«Bad Blood», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգն է իր «1989» անվանումը կրող հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը որպես այդ ալբոմի չորրորդ սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 17-ին[1]։ Սինգլ տարբերակում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը։ Երգը գրվել է Թեյլոր Սվիֆթի, Մաքս Մարտինի և Shellback-ի կողմից, իսկ Քենդրիկ Լամարը երգի նոր տարբերակի համար գրել է իր հատվածը։ Երգը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում՝ դառնալով «1989» ալբոմի երրորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[2]։
Երգի բառեր
Խոսելով երգի մասին՝ Սվիֆթը հարցազրույցներից մեկում նշել է, որ երգի բառերը մի երգչուհու մասին են, ում անունը չի ցանկանում հայտարարել։ Սվիֆթը ասել է, որ չնայած իրենք երկար տարիներ իրար հետ շփվել են, սակայն ինքը վստահ չի եղել, թե արդյոք իրենք ընկերներ են, թե ոչ։ Սվիֆթի խոսքերով՝ այդ երգչուհին փորձել է խանգարել իր համերգային շրջագայություններից մեկը և ցանկացել է ավելի մեծ գումարով գնել այն մարդկանց, ովքեր աշխատել են իր համար[3]։ Ըստ մի շարք հրատարակչությունների, ինչպիսիք են՝ «Billboard», «Rolling Stone», «Time» և Վաշինգտոն Փոստը, այդ անհայտ երգչուհին, ում անունը Սվիֆթը չի նշում, Քեյթի Փերրին է[4][5][6][7]։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ժոզեֆ Կանը, նկարահանվել է 2015 թվականի ապրիլի 12-ին Լոս Անջելեսում[8]։ Ժոզեֆ Կանը նաև եղել է երգչուհու «Blank Space» երգի տեսահոլովակի ռեժիսորը[9]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 17-ին Billboard Music Awards մրցանակաբաշխությունում, իսկ այնուհետև տեղադրվել է երգչուհու VEVO ալիքում[10]։ Տեսահոլովակում նկարահանվել են մի շարք հայտնի աստղեր, ովքեր իրենք են ընտրել իրենց կերպարի անունը[11]։ Տեսահոլովակը թողարկման առաջին 24 ժամում հավաքել է 20.1 միլիոն դիտում և գերազանցել է ռեփեր Նիքի Մինաժի«Anaconda» երգի տեսահոլովակին, որն իր թողարկման առաջին 24 ժամում դիտվել էր 19.6 միլիոն անգամ[12]։ 2015 թվականի օգոստոսի 30-ին տեսահոլովակը ստացել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակը MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում[13]։
Սյուժե
Տեսահոլովակի սկզբում Թեյլոր Սվիֆթը և Սելենա Գոմեսը կռվում են մի խումբ տղամարդկանց հետ ինչ-որ գրասենյակում։ Երբ նրանք հաղթում են բոլոր տղամարդկանց, Գոմեսը հանկարծակի հարվածում է Սվիֆթին, և նա պատուհանից ցած է ընկնում։ Սվիֆթը սկսում է կատարել երգը այն ժամանակ, երբ ցած է ընկնում ջարդված մեքենայի վրա։ Հաջորդ կադրում Քենդրիկ Լամարը սկսում է կատարել իր ռեփ հատվածը, իսկ Սվիֆթն այդ ընթացքում բուժզննում է անցնում։ Որոշ ժամանակ անց, երբ նա լիովին ապաքինվում է, իր ընկերուհիների հետ սկսում է նախապատրաստվել Գոմեսից վրեժ լուծելու համար։ Երբ նա և իր թիմակիցները վերջնականապես պատրաստ են լինում, նրանք հանդիպում են Գոմեսին և նրա թիմին մի վայրում, որտեղ շուրջբոլորը կրակ է։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Սվիֆթը և Գոմեսը, մոտենալով իրար, ապտակում են միմյանց։
Տեսահոլովակը դրական ընդունելության է արժանացել հանդիսատեսի և երաժշտական քննադատների կողմից։ «Time» ամսագրի լրագրող Դանիել Դադարիոն սա համարել է Սվիֆթը ամենամշակված տեսահոլովակը, ինչպես նաև այն համեմատել է «Մեղքերի քաղաքը» (2005) ֆիլմի հետ[14]։ «Billboard» ամսագրի Էրին Սթրեքերը նմանություն է գտել այս տեսահոլովակի և երգչուհի Բրիթնի Սփիրսի «Toxic»/«Womanizer» երգերի տեսահոլովակների միջև, որոնց ռեժիսորը նույնպես Ջոզեֆ Կանն է[15]։ «Slate» ամսագրի լրագրող Շերան Շեթին գրել է, որ տեսահոլովակում այնքան շատ հայտնի աստղեր են նկարահանվել, որ այն կարելի է ֆիլմ համարել[16]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։