Օբերոն (անգլերեն՝ Oberon, կամ The Elf King's Oath), գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի ռոմանտիկական օպերա (գերմաներեն՝ romantische Oper) երեք գործողությամբ։ Անգլերեն լիբրետտոն Ջեյմս Ռոբինսոն Պլանշեի ըստ Քրիստոֆ Մարտին Վիլանդի «Օբերոն» պոեմի։ Առաջնախաղը կայացել է 1826 թ. ապրիլի 18-ին Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոնում։
Օբերոնը Վեբերի վերջին օպերան է։ Այն իրենից ներկայացնում է առանձին, խայտաբղետորեն միմյանց հաջորդող պատկերների մի շարք, որտեղ գեղարվեստական մեծ ազատությամբ միահյուսվում են ֆանտաստիկան և իրականությունը, գերմանական կենցաղային երաժշտությունը արևելյանի, էկզոտիկականի հետ[2]։