Ալժիրի պատմություն

Ալժիրի պատմությունը սերտորեն կապված էր Հյուսիսային Աֆրիկայի և Մագրիբայի պատմության հետ։

Հնագույն պատմություն

Ալժիրը 1800-ական թվականների սկզբին

Ալժիրի տարածքում մարդը բնակվել է 300-400 հազար տարի առաջ։ Սակայն, Ալժիրի հայտնի ամենահին բնակիչները համարվում են նումիդիական ցեղերը (ժամանակակից բերբերների նախնիները), որոնց փյունիկեցիները հանդիպեցին մ. թ. ա. 12-րդ դարում, երբ այդտեղ հիմնում էին իրենց գաղութները։

Մ. թ. ա. 3-րդ դարում առաջացան մազեզիլների և մասսիլների միջցեղային միությունները, որոնք մ.թ.ա. 202 թվականին մասսիլների առաջնորդ Մասինիսսայի գլխավորությամբ միավորվեցին Նումիդիայի պետության մեջ[1][2][3]։ Մ. թ. ա. 46 թվականին Ալժիրը գրավեցին հռոմեացիները։

Հռոմեական տիրապետության շրջանում Ալժիրի քաղաքներում տարածվեց լատիներենը, իսկ մ. թ. 2-րդ դարում քրիստոնեությունը։ 4-5-րդ դարերում այստեղ առաջ եկավ դոնատականների ժողովրդական շարժումը, որն ընդունեց քրիստոնեական աղանդի ձև։ 5-րդ դարում ծովեզրյա մասը նվաճեցին վանդալները, իսկ 6-րդ դարում բյուզանդացիները։

Միջնադարյան պատմություն

քաղաք Կոնստանտին, 1840 թվական

7-րդ դարում Ալժիրը նվաճեցին արաբները։ Սկսվեց բերբերական ցեղերի արաբացումն ու իսլամացումը, որը տևեց մի քանի դար (որոշ շրջաններում այն շարունակվում է մինչև այժմ)։ 8-15-րդ դարերում Ալժիրը զանազան պետական կազմավորումների (Թահերտի իմամություն, Ֆաթիմյաններ, Համմադյաններ, Ալմորավյաններ, Ալմոհադներ, Զայյանյաններ) մեջ էր, 1519 թվականին իշխանությունն անցավ ծովահեն Խայրադդին Բարբարոսային, որը, դուրս քշելով ծովեզրյա քաղաքներում հաստատված իսպանացիներին, իրեն հայտարարեց թուրքական սուլթանի վասալ։ Նրա հալորդների օրոք որոշվեցին Ալժիրի ներկա սահմանները։

Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանության թուլացման հետևանքով Ալժիրը 18-րդ դարի սկզբին փաստորեն դարձավ անկախ ռազմա-ֆեոդալական պետություն՝ տեղական վերնախավի կողմից ընտրվող դեյի գլխավորությամբ։ Ալժիրը Հյուսիսային Աֆրիկայում գաղութային Էքսպանսիայի առաջին զոհը դարձավ։

1830 թվականին ֆրանսիական զորքերը գրավեցին մայրաքաղաք Ալժիրն ու երկրից վտարեցին դեյին։ Ալժիրի ժողովուրդը Էմիր Աբդ Էլ-Կադիրի ղեկավարությամբ համառ դիմադրություն ցույց տվեց նվաճողներին։ Ֆրանսիական գաղութարարներն Ալժիրը վերածեցին ագրարային-հումքային կցորդի։ Լավագույն հողերն անցան եվրոպացի վերաբնակիչներին, որոնք ստեղծեցին խոշոր տնտեսություններ՝ վարձու աշխատանքի կիրառումով։ Սակավահող գյուղացիները քայքայվեցին, իսկ ֆեոդալներն աստիճանաբար մերվեցին գաղութարարների հետ՝ պահպանելով իրենց հողերն ու արտոնությունները։

20-րդ դար

Ալժիրի ժամանակագրական քարտեզը (1830-1956)

Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցություն

Հոկտեմբերյան հեղափոխությունը մեծ ազդեցություն գործեց Ալժիրի ազգային-ազատագրական շարժման վրա։ 1920 թվականին սոցիալիստական սեկցիաների մեծամասնությունը հարեց ֆրանսիական կոմկուսին, ստեղծվեցին կոմունիստական սեկցիաներ։ Ֆրանսիայում ժողովրդական ճակատի հաղթանակից (1936) հետո Ալժիրում դեմոկրատական ուժերի համախմբման շարժում սկսվեց։

1936 թվականի հոկտեմբերին կազմակերպչորեն ձևավորվեց Ալժիրի կոմունիստական կուսակցությունը (ԱԿԿ)։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո (1940 թվականի հունիս) Ալժիրում տնօրինում էին գերմանալժիրիտալական ֆաշիստները։

Երկրի անկախացում

1942 թվականի նոյեմբերին անգլո-ամերիկյան զորքերն ափ ելան Ալժիրում։ Երկրի անկախության համար շարժումը նոր թափ ստացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

1954 թվականի մարտին ստեղծվեց «Միասնության և գործողության հեղափոխական կոմիտե», որը շուտով վերակազմվեց որպես Ազգային ազատագրության ճակատ (ԱԱՃ)։ 1954 թվականի նոյեմբերի 1-ին ԱԱՃ-ի ղեկավարությամբ հակաիմպերիալիստական ապստամբություն սկսվեց։

1958 թվականի սեպտեմբերի 19-ին կազմվեց Ալժիրի Հանրապետության ժամանակավոր կառավարություն (ԱՀԺԿ)։ ԱՀԺԿ-ը ճանաչեցին շատ երկրներ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը (դե-ֆակտո՝ 1960 թվականի հոկտեմբերին, դեյուրե՝ 1962 թվականի մարտին)։ Ազգային-ազաաագրական շարժման ճնշման տակ ի վերջո Ֆրանսիան ճանաչեց Ալժիրի ինքնորոշման իրավունքը։

1962 թվականի մարտի 18-ին ստորագրվեցին Էվիանի համաձայնագրերը՝ կրակի դադարեցման, հանրաքվեի միջոցով Ալժիրի ինքնորոշման և Ալժիրի ու Ֆրանսիայի միջև տնտեսական ու կուլտուրական համագործակցության վերաբերյալ։

1962 թվականի հուլիսի 1-ին անցկացված հանրաքվեի ժամանակ բնակչության 99%-ն արտահայտվեց հօգուտ անկախության, որն անմիջապես ճանաչվեց ֆրանսիական կառավարության կողմից։ Հուլիսի 5-ը հայտարարվեց անկախության օր։

1962 թվականի սեպտեմբերի 25-ին նորընտիր Սահմանադիր ժողովը Ալժիրը հռչակեց ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն։ Կառավարության ղեկավար նշանակվեց Ա. Բեն Բելլան։

1962 թվականի հոկտեմբերի 8-ին Ալժիրը ՄԱԿ-ի անդամ ընդունվեց։

Առաջին սահմանադրություն

1962 թվականիի օգոստոսի 28-ին Սահմանադիր ժողովն ընդունեց Ալժիրի առաջին սահմանադրությունը, որը հավանության արժանացավ սեպտեմբերի 8-ի հանրաքվեի ժամանակ։ Ըստ սահմանադրության, երկրի կառավարող և միակ քաղաքական կուսակցությունը ԱԱՃ-ն է։

1964 թվականի ապրիլին կայացած ԱԱՃ կուսակցության համագումարը ընդունեց ծրագրային նոր փաստաթուղթ՝ Ալժիրյան խարտիան, որն ինքնակառավարումը հռչակեց «ազգային ժողովրդական հեղափոխությանը սոցիալիստական հեղափոխության վերաճելու» հիմնական ձև։ Սակայն, ագրարային ռեֆորմի ձգձգումը, գործազրկությունը և Բեն Բելլայի կողմից սոցիալիստական լոզունգներն ամրապնդող իրական միջոցառումների ժամանակին չիրագործելը զանգվածների մեջ դժգոհություն առաջացրին։

Տնտեսության զարգացում

1965 թվականի հունիսի 19-ին բանակն իշխանությունից հեռացրեց Բեն Բելլային։ Իշխանությունն անցավ Հեղափոխական խորհրղի ձեռքը՝ պաշտպանության մինիստր գնդապետ Հուարի Բումեդիենի գլխավորությամբ։ Նա կազմեց նոր կառավարություն, որը երկրի զարգացումը տանում է սոցիալիստական ուղիով։ 1963 թվականին ԽՍՀՄ-ի և Ալժիրի միջև կնքվեց տնտեսական և տեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում էր 90 մլն. ռուբլու երկարաժամկետ վարկ՝ Ալժիրի ժողովրդական տնտեսության զարգացման համար։

1964 թվականի մայիսին կնքված համաձայնագրով ԽՍՀՄ-ը տեխնիկական աջակցություն ցույց տվեց Աննաբայի մետաղագործական գործարանի շինարարությանը՝ տրամադրելով ևս 115 մլն. ռուբլու երկարաժամկետ վարկ։

Խորհրդային Միությունը Ալժիրին օժանդակություն է ցույց տալիս ավելի քան 80 օբյեկտների, այդ թվում մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման գործում։ 1965 թվականի դեկտեմբերին և 1967 թվականի հունիս-հուլիսին պաշտոնական այցով Խորհրդային Միությունում եղավ Ալժիրի կառավարության նախագահ Հ. Բումեդիենը, իսկ 1969 թվականի մարտի վերջերին ապրիլի սկգբներին և 1971 թվականի հոկտեմբերին, համապատասխանաբար, Ալժիր այցելեցին ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահ Ն. Վ. Պոդգոռնին և ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահ Ա. Ն. Կոսիգինը։ Այդ փոխայցելությունները նպաստեցին երկու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցության ամրապնդմանը։

Ծանոթագրություններ

  1. Histoire de l'émigration kabyle en France au XXe siécle: réalités ... - Karina Slimani-Direche - Google Livres. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. Les cultures du Maghreb De Maria Angels Roque, Paul Balta, Mohammed Arkoun
  3. Dialogues d'histoire ancienne De Université de Besançon, Centre de recherches d'histoire ancienne

Գրականություն

  • Ageron, Charles Robert, and Michael Brett. Modern Algeria: A History from 1830 to the Present (1992)
  • Derradji, Abder-Rahmane. The Algerian Guerrilla Campaign, Strategy & Tactics (The Edwin Mellen Press, 1997).
  • Derradji, Abder-Rahmane. A Concise History of Political Violence in Algeria: Brothers in Faith Enemies in Arms (2 vol. The Edwin Mellen Press, 2002),
  • Horne, Alistair. A Savage War of Peace: Algeria 1954-1962 (2006)
  • Le Sueur, James D. (2010). Algeria since 1989: between terror and democracy. Global history of the present. Halifax [N.S.] : London ; New York: Fernwood Pub. ; Zed Books. ISBN 9781552662564.
  • Sessions, Jennifer E. By Sword and Plow: France and the Conquest of Algeria (Cornell University Press; 2011) 352 pages
  • Stora, Benjamin (2004). Algeria, 1830-2000 : a short history. Ithaca: Cornell University Press. ISBN 9780801489167.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 166