Boston (խումբ)
Boston | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ժանրեր | հարդ ռոք |
Գործունեություն | 1976 |
Լեյբլ | Epic Records |
Կայք | bandboston.com |
![]() |
Boston (անգլ.՝ Boston), ամերիկյան ռոք խումբ՝ կազմավորված Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, 1975 թվականին։ Խմբի հիմնական անդամներն են մուլտիգործիքավորող, հիմնադիր, և խմբի առաջնորդ Թոմ Շոլցը, ով կատարել է խմբի՝ 1976 թվականի «Boston» անունով դեբյուտային ալբոմի մեծ մասի գործիքային կատարումները, և նախկին գլխավոր վոկալիստ Բրեդ Դելպը՝ մի շարք այլ երաժիշտների հետ, ովքեր փոխվել են ալբոմից ալբոմ։
«Boston»-ը 1970-1980-ական թվականներին զգալի հաջողությունների է հասել։ Նրանց ամենահայտնի երգերն են՝ «More Than a Feeling», «Peace of Mind», «Foreplay/Long Time», «Rock and Roll Band», «Smoking», «Don't Look Back», «A Man I'll Never Be», «Hitch a Ride», «Party»,«Amanda» և «Feelin' Satisfied»։ Խումբը վաճառել է ավելի քան 75 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 31 միլիոն ԱՄՆ-ում, որոնցից 17 միլիոնը խմբի դեբյուտային ալբոմն է, իսկ 7 միլիոնը՝ երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Don't Look Back» (1978) ՝ դարձնելով խումբը 63-րդ տեղը՝ աշխարհի ամենաշատ վաճառվող երաժշտական արտիստների ցանկում[1][2]։ Ընդհանուր առմամբ, խումբը թողարկել է վեց ստուդիական ալբոմ՝ ավելի քան 50 տարվա գործունեության ընթացքում։ 1980-ական թվականներից սկսած՝ «Boston»-ի ձայնագրությունների քանակը նվազել է։ «Third Stage», «Walk On» և «Corporate America» ալբոմները թողարկվել են ութ տարի ընդմիջումներով, իսկ վերջինս՝ «Life, Love & Hope» (2013), թողարկվել է տասնմեկ տարի անց[3]։ Այնուամենայնիվ, խումբը շարունակել է կենդանի ելույթներ ունենալ և երբեմն ակնարկել է յոթերորդ ստուդիական ալբոմի մասին[4]։
2007 թվականին՝ երկարամյա հիմնական վոկալիստ Բրեդ Դելպի մահից հետո, մի շարք երգիչներ են փոխարինել նրան, այդ թվում խմբի մենակատար Սթրայփերը և վոկալիստ Միքայել Սուիթը։ 2013 թվականից խմբի գլխավոր վոկալիստն է Թոմի ԴեԿարլոն։ Խմբի ներկայիս մյուս անդամներն են կիթառահար Գարի Փիլը, բաս կիթառահար Թրեյսի Ֆերին, թմբկահար Ջեֆ Նիլը և վոկալիստ/բազմագործիքային երաժիշտ Բեթ Քոհենը[5]։
Պատմություն
Վաղ տարիներ (1969 - 1975)
Թոմ Շոլցը սկսել է երաժշտություն գրել 1969 թվականին, երբ սովորում էր Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում (MIT): Այնտեղ նա ստեղծեց «Foreplay» անունով գործիքային ստեղծագործությունը[6]։ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում սովորելու ընթացքում Շոլցը միացավ «Freehold» խմբին, որտեղ հանդիպեց կիթառահար Բարի Գուդրոյին և թմբկահար Ջիմ Մասդեային, ովքեր հետագայում դարձան «Boston» խմբի անդամներ[7]։ 1970 թվականին խումբը համալրեց վոկալիստ Բրեդ Դելպը։ Շոլցը, ավարտելով MIT-ի մեխանիկական ինժեներիայի մագիստրոսական ծրագիրը, սկսեց աշխատել «Polaroid» ընկերությունում։ Իր աշխատավարձից ստացած գումարը նա օգտագործեց իր նկուղում ձայնագրման ստուդիա կառուցելու և պրոֆեսիոնալ ստուդիաներում դեմո ձայնագրություններ ֆինանսավորելու համար։ Այս վաղ դեմո ձայնագրությունները ձայնագրվում էին տարբեր ժամանակահատվածներում՝ Դելպի վոկալով, Գուդրոյի կիթառով, Մասդեայի թմբուկներով, իսկ Շոլցը նվագում էր կիթառ, բաս և ստեղնաշարային գործիքներ։ Այս ձայնագրությունները ուղարկվում էին ձայնագրման ընկերություններին, բայց անընդհատ մերժվում էին[8]։ 1973 թվականին Շոլցը ստեղծեց «Mother's Milk» խումբը՝ Դելպի, Գուդրոյի և Մասդեայի հետ[8], սակայն խումբը ցրվեց 1974 թվականին, բայց Շոլցը, Դելպը և Մասդեան ստեղծեցին վեց նոր դեմոներ, որոնց մեջ էին ներառված «More Than a Feeling», «Peace of Mind», «Rock and Roll Band», «Something About You» (նախկինում կոչվում էր «Life Isn't Easy»), «Hitch a Ride» (նախկինում կոչվում էր «San Francisco Day») և «Don't Be Afraid» երգերը։ Շոլցը նշել է, որ 1974 թվականի վերջում ավարտել են վեց դեմոներից չորսը, իսկ «More Than a Feeling» և «Something About You» ստեղծագործությունները ավարտել են 1975 թվականին[9][10]։ Շոլցը նվագել է դեմոներում բոլոր գործիքները, բացի թմբուկներից, որոնք նվագել է Մասդեան, և օգտագործել է իր ստեղծած հատուկ էֆեկտները՝ ցանկալի կիթառային հնչյունները ստանալու համար[11]:
Այս վերջնական դեմո ձայնագրությունը գրավել է պրոմոութերներ Փոլ Էհրնի և Չարլի ՄաքՔենզիի ուշադրությունը։ Այդ ժամանակ Մասդեան լքեց խումբը։ Շոլցի խոսքով՝ ղեկավարները պահանջել են փոխարինել Մասդեային, որպեսզի խումբը պայմանագիր կնքի ձայնագրման ընկերության հետ։ Տարիներ անց Դելպը լրագրող Չաք Միլլերին ասել է. «Ջիմն ինքն էր ասում, որ կորցնում է թմբուկ նվագելու հանդեպ հետաքրքրությունը։ Գիտեմ, որ Թոմը շատ վատ էր զգում տեղի ունեցածից։ Բայց հետո, այնուամենայնիվ, մենք շարունակեցինք»[12][13]։ Շոլցն ու Դելպը, Մասդեայի հեռանալուց հետո, Էհրնի և ՄաքՔենզիի շնորհիվ պայմանագիր կնքեցին «Epic Records»-ի հետ։ Մինչև պայմանագրի վերջնական հաստատումը խումբը ստիպված էր կենդանի ելույթ ունենալ ձայնագրման ընկերության ղեկավարների համար։ Այդ նպատակով Շոլցն ու Դելպը հավաքեցին նոր կազմ՝ Գուդրոյին կիթառի, Ֆրեն Շիհանին բասի և Սիբ Հաշյանին թմբուկների վրա։ Շոլցի խոսքով՝ Մասդեան պահանջում էր, որ փորձնական ելույթի ընթացքում թմբուկների սոլո կատարի[14]։ Շոլցը նշել է. «Փորձից մեկ օր առաջ մենք քննարկում էինք մի քանի բան՝ փորձելով ոգեշնչել բոլորին, և այս մարդն ասաց՝ «Կարծում եմ՝ պայմանագիրը չենք ստանա, եթե չլինի թմբուկների մի գեղեցիկ սոլո հենց մեջտեղում»։ Մենք միայն մեկ ամիս է, ինչ աշխատում էինք սրա վրա, այնպես որ հրավիրեցինք Սիբին, ում բավական երկար ժամանակ ճանաչում էի»[14]։ Ելույթը հաջող անցավ, և խումբը պայմանավորվեց վեց տարվա ընթացքում թողարկել 10 ալբոմ[8][12]։ Բացի Մասդեայի հեռացումից, ձայնագրման լեյբլը պահանջում էր, որ Շոլցը դեմո ձայնագրությունները վերաձայնագրի պրոֆեսիոնալ ստուդիայում։ Սակայն Շոլցը նախընտրում էր աշխատել իր նկուղային ստուդիայում՝ իրեն հարմար ձևով[8]։ Շոլցը և պրոդյուսեր Ջոն Բոյլանը մշակեցին ծրագիր՝ խմբի մնացած անդամներին ուղարկելով Լոս Անջելես՝ լեյբլի պահանջները բավարարելու համար, մինչ Շոլցը աշխատում էր տնից[8]։ Նվագախմբային ձայնագրությունները տեղափոխվեցին Լոս Անջելես, որտեղ Դելպը ավելացրեց վոկալը, իսկ Բոյլանը կատարեց ալբոմի մշակումը։ Այդ ժամանակ խումբը կոչվեց «Boston»՝ Բոյլանի և ինժեներ Ուորեն Դյուիի առաջարկով[8]։
Boston և «Don't Look Back» (1976 - 1978)
Խմբի առաջին ալբոմը՝ «Boston», թողարկվել է 1976 թվականի օգոստոսի 25-ին և համարվում է ԱՄՆ պատմության ամենավաճառված դեբյուտային ալբոմներից մեկը՝ վաճառվելով ավելի քան 17 միլիոն օրինակով[15][16]։
1976 թվականի վաղ աշնանը «Boston»-ը մեծ ուշադրություն գրավեց` ձայնագրությունների վաճառքի շնորհիվ։ Սակայն, ըստ Կամերոն Քրոուի (Rolling Stone), կար «գիտակցված ջանք՝ թուլացնելու Շոլցին`որպես «Boston»-ի ստեղծագործական ուղեղ»[17]։ Նույն աշնանը խումբը հանդես եկավ «Black Sabbath», «Blue Öyster Cult», «Foghat» և այլ խմբերի հետ, իսկ ձմռանն ու գարնանը (1976–1977) շրջագայություն կատարեց՝ աջակցելու ալբոմի վաճառքին[18]։ Շնորհիվ սրա՝ խումբը դարձավ ռոք երաժշտության առաջատար խմբերից մեկը, ինչը նաև խումբը դարձրեց Գրեմմիի «Լավագույն նոր կատարող» մրցանակի թեկնածու[18][19]։ «Boston»-ն առաջին խումբն էր պատմության մեջ, որը Նյու Յորքի իրենց դեբյուտային համերգը անցկացրեց «Madison Square Garden»-ում[17]։
Առաջին ալբոմից երեք սինգլ՝ «More Than a Feeling», «Long Time» և «Peace of Mind», ընդգրկվեցին ազգային չարթերում[18]։ Ալբոմը «Billboard 200»-ում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և մնաց չարթերում 132 շաբաթ[20]։
Չնայած մենեջեր Փոլ Էհրնի հետ խնդիրներին և նրա ու գործընկեր Չարլզ ՄաքՔենզիի միջև հակամարտության մեջ ներքաշվածությանը՝ Շոլցը երկու տարի անց ավարտեց «Boston»-ի երկրորդ ալբոմի աշխատանքը՝ հիմնականում աշխատելով միայնակ[17]։ Երկրորդ ալբոմը՝ «Don’t Look Back», թողարկվեց «Epic»-ի կողմից,1978 թվականի օգոստոսին[21]։ Այդ ժամանակահատվածի համար դա համարվում էր ալբոմների միջև երկար ընդմիջում, սակայն Շոլցը «Don’t Look Back»-ը համարում էր հապճեպ կատարած աշխատանք և հատկապես դժգոհ էր ալբոմի երկրորդ մասից[22]։ Ընդհանուր առմամբ, ալբոմը նախորդի համեմատ վաճառվեց երկու անգամ քիչ՝ հասնելով 7 միլիոն օրինակ վաճառքի[23]։
Հաջորդեց ևս մեկ շրջագայություն, որի ընթացքում խումբը հանդես եկավ «AC/DC»,«Black Sabbath», «Van Halen» և «Doobie Brothers» խմբերի հետ[24][25][26], և ալբոմի գլխավոր սինգլը՝ «Don’t Look Back», դարձավ լավագույն հնգյակում ընդգրկված հիթ, իսկ «A Man I'll Never Be» և «Feelin’ Satisfied» սինգլները համապատասխանաբար մտան լավագույն 40 և լավագույն 50 հորիզոնականների մեջ։ Չնայած հաջողությանը՝ Շոլցի և Էհրնի հարաբերությունները լիովին փչացան[27]։ Իր ստուդիայում իրականացվող տեխնիկական փոփոխությունների պատճառով Շոլցը երկար ժամանակ ձգձգեց «Boston»-ի երրորդ ալբոմի աշխատանքը։ Նա նպատակ ուներ ալբոմն ավարտել իրեն հարմար ժամանակահատվածում և բարձր չափանիշներին համապատասխան։

Սոլո նախագծեր և «CBS» - ի դատավարություն (1979 - 1985)
1979 թվականի վերջին Թոմ Շոլցը սկսեց գրել նոր ստեղծագործություններ, սակայն «Boston»-ի նախկին համաղեկավար Փոլ Էհրնը պնդեց, որ Շոլցի հետ տարիներ առաջ կնքված համաձայնագրի համաձայն՝ Շոլցի բոլոր նոր ստեղծագործությունների որոշակի տոկոսը պատկանում է իրեն։ Այս վեճը ավելի երկարաձգեց նոր ալբոմի թողարկման աշխատանքները[27]։ Շոլցն առաջարկեց, որ մինչ այդ խմբի անդամները կարող են զբաղվել իրենց անհատական նախագծերով։ Այնուհետև Գուդրոն որոշեց ձայնագրել սոլո ալբոմ, որտեղ ներգրավեց «Boston» խմբի անդամներին՝ Դելպին, ով ալբոմում կատարեց վոկալային հատվածները և համահեղինակեց երգեր, և Սիբ Հաշյանին։ Ալբոմը ձայնագրվեց «Պոլ Գրուփի» օգնությամբ[28], որը ծանոթ էր Շոլցի ստուդիական տեխնիկային[18]։ 1980 թվականին թողարկված այս ալբոմը, որը վերնագրված էր «Barry Goudreau», ներառում էր փոքր հաջողություն գրանցած սինգլը՝ «Dreams»-ը։ Լարվածություն առաջացավ, երբ «CBS»-ի մարքեթինգը Գուդրոյի սոլո ալբոմը կապեց «Boston»-ի հայտնի կիթառային հնչողության հետ, չնայած որ Շոլցը այդ ալբոմում չէր մասնակցել[22][29]։ Շոլցը առարկեց գովազդային տեքստին, սակայն դա անկարևոր դարձավ, երբ «Epic»-ը դադարեցրեց ալբոմի առաջխաղացումը՝ հետաքրքրության բացակայության պատճառաբանությամբ։ 1981 թվականին՝ Շոլցի հետ հանդիպումից հետո,Գուդրոն հեռացվեց խմբից։ Նույն հանդիպման ընթացքում Դելպը հայտարարեց, որ ինքը նույնպես լքում է «Boston» խումբը, սակայն խոստացավ ձայնագրել և ավարտել ալբոմի համար նախատեսված շրջագայությունը։ Այնուհետև Գուդրոն ձևավորեց «Orion the Hunter» խումբը։ Իսկ երբ «Third Stage» ալբոմի շրջագայությունը 1988 թվականին ավարտվեց, Դելպը միացավ Գուդրոյին, և նրանք համատեղ ձայնագրեցին «Return to Zero» ալբոմը։
Մինչ Շոլցը և Դելպը նոր նյութ էին ձայնագրում «Boston» խմբի երրորդ ալբոմի համար՝ «CBS» ընկերությունը ներկայացրեց 60 միլիոն դոլար արժողությամբ հայց՝ մեղադրելով Շոլցին պայմանագրի խախտման մեջ, քանի որ նա ժամանակին չէր տրամադրել նոր ալբոմը[18]։
Այս նույն ժամանակահատվածում Շոլցը հիմնեց իր բարձր տեխնոլոգիական ընկերությունը՝ «Scholz Research & Development (SR&D)», որը զբաղվում էր երաժշտական էլեկտրոնային սարքերի և ուժեղացուցիչների արտադրությամբ։ «SR&D»-ի ամենահայտնի արտադրանքը՝ «Rockman» ուժեղացուցիչը, ներկայացվեց 1982 թվականին[30]։
Իրավական խնդիրները դանդաղեցրեցին հաջորդ ալբոմի ավարտը, որի ձայնագրումն ու արտադրությունը տևեց վեց տարի։ Ալբոմի մշակմանը կրկին մասնակցեցին Դելպն ու Ջիմ Մասդեան[31]։ 1985 թվականին կիթառահար Գերի Փիլը լքեց Սեմի Հեյգարի համերգային խումբը՝ միանալու Շոլցին` որպես երաժիշտ և «SR&D»-ի գործադիր[18]։ «CBS»-ի և Շոլցի դատական գործընթացի ընթացքում «CBS»-ը որոշեց զրկել Շոլցին հոնորարներից՝ փորձելով ստիպել նրան համաձայնվել ոչ բարենպաստ պայմաններով։
Դատական գործընթացի առաջին փուլն ավարտվեց Շոլցի օգտին, և նա տեղափոխեց խումբը «MCA Records»[18]։
«CBS»-ի գործունեությունը տևեց յոթ տարի, և 1990 թվականի ապրիլին Շոլցը հաղթանակ տարավ[18]։
Third stage (1986 - 1988)
Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ «Boston» խմբի երրորդ ալբոմի աշխատանքները շարունակվեցին։ 1983 թվականին ստուդիայից հրապարակվեց ալբոմի «Amanda» երգի ձայնագրությունը։ Այն դարձավ գլխավոր սինգլը, երբ «Third Stage» ալբոմը վերջապես թողարկվեց՝ 1986 թվականի սեպտեմբերի 23-ին[32]։
Ալբոմը գլխավորեց «Billboard 200»-ը, իսկ «Amanda» երգը դարձավ թիվ մեկ սինգլը «Billboard Hot 100»-ում։ Հաջորդ սինգլները՝ «We're Ready»-ն և «Can'tcha Say»-ը, հասան համապատասխանաբար 9-րդ և 20-րդ տեղերին[18]։ «Cool the Engines» երգը ևս մեծ լսարան ձեռք բերեց ռոք ռադիոկայաններում։ Ալբոմը վաճառվեց ավելի քան 4 միլիոն օրինակով[33]։
Խումբը 1987 և 1988 թվականներին մեկնեց շրջագայության՝ «Third Stage»-ը առաջխաղացնելու։ Համերգների ընթացքում ալբոմը ներկայացվեց ամբողջությամբ՝ երգերի ընդլայնված գործիքավորումների ուղեկցությամբ։ «Boston»-ը համերգները սկսում էր «Rock and Roll Band» երգով, որի համար հրավիրել էին սկզբնական թմբկահար Ջիմ Մասդեային։ Շրջագայության ընթացքում խմբին միացան Դագ Հաֆմանը և Դեյվիդ Սայքսը, ովքեր խմբում մնացին մինչև 1990-ականների կեսերը[18]։
Դելպի հեռացումը և «Walk On» (1989 - 1996)
1988 թվականի «Third Stage Tour»-ից հետո Բրեդ Դելպը հեռացավ «Boston» խմբից և Բարրի Գուդրոյի հետ ձևավորեց «RTZ» խումբը՝ թողարկելով «Return to Zero» ալբոմը` 1991 թվականի հուլիսին։ Դելպի հեռանալուց հետո Թոմ Շոլցը մնաց խմբի միակ հիմնադիր անդամը։ Մինչև իր հեռանալը, Դելպը Շոլցի և Դեյվիդ Սայքսի հետ համատեղ գրել էր «Walk On» երգը, որը հետագայում դարձավ նոր ալբոմի գլխավոր երգը[34]։
Շոլցը, ի վերջո, Դելպի փոխարեն հրավիրեց Ֆրան Կոսմոյին, որը նախկինում հանդես էր եկել Գուդրոյի «Orion the Hunter» խմբում և մասնակցել էր Գուդրոյի` 1980 թվականի սոլո ալբոմի ձայնագրություններին։
«Third Stage»-ի թողարկումից հետո Թոմ Շոլցը կրկին առերեսվեց իր ստուդիայի վերանորոգման աշխատանքներին, ինչի արդյունքում «Walk On» ալբոմի աշխատանքները տևեցին ութ տարի։ Ալբոմը թողարկվեց 1994 թվականի հունիսին։ «Walk On» ալբոմը ԱՄՆ-ում արժանացավ պլատինե հավաստագրման «RIAA»-ի կողմից և զբաղեցրեց 7-րդ տեղը «Billboard Top 200 Albums» հիթ-շքերթում՝ չնայած «Boston»-ի նախորդ ալբոմների համեմատ այն չհասավ լավագույն հնգյակում ներառվելու հաջողությանը[18]։ Ալբոմից առանձնացավ միայն մեկ հիթ՝ «I Need Your Love», որը լայնորեն հնչում էր ռոք ռադիոկայաններում[18]։
Շոլցը ցանկանում էր համերգային շրջագայություն կազմակերպել նոր ալբոմի համար, սակայն պարզվեց, որ Դելպից բացի ոչ ոք չէր կարող «Boston»-ի դասական երգերը կատարել։ Այդ պատճառով Շոլցը 1994 թվականի վերջում խնդրեց Դելպին կրկին միանալ խմբին։ Դելպի վերադարձից հետո «Boston»-ի առաջին ելույթները տեղի ունեցան 1994 թվականի դեկտեմբերի 12-13-ին Քեմբրիջի «House of Blues»-ում՝ երկու բարեգործական համերգների շրջանակում։ Այդ միջոցառումների ընթացքում խումբը $5000-ական դոլար նվիրաբերեց «Globe Santa»-ին և «Operation Christmas in Fall River»-ին[35]։
«Boston»-ը շրջագայեց 1995 թվականի ամռանը՝ հանդես գալով վոկալիստներ Ֆրեն Կոսմոյի և Բրեդ Դելպի համատեղ ելույթներով։ Այդ ընթացքում թմբկահար Դուգ Հաֆմանը փոխարինվեց Քերլի Սմիթով, ով նախկինում եղել էր «Jo Jo Gunne» խմբի անդամ[18]։ 1995 թվականի «Livin' For You» շրջագայության ավարտից հետո Թոմ Շոլցը հայտարարեց «Boston»-ի լավագույն հիթերի հավաքածուի թողարկման մասին։ Ի սկզբանե ալբոմը նախատեսված էր թողարկել 1996 թվականի օգոստոսին, սակայն տարբեր պատճառներով դրա թողարկումը հետաձգվեց, և վերջնականապես լույս տեսավ 1997 թվականին[18]։
Աշխարհահռչակ հիթեր և Ամերիկա (1997 - 2006)
1997 թվականին «Boston» խումբը թողարկեց իր հավաքածուի ալբոմը՝ «Boston»: Աշխարհահռչակ հիթեր, որը ներառում էր խմբի բոլոր հիթային սինգլները՝ բացառությամբ «We’re Ready», «Can’tcha Say (You Believe In Me)/Still In Love» և «I Need Your Love» երգերի։ Ալբոմում նաև ընդգրկված էին երեք նոր ստեղծագործություններ՝ «Higher Power», «Tell Me» և «Star Spangled Banner»-ի գործիքային տարբերակը։
1997 թվականի վերջում խմբից հեռացան Քերլի Սմիթը և Դեյվիդ Սայքսը, ովքեր հետագայում միասին ձայնագրեցին ալբոմ[36]։
1998 թվականին Շոլցը վերադարձավ ստուդիա՝ աշխատելու խմբի հինգերորդ ալբոմի վրա, որը հետագայում ստացավ «Corporate America» անվանումը։ Ալբոմի գլխավոր երգը՝ «Corporate America»-ն, 2002 թվականի սկզբին Շոլցը տեղադրեց MP3.com կայքում ՝ «Downer's Revenge» կեղծանունով[37]։ Այդ քայլը նպատակ ուներ ստուգելու երգի գրավչությունը երիտասարդ լսարանի համար։ Երգը երկու շաբաթ շարունակ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ կայքի «Պրոգրեսիվ ռոք» երաժշտության չարթերում[37]։
2002 թվականի նոյեմբերին «Corporate America» ալբոմը թողարկվեց անկախ՝ «Artemis Records» լեյբլի կողմից։ Այս ալբոմը ներառում էր «Boston» խմբի պատմության մեջ ամենամեծ կազմը․ վերադարձած անդամներից էին Բրեդ Դելփը և Ֆրան Կոզմոն՝ ռիթմ կիթառով և գլխավոր վոկալով, Թոմ Շոլցը՝ գլխավոր կիթառով և ստեղնաշարով, ինչպես նաև Գարի Փիլը՝ կիթառով։ Նոր անդամներն էին Էնթոնի Կոզմոն՝ ռիթմ կիթառով, Ջեֆ Նիլը՝ հարվածայիններով, և Քիմբերլի Դահմեն՝ բաս կիթառով, ակուստիկ կիթառով և վոկալով։ Դահմեն, Դելփը և Կոզմոն բոլորն էլ իրենց մասնակցությունն ունեցան ալբոմի գլխավոր վոկալներում։ Սակայն «Artemis Records»-ի կողմից պատշաճ առաջխաղացման բացակայության պատճառով Թոմ Շոլցը դատական հայց ներկայացրեց լեյբլի դեմ։ Արդյունքում «Artemis Records»-ը հետագայում փակվեց՝ ալբոմն անավարտ թողնելով։
Խումբը 2003 և 2004 թվականներին ազգային շրջագայություն կատարեց՝ ալբոմի առաջխաղացման նպատակով։ 2006 թվականին խմբի առաջին երկու ալբոմները թողարկվեցին վերամշակված տարբերակով։
Բրեդ Դելպի մահը (2007)
2007 թվականի մարտի 9-ին գլխավոր երգիչ Դելպը ինքնասպան եղավ իր տանը, որը գտնվում էր Նյու Հեմփշիրում։ Ոստիկանությունը նրան մահացած գտավ իր լոգարանում, որտեղ կային նաև մի քանի նամակներ՝ ուղղված նրանց, ովքեր կգտնեին իրեն։ Լոգարանում, որտեղ նա մահացավ, երկու ածխային գրիլներ էին գտնվել , իսկ դուռը փակված էր սկոչով և սրբիչով։ Ոստիկանությունը մահը որակեց որպես «ինքնասպանություն» և նշեց, որ հանցագործության նշաններ չկան[38]։ Ըստ ոստիկանության զեկույցի՝ մահվան պահին Դելպը մենակ էր։ Նյու Հեմփշիրի դատաբժշկական փորձագետները ենթադրում էին,որ նրա մահը ածխածնի մոնօքսիդով թունավորման արդյունք էր[39]։ «Boston»-ի հետ Դելպի վերջին համերգը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերի 13-ին «Boston»-ի Սիմֆոնիկ դահլիճում՝ Դուգ Ֆլուտիի պատվին կազմակերպված համերգի ժամանակ։
Դելպի հիշատակին նվիրված «Come Together: A Tribute to Brad Delp» համերգը տեղի ունեցավ 2007 թվականի օգոստոսի 19-ին Բոստոնում՝ «Bank of America Pavilion»-ում։ Համերգին մասնակցեցին «Ernie and the Automatics», «Beatlejuice», «Farrenheit», «Extreme», «Godsmack», «RTZ», «Orion the Hunter» և վերջում՝ «Boston»-ի ներկայիս կազմը[40]։
«Boston»-ի բոլոր կենդանի անդամները հրավիրված էին մասնակցելու համերգին։ Այդ թվում՝ «Stryper»-ի Մայքլ Սուիթը, նախկին անդամ Քըրլի Սմիթը, խմբի անդամ Քիմբերլի Դեյմը և Հյուսիսային Կարոլինայից խմբի երկրպագու Թոմի ԴեԿառլոն, ով ընտրվել էր երգելու՝ հիմնվելով իր MySpace էջում «Boston»-ի երգերի կատարումների վրա[41][42]։
Նոր կազմ և ելույթներ (2008 - 2012)
Խմբի անդամների միջև շարունակվող հակասությունները տարածվեցին նաև 2008 թվականի նախագահական քարոզարշավի վրա։ Բարի Գուդրոն Մայք Հաքաբիի հանրահավաքների ժամանակ նրա հետ էր և նվագում էր[43]։ Հաքաբին օգտագործեց «More Than a Feeling»-ը որպես քարոզարշավի երգ։ Շոլցը՝ ինքնանկարագրված «Օբամայի աջակից»[44], 2008 թվականի փետրվարին բաց նամակ ուղարկեց Հաքաբիին՝ նշելով, որ խումբը երբեք որևէ թեկնածուի չի աջակցել, և որ ինքը երբեք չի թույլատրել «More Than a Feeling»-ի օգտագործումը՝ որպես Հաքաբիի թեմատիկ երգ։ Շոլցը կարևորեց այն փաստը, որ հենց ինքն է (և ոչ թե Գուդրոն կամ Շիհան) նվագել բոլոր կիթառները «More Than a Feeling»-ում, ինչպես նաև«Boston»-ի երգերի մեծ մասում։ Ի վերջո, Հաքաբին դադարեց օգտագործել երգը իր քարոզարշավի համար[44]։
2008 թվականի գարնանը Շոլցը և Սուիթը ներկայացրեցին խմբի նոր կազմը, որն այնուհետև հյուսիսամերիկյան ամառային շրջագայություն կատարեց՝ 12 շաբաթվա ընթացքում տալով 53 համերգ (Styx-ի հետ համատեղ)։ Շոլցը «Boston»-ի միակ հիմնադիր անդամն էր, ով մասնակցեց շրջագայությանը, թեև երկարամյա անդամ Գարի Փիլը նույնպես խմբի մաս էր կազմում, իսկ Դեյմը և Նիլը վերադարձան համապատասխանաբար բաս և թմբուկների։ ԴեԿառլոն և Սուիթը կիսում էին գլխավոր վոկալը։
2009 թվականի հունվարին «Greatest Hits»-ը վերահրատարակվեց որպես վերամշակված սկավառակ։
Մայքլ Սուիթը հեռացավ խմբից 2011 թվականի օգոստոսին՝ «Stryper»-ի վրա կենտրոնանալու համար[45]։ 2012 թվականին կիթառահար և երգիչ Դեյվիդ Վիկտորը միացավ խմբին՝ սկսելով ստուդիայից, որտեղ նա մասնակցեց ձայնագրվող ալբոմի մի քանի երգերի վոկալին[46]։
Շոլցը և Փիլը գլխավորեցին խմբի՝ 2012 թվականի հյուսիսամերիկյան շրջագայությունը, որը սկսվեց 2012 թվականի հունիսի 28-ին Ֆլորիդայի «Seminole Hard Rock Live» արենայում և ավարտվեց սեպտեմբերի 8-ին Հաչինսոնի «U.S. Cellular Grandstand»-ում[47][48]։ Վիկտորը և ԴեԿառլոն կիսում էին գլխավոր վոկալը, թմբկահար Քըրլի Սմիթը վերադարձավ առաջին անգամ ավելի քան մեկ տասնամյակից հետո, իսկ Stryper-ի նախկին անդամ Թրեյսի Ֆերին նվագում էր բաս։ Ո՛չ Դեյմը, ո՛չ էլ Նիլը չմասնակցեցին շրջագայությանը։

«Life, Love և Hope» (2013 - 2017)
«Boston»-ի վեցերորդ ալբոմը՝ «Life, Love & Hope»-ը, թողարկվեց 2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ «Frontiers Records»-ի կողմից։ Այն ներառում է Բրեդ Դելպի, Թոմի ԴեԿառլոյի, Քիմբերլի Դեյմի, Դեյվիդ Վիկտորի և Թոմ Շոլցի գլխավոր վոկալները։ Ալբոմի վրա աշխատանքները սկսվել են 2002 թվականին։ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին խումբը վերաձայնագրեց սուրբծննդյան երգ՝ «God Rest Ye Metal Gentlemen 2013»-ը[49] (նախկինում թողարկված 2002-ին՝ որպես «God Rest Ye Merry Gentlemen»)։ 2014 թվականին «Boston»-ը սկսեց «Heaven on Earth Tour» շրջագայությունը՝ ընդգրկելով Միացյալ Նահանգները և Ճապոնիան, կազմում ներառելով Շոլցին, Փիլին, ԴեԿառլոյին, Վիկտորին և Ֆերիին։ Դեյմը վերադարձավ, այս անգամ կատարելով ռիթմիկ կիթառ և վոկալ, իսկ թմբուկների պարտականությունները բաժանվեցին Նիլի և Սմիթի միջև, ընդ որում, Նիլը կատարում էր շրջագայության առաջին մասը։ Վիկտորը հեռացավ կազմից շրջագայության կեսին՝ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ Նրա փոխարեն Սիոբհան Մագնուսը միացավ շրջագայությանը՝ որպես հյուր երգչուհի՝ կատարելով գլխավոր վոկալը «Walk On»-ում[50]։
2015 թվականին «Boston»-ը սկսեց մեկ այլ շրջագայություն՝ կազմում ներառելով Շոլցին, Փիլին, ԴեԿառլոյին, Ֆերիին և նոր անդամ Բեթ Քոհենին, ով կատարում էր ստեղներ, ռիթմիկ կիթառ և վոկալ։ Քոհենը նախկինում ձայնագրվել էր խմբի հետ․ և՛ «Corporate America»-ում, և՛ «Life, Love & Hope»-ում՝ որպես երգչուհի և ֆլեյտահարուհի։ Սկզբում նախատեսվում էր, որ կազմը կներառի «Spock's Beard»-ի նախկին թմբկահար և երգիչ Նիք Դ'Վիրջիլիոյին՝ շոուների առաջին ամսվա համար, որից հետո պետք է վերադառնար Նիլը, սակայն Դ'Վիրջիլիոն «ճիշտ թեկնածու չէր», և Սմիթը վերամիացավ նրա փոխարեն։ Այս յոթ հոգանոց կազմը դարձավ խմբի ամենակայուն կազմը՝ շրջագայելով նաև 2016 և 2017 թվականների ամռանը։ 2016 թվականի շրջագայությունը նշանավորեց խմբի 40-ամյակը և ներառում էր ելույթներ «Boston»-ի «Wang Theatre»-ում[51]։
2017 թվականի մարտի 22-ին նախկին թմբկահար Սիբ Հաշիանը մահացավ ՝ «Legends of Rock» նավի վրա ուշաթափվելուց հետո[52]։
Առաջիկա յոթերորդ ալբոմ (2017 - մեր օրեր)
2017 թվականի ապրիլին Շոլցը հայտնեց, որ գրում է նոր նյութեր՝ «Boston»-ի յոթերորդ ալբոմի համար։ Նա «Sun Herald» թերթի հետ հարցազրույցի ժամանակ ասաց. «Ես գտնում եմ, որ իսկապես պետք է գրեմ բաներ, որոնք մենք կարող ենք նվագել շոուների ժամանակ։ Մենք հիմնականում նվագում ենք այն ամենը, ինչ մարդիկ ակնկալում են լսել։ Մենք նաև անում ենք շատ բաներ, որոնք չկան որևէ ձայնասկավառակում՝ ավելացնելով անցումներ և գործիքային մասեր, այնպես որ ես միշտ պետք է նոր բաներ հորինեմ։ Դա բավականին մեծ մարտահրավեր է։ Ես պետք է ամեն տարի նոր բաներ գրեմ շրջագայության համար, ինչը հենց այն էր, ինչ ես ուզում էի անել սկզբից։ Բայց ես շեղվեցի՝ ստուդիայում ձայնագրություններ անելով։ Հիմա ես իսկապես կատարող երաժիշտ եմ, և պետք է ասեմ, որ դա շատ ավելի հաճելի է»[53]։ Երբ նույն ամսին հարցրին ալբոմի հնարավոր թողարկման ամսաթվի մասին, Շոլցն ասաց. «Ո՞վ գիտի։ Ես ընդամենը 70 տարեկան եմ։ Կարծում եմ՝ ևս 30 տարի ունեմ»[54]։ Թեև Շոլցը աղոտ կերպով նշել է, որ աշխատում է նոր երաժշտության վրա, խումբը 2017 թվականից ի վեր շրջագայություն չի կատարել, և շրջագայության կամ նոր ալբոմի մասին որևէ ծրագիր չի հիշատակվել։ 2024 թվականի օգոստոսին «MIT Technology Review»-ին տված հարցազրույցում Շոլցը բացահայտեց, որ իր «Analog» ստուդիայի սարքավորումները վերանորոգման կարիք ունեն և ասաց․ «Ցավոք, տեղում գրեթե ոչ ոք չի մնացել, ով կարող է վերանորոգել կամ պահպանել սարքավորումները»։ Շոլցը նաև նշեց. «Ես դեռ գրում եմ երաժշտություն, հավատում եք թե ոչ, իմ ուղեղի մնացած մասով։ Շատ հիասթափեցնող է չկարողանալ գնալ և ձայնագրել այն, ինչ լսում եմ»[55]։
Տիեզերանավ
«Boston»-ի ալբոմների շապիկների վրա առանձնահատուկ թեմա է տիեզերանավի առկայությունը, որը ներկայացնում է Բոստոն քաղաքը՝ ապակու ներսում, քաղաքի անունը փորագրված է նավի դիմային մասում[56]։ Բնօրինակ տիեզերանավը նախագծել է Պաուլա Շերը և նկարազարդել է Ռոջեր Հայսենը, տառատեսակը՝ Ջերարդ Հուերտայի կողմից «Epic Records»-ի համար՝ 1976 թվականին[57]։
Հայտնվել է հետևյալ ալբոմներում՝
- Boston (1976) - Կիթառաձև աստղանավերի երկու երկար շարք փախչում են փլուզվող մոլորակից։ Բոլոր նավերի տակից կապույտ բոցեր են դուրս գալիս։
- Don't Look Back (1978) - «Boston» տիեզերանավը թռչում է ցածր բարձրությամբ կամ գուցե սավառնում է խոտածածկ, բյուրեղային մոլորակի վրա։ Նավի լուսարձակները միացված են։
- Third Stage (1986) - «Boston» տիեզերանավն ուղղված է դեպի մեծ հարթ տիեզերանավ, որը նման է երգեհոնի խողովակների շարքի՝ կապույտ մոլորակի վրա։
- Walk On (1994) - «Boston» տիեզերանավը ցուցադրված է ժայռաբեկորի միջով անցնելիս։
- Greatest Hits (1997, հավաքածու ալբոմ) - «Boston» տիեզերանավը թռչում է ցածր բարձրությամբ՝ փիրուզագույն ժայռերով մոլորակի վրայով, հեռվում երևում է փիրուզագույն աշտարակ։
- Corporate America (2002) - «Boston» տիեզերանավը թռչում է՝ դեպի Երկիր և Միացյալ Նահանգներ։
- Life, Love & Hope (2013) - «Boston» տիեզերանավը թռչում է տիեզերքում՝ դեպի միգամածության։
Նրանց տիեզերանավը նաև հայտնվել է նրանց շրջագայությունների համերգների ժամանակ՝հսկայական լուսավորման սարքավորումների տեսքով և բեմում ուղեկցվել է նրանց հսկայական երգեհոնային դեկորացիայով, որը Boston-ի անդամների շրջանում հայտնի է որպես Բերթա՝ իր վիթխարի չափերի պատճառով[58]։
Նորարարություն և ոճ
«Boston»-ի ժանրը հիմնականում նկարագրվում է որպես հարդ ռոք և արենա ռոք[59][60]։ Խումբը նաև ներառել է պրոգրեսիվ ռոքի տարրեր՝ իր երաժշտության մեջ[37][61][62]։
Խմբի հիմնադիր, կիթառահար և հիմնական երգերի հեղինակ Թոմ Շոլցի երաժշտական ոճերի խառնուրդը՝ դասականից մինչև 1960-ականների անգլիական փոփ, հանգեցրել է ֆանտաստիկ հետաքրքիր հնչողության՝ հաճախ միաձուլելով էլեկտրո և ակուստիկ կիթառները։ Խմբի ներդաշնակ ոճը բնութագրվել է որպես «ջութականման»՝ առանց սինթեզատորների օգտագործման[63]։ Շոլցը մշակել է բարդ, բազմաուղի կիթառային հնչողություներ՝ օգտագործելով ձեռագործ, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, ինչպիսին է «Rockman»-ը, որն օգտագործվել է այնպիսի արտիստների կողմից, ինչպիսիք են «Journey»-ի կիթառահար Նիլ Շոնը և «ZZ Top» խումբը։ Դեֆ Լեպարդի «Hysteria» ալբոմը ստեղծվել է միայն «Rockman» տեխնոլոգիայի օգտագործմամբ[64]։
Թոմ Շոլցը նաև շնորհակալություն է հայտնել Բրեդ Դելպին՝ խմբի հնչողությունը ստեղծելու հարցում օգնելու համար՝ իր վոկալ ոճով[65]։ Դելպը, ում վրա ազդեցություն է թողել «The Beatles» - ը, ուներ ընդլայնված վոկալ դիապազոն, որը տեսանելի է այնպիսի հիթերում, ինչպիսին է «More Than a Feeling»-ը[66]։
Ներկայիս կազմ
- Թոմ Շոլց - կիթառ, բաս, ստեղնաշար, թմբուկներ, հարվածային գործիքներ, բեք-վոկալ (1975 - մեր օրեր)
- Գարի Փիլ - կիթառ, ստեղնաշար, բեք-վոկալ (1985 - մեր օրեր)
- Քըրլի Սմիթ - թմբուկներ, հարմոնիկա, դաշնամուր, բեք - վոկալ (1994 - 1997, 2012 - մեր օրեր)
- Ջեֆ Նիլ - թմբուկներ, հարվածային գործիքներ, բեք - վոկալ (2002 - 2008, 2014 - 2016, 2017 - մեր օրեր)
- Թոմի ԴեԿառլո - գլխավոր վոկալ, ստեղնաշար, հարվածային գործիքներ (2007 - մեր օրեր)
- Թրեյսի Ֆերի - բաս, բեք - վոկալ (2012 - մեր օրեր)
- Բեթ Քոհեն - ստեղնաշար, վոկալ, կիթառ (2015 - մեր օրեր)
Սկավառակագիտություն
Ստուդիական ալբոմներ
- Boston (1976)
- Don't Look Back (1978)
- Third Stage (1986)
- Walk On (1994)
- Corporate America (2002)
- Life, Love & Hope (2013)
Ծանոթագրություններ
- ↑ «RIAA Top Artists - Albums». RIAA.com. Recording Industry Association of America. Վերցված է July 2, 2024-ին.
- ↑ «RIAA Gold & Platinum». RIAA.com. Recording Industry Association of America. November 20, 2003. Արխիվացված է օրիգինալից July 25, 2013-ին. Վերցված է November 6, 2009-ին.
- ↑ Clark, Jeff (April 21, 2017). «Catching up with Boston's Tom Scholz before 'Hyper Space' hits the Coast». Sun Herald. Վերցված է December 23, 2018-ին.
- ↑ «Rock On The Net: VH1: 100 Greatest Hard Rock Artists: 51-100». rockonthenet.com. Վերցված է October 17, 2019-ին.
- ↑ «MUSICIANS». bandboston.com. Boston. Վերցված է 28 December 2022-ին.
- ↑ «History». bandboston.com. Boston. Արխիվացված է օրիգինալից June 1, 2012-ին. Վերցված է August 16, 2009-ին.
- ↑ «Musicians». bandboston.com. Boston. Արխիվացված է օրիգինալից June 8, 2012-ին. Վերցված է November 25, 2018-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «History». bandboston.com. Boston. Արխիվացված է օրիգինալից June 1, 2012-ին. Վերցված է August 16, 2009-ին.
- ↑ «Feelin' Satisfied: An Interview with Tom Scholz of Boston». Thirdstage.ca. Վերցված է June 13, 2012-ին.
- ↑ Scholz, Tom. «Boston shows, myths, and truths». RockHistoryBook.com. Արխիվացված է օրիգինալից December 13, 2012-ին. Վերցված է June 13, 2012-ին.
- ↑ «History». bandboston.com. Boston. Արխիվացված է օրիգինալից June 1, 2012-ին. Վերցված է August 16, 2009-ին.
- ↑ 12,0 12,1 «The Chuck Miller Creative Writing Service: Boston». Chuckthewriter.com. Վերցված է February 19, 2012-ին.
- ↑ Kirchman, Steve (1987). «Boston blasts through its hit list at casino». Musician Magazine. Վերցված է February 19, 2012-ին – via Gonnahitcharide.com.
- ↑ 14,0 14,1 McGee, David (November 6, 1976). «Boston - A Rock and Roll Explosion» (PDF). Record World. էջ 47. Վերցված է 2023-03-03-ին.
- ↑ Zito, Tom (December 13, 1976). «Boston Group and How It Grew». Los Angeles Times. էջ F20. «On Aug. 23, 1976, their first LP simply titled "Boston" was shipped to record stores.»
- ↑ «Music | Top 5 best-selling debut albums». Entertainment.ie. November 20, 2013. Վերցված է March 23, 2017-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Crowe, Cameron. «The Band from the Platinum Basement». Rolling Stone. Վերցված է November 25, 2018-ին – via theuncool.com.
- ↑ 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 «SECTION 1: HISTORY OF BOSTON v2.01». Boston.org. Արխիվացված է օրիգինալից February 14, 2009-ին. Վերցված է August 16, 2009-ին.
- ↑ Rockwell, Jorn (February 12, 1977). «Rock: Boston Heads a Triple Bill». The New York Times.
- ↑ «Music Albums, Top 200 Albums & Music Album Charts». Billboard. Վերցված է August 16, 2009-ին – via billboard.com.
- ↑ «RIAA certifications». Recording Industry Association of America.
- ↑ 22,0 22,1 Wild, David. «Don't Look Back – 1978». bandboston.com. Boston. Արխիվացված է օրիգինալից May 4, 2009-ին. Վերցված է August 16, 2009-ին.
- ↑ «Gold & Platinum – August 17, 2009». RIAA.com. Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից February 25, 2013-ին. Վերցված է August 16, 2009-ին.
- ↑ Wilkening, Matthew (March 3, 2016). «How Van Halen Conquered the World in Just 10 Shows». UltimateClassicRock.com. Townsquare Media, Inc. Վերցված է July 15, 2021-ին.
- ↑ «AC/DC Tour History - 27 May 1979 Orlando (Tangerine Bowl)». ac-dc.net. Վերցված է July 15, 2021-ին.
- ↑ «Don't Look Back». rocktourdatabase.com. Արխիվացված է օրիգինալից 13 June 2016-ին. Վերցված է 17 January 2022-ին.
- ↑ 27,0 27,1 Ahern v. Scholz, 95-1146.01A (U.S. First Circuit Court of Appeals June 4, 1996).
- ↑ Grupp, Paul. «"Paul Grupp – Discography Credits ("worked with")"». Վերցված է July 29, 2012-ին.
- ↑ Scholz, Tom. «Official Boston Website – Boston». bandboston.com. Արխիվացված է օրիգինալից June 8, 2012-ին. Վերցված է August 20, 2009-ին.
- ↑ «SR&D Rockman products list». Rockman.fr. Վերցված է February 19, 2012-ին.
- ↑ Scholz, Tom. «Official Boston Website – Third Stage – 1986». bandboston.com. Արխիվացված է օրիգինալից June 8, 2012-ին. Վերցված է August 20, 2009-ին.
- ↑ «Boston». The New Encyclopedia of Rock & Roll. New York, NY: Simon & Schuster Inc. 1995. 0-684-81044-1.
- ↑ Hunt, Dennis (1987-07-19). «PATIENCE PAYS OFF FOR BOSTON, FANS». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-06-08-ին.
- ↑ Scholz, Tom. «Official Boston Website – Walk On – 1994». bandboston.com. Արխիվացված է օրիգինալից June 24, 2009-ին. Վերցված է August 20, 2009-ին.
- ↑ Morse, Steve (December 13, 1994). «SCHOLZ AND BOSTON ROCK TO PERFECTION FOR A CAUSE». Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ «Official Boston Website – David Sikes». bandboston.com. Արխիվացված է օրիգինալից December 17, 2009-ին. Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 Simon, Bruce (September 18, 2002). «Boston's New Song Popular—Just Not Under The Band's Name». Yahoo!. Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ Benson, Jessica (March 10, 2007). «Brad Delp, lead singer for band Boston and Merrimack Valley resident, dies». Eagle Tribune. Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ «Brad Delp: Details Emerge About His Tragic Suicide». Guitar World. April 27, 2007. Արխիվացված է օրիգինալից August 30, 2009-ին. Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ Rodman, Sarah (July 2, 2007). «Brad Delp-Boston Tribute Take Two». The Boston Globe. Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ «Tommy DeCarlo :: Home». Tommydecarlo.com. Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ «Boston find new lead singer – on MySpace». MusicRadar.com. May 30, 2008. Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ Ramer, Holly (February 15, 2008). «Rocker Tells Huckabee to Lay Off Song». Fox News. Վերցված է September 11, 2009-ին.
- ↑ 44,0 44,1 «"More Than a Feeling" Writer Says Mike Huckabee Has Caused Him "Damage"». Rolling Stone. February 14, 2008. Վերցված է September 11, 2009-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Michael Sweet Departs Boston | Rock News | News». Planet Rock. August 11, 2011. Արխիվացված է օրիգինալից April 6, 2012-ին. Վերցված է February 19, 2012-ին.
- ↑ «The Band Boston Fan Site – David Victor». Gonnahitcharide.com. Վերցված է June 17, 2012-ին.
- ↑ «The Band Boston Announces 2012 Tour Dates». February 15, 2012. Վերցված է April 21, 2012-ին.
- ↑ «Tour Dates». bandboston.com. Արխիվացված է օրիգինալից December 27, 2012-ին. Վերցված է November 25, 2018-ին.
- ↑ «Boston Release New Christmas Single, "God Rest Ye Metal Gentlemen"». Guitarworld.com. December 11, 2013. Վերցված է June 25, 2016-ին.
- ↑ «Just another band out of BOSTON – Official Website». bandboston.com. Վերցված է June 25, 2016-ին.
- ↑ Collis, Clark (March 28, 2016). «Boston to end 40th anniversary tour with rare show in Boston». Entertainment Weekly. Վերցված է July 19, 2017-ին.
- ↑ Giles, Jeff (March 30, 2017). «Former Boston Drummer Sib Hashian Dead at 67». Ultimate Classic Rock. Վերցված է March 23, 2017-ին.
- ↑ Clark, Jeff (April 21, 2017). «Catching up with Boston's Tom Scholz before 'Hyper Space' hits the Coast». Sun Herald. Վերցված է December 23, 2018-ին.
- ↑ Sullivan, Jim (April 9, 2017). «Boston Strong: Tom Scholz Interview (Part 1)». Best Classic Bands. Վերցված է May 22, 2019-ին.
- ↑ https://www.technologyreview.com/2024/08/27/1095835/not-just-another-band-from-boston/
- ↑ Britt Bickel (March 21, 2014). «Gary Pihl Reveals The Concept Behind Boston's Iconic Spaceship Album Covers» (անգլերեն). K-Earth 101. Վերցված է June 23, 2017-ին.
- ↑ Heller, Steven (March 26, 2015). «More Than an Album Cover». The Atlantic. Վերցված է November 21, 2015-ին.
- ↑ Vrenna, Chris (January 13, 2013). «What You May Not Know about Boston's Origin». 9 Years of Rock. Վերցված է 25 August 2023-ին.
- ↑ Կաղապար:AllMusic
- ↑ Weinstein, Deena (2015). Rock'n America: A Social and Cultural History. University of Toronto Press. էջ 164. ISBN 9781442600157.
- ↑ Nicholson, Kris (October 7, 1976). «Boston: Boston Music Reviews». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից March 17, 2007-ին. Վերցված է November 6, 2009-ին.
- ↑ «Boston Songs, Albums, Reviews, Bio & More | Al...». AllMusic (անգլերեն). Վերցված է 2024-12-19-ին.
- ↑ "No Synthesizers. That's right! Honest! And no violins either. In other words, the Boston sound is powered by old, straight ahead rock-n-roll equipment, as opposed to midi-interconnected-computer-sequenced synthesizers."«Official Boston Website». bandboston.com. Արխիվացված է օրիգինալից June 8, 2012-ին. Վերցված է December 21, 2013-ին.
- ↑ Bienstock, Richard (October 2012). «Interview: Phil Collen on the Making of Def Leppard's 'Hysteria'». Guitar World. Վերցված է 25 August 2023-ին.
- ↑ «Brad Delp interview by Par Winberg». Gonnahitcharide.com. July 28, 2004. Վերցված է February 19, 2012-ին.
- ↑ «RIP Brad Delp (1951–2007)». Pittsburgh Post-Gazette. March 12, 2007. Վերցված է November 6, 2009-ին.