Սեքստոս Պոմպեոս (մ․ թ․ ա․ մոտ 75-35), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։ Գնեոս Պոմպեոսի երկրորդ որդին։ Հոր մահից (48) հետո Աֆրիկայում (48-46) և Իսպանիայում (46-44) պատերազմել է Հուլիոս Կեսարի դեմ, որի մահից (44) հետո ծերակույտը նրան նշանակել է նավատորմի հրամանատար։ Զավթելով Սիցիլիան, Սարդինիան և Կորսիկան՝ Սեքստոս Պոմպեոսը ապաստան է տվել փախստական ստրուկներին և ծովից շրջափակել Իտալիան։ 43 թվականին 2-րդ եռապետությունը Սեքստոս Պոմպեոսին հայտարարել է օրենքից դուրս, սակայն 39 թվականին հարկադրված պայմանագիր է կնքել նրա հետ և նշանակել ծովային ուժերի հրամանատար։ Բայց հակամարտություն ները չեն վերացել։ 36 թվականին Սեքստոս Պոմպեոսը Սիցիլիայի մոտ երկու ծովամարտում պարտվել է Օկտավիանոսի զորավար Մարկոս Ագրիպպային, փախել Փոքր Ասիա, որտեղ սպանվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 375)։