Աղտոր (լատին․՝ Rhus), աղտորատունկ, սումախ, թիթում, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 250), Հայաստանում՝ 1 տեսակ՝ աղտոր դաբաղային կամ կաշեգործական (R. coriarla)։
Ձևաբանություն
Ցողունի բարձրությունը 3-5 (մինչև 8) մ է։ Տերևները թավոտ են, բարդ, եռամաս կամ կենտփետրաձև, տերևիկները՝ ձվաձև, ատամնաեզր։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչասպիտակավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փոքրիկ կորիզապտուղ է։ Սննդի մեջ օգտագործում են որպես համեմունք, բժշկությաև մեջ՝ արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Պարունակում է դաբաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր։ Տերևներից և ընձյուղներից ստանում են սև, ցողուններից՝ դեղին, արմատների կեղևից՝ դարչնագույն ներկեր։ Աղտորը առաջացնում է առատ արմատային մացառներ (կարելի է անտառապատել էրոզացված չոր, քարքարոտ թեքությունները)։
Տարածվածությունը Հայաստանում
Հանդիպում է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին (մինչև 1500 մ բարձրություններում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|