Սաարա դե լա Սիեռա (իսպ.՝ Zahara de la Sierra), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 72 կմ² տարածք։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 1400[5]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 124 կիլոմետր է։ Անդալուսիայի այսպես կոչված՝ սպիտակ քաղաքներից մեկն է. շինությունների բացարձակ մեծամասնությունը կառուցված է սպիտակ քարով։ Մերձակայքում է գտնվում Անդալուսիայի բնության կարևոր հուշարձաններից մեկը՝ Գարգանտե Վերդե կիրճը։
Պատմություն
Արաբական տիրապետության շրջանում բնակավայրը՝ շրջապատի նկատմամբ ունեցած իշխող, բարձր դիրքի և Սևիլյայի ու Ռոնդայի միջակայքում գտնվելու շնորհիվ ռազմավարական կարևոր նշանակություն է ձեռք բերել, և արաբներն այստեղ բերդ են կառուցել, որի ավերակները պահպանվել են մինչև օրս։ Արաբներն այստեղ իշխել են մինչև 1407 թվականը։ 1481 թվականինԳրանադայի էմիրության մուսուլմանները վերանվաճել են Սաարա դե լա Սիեռան, և դա առիթ է դարձել, որ կաստիլիացիներն սկսեն ռեկոնկիստան՝ հարյուրավոր տարիներ ձգված ազատագրական պատերազմը արաբ զավթիչների դեմ։ 1483 թվականին կաստիլիացիները, Կադիսի դուքս Ռոդրիգո Պոնսե դե Լեոնի հրամանատարությամբ, վերջնականապես ազատագրել են քաղաքն արաբներից։