Ազատության հրապարակ (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատության հրապարակ (այլ կիրառումներ)
Ազատության հրապարակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Մակերես

Ազատության հրապարակ, հայտնի է նաև որպես Օպերայի հրապարակ, մինչև 1991 թվականը Թատերական հրապարակ, հրապարակ Երևանում, Կենտրոն վարչական շրջանում։ Քաղաքի հասարակական կենտրոններից մեկը։ Հանրապետության հրապարակի հետ միասին քաղաքի երկու գլխավոր հրապարակներից մեկն է։ Ազատության հրապարակը հարում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարավային ծայրին։ Հրապարակի մյուս սահմաններն են Տերյան և Թումանյան փողոցները և Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաները։

Պատմություն

Հրապարակը կառուցվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի հետ միասին։ Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը գտնվում է հրապարակը շրջապատող պուրակում։

1957 թվականին հրապարակում տեղադրվել են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի բրոնզե և գրանիտե հուշարձանները։

2008 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել՝ հարակից փողոցների ծանրաբեռնվածությունը թոթափելու նպատակով։ 500 մեքենաների համար նախատեսված եռահարկ ավտոկայանատեղին բացվել է 2010 թվականի մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Ավտոկայանատեղիի կառուցման արժեքը կազմել է մոտ 4 մլրդ դրամ։

Պուրակ

Հրապարակի արևելյան կողմում՝ Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, 1960-ականների սկզբին կառուցվել է Կարապի լիճը։

2003 թվականի հուլիսի 4-ին հրապարակի հարևանությամբ՝ Կարապի լճի ափին, կանգնեցվեց հայ և խորհրդային ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձան։

2019 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է հրապարակի կանաչապատ տարածքում կառուցված մի շարք սրճարաններ։

2022 թվականի նոյեմբերի 4-ին, ի պատիվ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի, հրապարակի այգու մոտ բացվեց նրա հուշարձանը։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է։

Քաղաքականության մեջ

Հրապարակում ցույցեր անցկացնելու ավանդույթի պատճառով այն կոչվում է «ժողովրդավարության խորհրդանիշ»։ Ազատության հրապարակը կարող է ընդունել մինչև 50000 մարդ։

Արցախյան շարժում

1988 թվականի փետրվարին արցախյան շարժումից հետո Ազատության հրապարակը դարձավ ժողովրդական ցույցերի կենտրոն։ Ցույցերը ճնշելու համար 1988 թվականի ընթացքում հրապարակը մի քանի անգամ փակվել է խորհրդային ոստիկանության և զինված ուժերի կողմից։

Հետընտրական բողոքի ցույցեր

Հայաստանի անկախացումից ի վեր՝ 1991 թվականին, հրապարակը եղել է հակակառավարական ցույցերի հիմնական վայր, հատկապես 1996, 2003, 2008 և 2013 թվականների նախագահական ընտրություններից հետո։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ