջեր Հարգրիվսի մատենաշարերը

  • Mr. Men / Պարոնայք տղամարդիկ
  • Little Miss / Փոքրիկ միսս
  • Walter Worm / Վալտեր Վորմ
  • Once Upon a Worm
  • John Mouse / Ջոն Մաուս
  • Things / Բաներ
  • Albert Elephant, Count Worm and Grandfather Clock / Ալբերտ փիղը, կոմս Վորմը և Պապիկ ժամացույցը
  • I am / Ես եմ...
  • Timbuctoo / Տիմբուկտու
  • Hippo Potto and Mouse / Հիպո Պոտտո և Մուկ
  • Easy Peasy People (Գրեյ Ջոլլիֆի հեղինակակցությամբ)
  • Roundy and Squarey / Կլորիկ և քառակուսի

Երևակումներ այլ գրքերում

Պարոնայք տղամարդիկ մատենաշարի որոշ գրքերում Հարգրիվսն է նկարված: Նա հայտնվում է նաև հետևյալ գրքերում.

  • Mr. Small / Պարոն Սմոլ
  • Little Miss Star / Փոքրիկ միսս աստղ

Հիշատակ

Google-ը նշել է Ռոջեր Հարգրիվսի ծննդյան 76-ամյակը՝ 2011 թվականի մայիսի 9-ին իր համաշխարհային գլխավոր էջում տեղադրելով Google Doodle-ների 16 մասանոց մի շարք[14]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 «People of 1988: Obituaries», 1989 Britannica Book of the Year, Chicago: Encyclopædia Britannica, Inc., 1989, ISBN 0-85229-504-9
  5. Heward, Margaret (18 October 2007). «You need dedication to be tickled orange». Spenborough Guardian. Johnston Press Digital Publishing. Վերցված է 14 March 2008-ին.
  6. Sowerby Bridge High Old Boy or Girl at Halifax Courier. Retrieved 25 May 2015
  7. «Let's Go to Misterland». BBC Radio 4. Վերցված է 9 May 2011-ին.
  8. Tait, Amelia (18 August 2021). «How the Mr Men made their millions». New Statesman. Վերցված է 26 August 2021-ին.
  9. Made in Scotland, by Carol Foreman
  10. "Mr Men to return in new TV series", BBC News, 15 April 2007
  11. John Malam (2004). «Hargreaves, (Charles) Roger». Oxford Dictionary of National Biography (online ed.). Dictionary of National Biography. doi:10.1093/ref:odnb/76335. ISBN 978-0-19-861412-8. Վերցված է 9 May 2011-ին. (Subscription or UK public library membership required.)
  12. «Mr Men join Chorion in £28m deal». Evening Standard. UK. Արխիվացված է օրիգինալից 23 June 2011-ին. Վերցված է 9 May 2011-ին.
  13. Mark Sweney (6 December 2011). «Mr Men bought by Hello Kitty owner». The Guardian. UK.
  14. «Mr Men Google doodles celebrate 76th birthday of creator Roger Hargreaves». The Telegraph. London. 9 May 2011. Վերցված է 9 May 2011-ին.

Արտաքին հղումներ