Վիլեն Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլեն Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1938[1] (86 տարեկան) Գառնահովիտ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | Ուղեղային արյան շրջանառության ֆարմակոլոգիա ուղեղային արյան շրջանառության վրա ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների բացահայտում |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Վիլեն Պարույրի Հակոբյան (մայիսի 1, 1938, Գառնահովիտ, Արագածոտնի մարզ, ՀԽՍՀ), հայ դեղագետ, բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1978), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1994), թղթակից անդամ՝ (1990)[2], Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
1954-1960 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1961-1962 թվականներին եղել է Արթիկի շրջանի Հոռոմ գյուղի գյուղական բժշկական տեղամասի վարիչ, 1962-1964 թվականներին՝ ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, 1964-1968 թվականներին՝ ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող։ 1967 թվականին Երևանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1968-1972 թվականներին եղել է ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող, 1971-1972 թվականներին՝ ԵՊԲԻ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1972-1980 թվականներին՝ ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, 1972-1979 թվականներին՝ ԵՊԲԻ արտասահմանյան ուսանողների ֆակուլտետի դեկան, 1977 թվականին Կազանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1980-1994 թվականներին ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 1979-1983 թվականներին եղել է ԵՊԲԻ բուժական ֆակուլտետի դեկան, 1986-1987 թվականներին՝ ԵՊԲԻ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1980-1994 թվականներին ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 1987-2006 թվականներին՝ ԵՊԲՀ ռեկտոր, 1994-2006 թվականներին՝ ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնի վարիչ։ 2011 թվականից ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական։ 2006 թվականից ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2010 թվականից՝ Իզմիրլյան (Սուրբ Ներսես Մեծ) գիտաբժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ[3][4]։
Հասարակական գործունեություն
1982 թվականին եղել է ԽՍՀՄ Ֆարմակոլոգների 5-րդ համագումարի հանրապետական կազմկոմիտեի համանախագահ, 1988-2006 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» ամսագրի գլխավոր խմբագիր, 1993 թվականին՝ Իրանի ֆիզիոլոգիայի և ֆարմակալոգիայի 11-րդ միջազգային գիտաժողովի սեկցիայի նախագահ, 1993 թվականին՝ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի «Փորձարարական և կլինիկական ֆարմակոլոգիա» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ (Մոսկվա), 1996 թվականին Եվրոպական նյարդաքիմիական ընկերության 11-րդ միջազգային գիտաժողովի «Մոլեկուլներ/մեթոդներ» սիմպոզիումի նախագահ (Գրոնինգեն), 1996 թվականին՝ Իրանի իսլամական հանրապետության «Բժշկական միջազգային ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ (Թեհրան) և Բժշկական խմբագրությունների միջազգային ընկերության «Հույս» նախագծի մասնակից (Վիրջինիա), 1997 թվականից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2000 թվականին՝ ԵՊԲՀ հիմնադրման 70-ամյա տարելիցին նվիրված գիտական միջազգային համաժողովի նախագահ, 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյա տարելիցին նվիրված գիտական կոնֆերանսի նախագահ, 2003 թվականից Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, 2005 թվականին՝ Ծերունական հասակի բժշկությանը նվիրված 3-րդ միջազգային գիտաժողովի համանախագահ (Երևան), 2006 թվականից ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի վարիչ, 2010 թվականից «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Գիտական գործունեություն
Հեղինակ է 322 գիտական աշխատության, 7 մենագրության, 3 դասագրքերի, 11 ուսումնամեթոդական ձեռնարկների, 21 հեղինակային արտոնագրերի։
Գիտական գործունեությունը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության վրա էնդոգեն ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների բացահայտմանը, գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման գործընթացում գամմա-ամինակարագաթթվի (ԳԱԿԹ) և նման նյութերի դերի ուսումնասիրությանը նորմայում և տարբեր պաթոլոգիական պայմաններում, գլխուղեղի հեմոդինամիկ, մետաբոլիկ և մորֆոլոգիական վիճակների վրա շարժողական ակտիվության սահմանափակման (հիպոկինեզիայի) ազդեցության հետազոտությանը, ինչպես նաև դիտվող խանգարումների շտկման հնարավոր ուղիների հայտնաբերմանը, սրտանոթային համակարգի վրա ազդող նոր ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի սկրինինգին[5]։
Վիլեն Հակոբյանը ստեղծել է օրգանիզմի ինտեգրալային ֆունկցիաների, հատկապես գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման գործընթացում ԳԱԿԹ-ի և նման նյութերի համակարգի եզակի դերի վերաբերյալ յուրօրինակ հայեցակարգ, որը լայն ճանաչում է ստացել աշխարհի շատ երկրներում[5]։
Պարգևներ
- ԽՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեի դիպլոմ (1990)
- Ալբերտ Շվեյցերի ոսկե մեդալ (1998)
- Մխիթար Հերացու մեդալ (1998)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2000)
- Մոսկվայի «Ամենափրկիչ Քրիստոսի տաճար» կաթողիկոսության երախտավորագիր, 2000
- Երևանի պատվավոր քաղաքացի (2000)
- Վերնադսկու անվան ոսկե աստղ (2001)
- «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ, (2001)
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ (2002)
- ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալ (2002)
- ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի 10-ամյակի ոսկե մեդալ (2003)
- Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2003
- Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից «Սուրբ Սահակ–Սուրբ Մեսրոպ» շքանշան (2004)
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2005)
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ (2005)
- ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2005)
- Սպարապետ Վ. Սարգսյանի անվան մեդալ (2011)
- ՀՀ պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժերի 20-ամյակ» հոբելյանական մեդալ (2012)
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2012)
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2013)[6]։
Աշխատություններ
- Երևանի բժշկական ինստիտուտ 1930-1990.- Երևան։ Լիգանդ, 1991.- 233 էջ ;
- Երևանի պետական բժշկական համալսարան.- Երևան։ Ամարաս, 2000.- 225 էջ ;
- Ֆարմակոլոգիա.- Երևան։ Լույս, 1989.- 619 էջ ;
- Влияние гамма-аминомасляной кислоты на мозговое кровообращение.- Ереван: Изд-во АН АрмССР, 1985.- 124 с.[7] ։
Ծանոթագրություններ
- ↑ http://www.sci.am/members.php?mid=13&langid=2
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
- ↑ Վիլեն Հակոբյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Վիլեն Պարույրի Հակոբյան, ծննդյան 60 ամյակի առթիվ(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 54. ISBN 99930-1-001-7.
{cite book}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Վիլեն Հակոբյան». opac.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլեն Հակոբյան» հոդվածին։ |
|