Ալեքսիս դը Տոկվիլ (ֆր.՝ Alexis de Tocqueville, հուլիսի 29, 1805(1805-07-29)[1][2][3][…], Փարիզ[4] - ապրիլի 16, 1859(1859-04-16)[1][2][3][…], Կանն[4]), ֆրանսիացի սոցիոլոգ և պետական գործիչ։ Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի (1838 թվականից), ֆրանսական ակադեմիայի (1841 թվականից) անդամ։ Ընտրվել է Դեպուտատների պալատի անդամ (1839), եղել է արտաքին գործերի նախարար (1849)։ 1831-1832 թվականներին ԱՄՆ-ում ուսումնասիրել է ուղղիչ բանտային համակարգը։
Տոկվիլին հռչակ է բերել «Ամերիկայի դեմոկրատիայի մասին» (1835) գիրքը։ Ըստ Տոկվիլի, ազատության և հավասարության ձգտումը բուրժուա-դեմոկրատական հասարակության իդեալն է, սակայն պետական իշխանության կենտրոնացվածությունը, անհատապաշտությանը հանգեցնող հավասարությունը պայմաններ են ստեղծում միանձնյա բռնատիրության համար, այսինքն՝ համընդհանուր հավասարությունը կամ դրան ձգտելը կարող է հանգեցնել «ստրկության մեջ հավասարության», որը կանխելու միջոցներն են տեղական ինքնավարության ընդլայնումը, իշխանության ապակենտրոնացումը և այլն։
Տոկվիլի համոզմամբ նման պետական կարգի նմուշ է ԱՄՆ-ը։ «Հին կարգը և հեղափոխությունը» (1856) գրքում փորձել է բացահայտել հին և «նոր կարգի» հաջորդայնությունը և պնդել, որ ֆեոդալական կարգերի վերացումը հնարավոր էր նաև առանց հեղափոխության։ Տոկվիլի լիբերալ-պահպանողական գաղափարները ազդել են բուրժուական քաղաքակրթության և սոցիոլոգիական մտքի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։