Տիլիտներ (անգլ.՝ tillit, < till - գլաքարային կավ), հին մորեններ, որոնք կազմված են խտացման, երբեմն էլ մետամորֆիզմի ենթարկված կոպտաբեկոր չտեսակավորված գոյացումներից։ Բաղկացած են մանրահատիկ զանգվածից, որի մեջ ընդգրկված են տարբեր տրամաչափի և բաղադրության գլաքարեր։ Տիլիտներին բնորոշ են շերտայնության բացակայությունը և սառցադաշտային ակոսներով գլաքարերի առկայությունը։ Տիլիտների հիմնական զանգվածի հատիկաչափական վերլուծությունները ցույց են տալիս 0,06 մմ֊ից և նույնիսկ 0,03 մմ-ից փոքր ֆրակցիայի մեծ կամ տիրապետող դերը, այսինքն տիլիտների հիմնական զանգվածը ամբողջությամբ կազմված է «սառցադաշտային ալյուրից»։ Տիլիտների մեջ առկա են հողմահարման նկատմամբ անկայուն միներալների թարմ հատիկներ։ Տիլիտների համադրումը անթրոպոգենային մորենների հետ թույլ է տալիս ստանալ սառցադաշտային նստվածքակուտակման ընդհանուր պատկերը[1][2][3][4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 6)։