Թեոդոր Սոքլ
Թեոդոր Սոքլ գերմ.՝ Theodor Sockl | |
---|---|
![]() Թեոդոր Սոքլի դիմանկարը նկարված նրա կնոջ` Կլարայի կողմից (1853թ.) | |
Ի ծնե | Թեոդոր Բենեդիկտ Սոքլ |
Ծնվել է | ապրիլի 15, 1815 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 1861 |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն |
Ազգություն | ավստրիացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բիդերմայեր |
Անդամակցություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Կլարա Ադելհայդ Սոթերիուս վոն Սաքսենհայմ |
Զավակներ | Վիկտոր Ֆրանց Թեոդոր, Թեոդոր Ֆրիդրիխ Ադոլֆ, Օթիլի Կլարա Սոֆի, Կարլ Գրանց Ալբերտ |
![]() |
Թեոդոր Բենեդիկտ Սոքլ գերմ.՝ Theodor Sockl, ապրիլի 15, 1815[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 25, 1861[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն), ավստրիացի գեղանկարիչ և լուսանկարիչ։
Կենսագրություն
Թեոդոր Բենեդիկտ Սոքլը ծնվել է Վիեննայում, կահույքագործի ընտանիքում։ 1834-1836 թվականներին Սոքլը սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում։ Սկզբնական շրջանում նա ուսումնասիրել է քանդակագործություն, իսկ հետագայում սկսել է հետաքրքրվել նաև նկարչությամբ։ 1841 թվականին նա նկարել է իր կրտսեր եղբոր դիմանկարը, ով այդ ժամանակ 16 տարեկան էր։ Ավաղ, այդ նկարն անհետացել է։ Իսկ ահա, 1843 թվականին Վիեննայի Յոզեվշտադտ շրջանում գտնվող եկեղեցիներից մեկի զոհասեղանի որոշ հատվածներ է նկարել[2][3]։
Մոտավորապես 1846 թվականից սկսած Թեոդորը սկսում է ապրել Տրանսիլվանիայում, որտեղ էլ հանդիպում և մտերմանում է Թեոդոր Գալցի հետ։ Վերջինս Սոքլին աջակցում է իր`դեպի գեղարվեստական աշխարհ տանող դժվար ճանապարհն անցնելիս։ Այսպիսով, Սոքլը սկսում է դասավանդել Բրուկենտալ արվեստի ազգային թանգարանում (Սիբիու քաղաք), որտեղ էլ 1847 թվականին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Կլարա Ադելհայդին։ Նույն տարում էլ Սոքլը նկարում է կնոջ հայտնի դիմանկարը, որը դառնում է այդ ժամանակաշրջանի ամենատարածված և արդիական գեղարվեստական ոճի՝ բիդերմայերի այցեքարտը։ Նկարում նրբանկատորեն արտահատված է գյուղական տեսարանը, բնորդուհու անհատականությունը, զգեստի էլեգանտությունը և գույների ընտրությունը[4]։ Օրիգինալ նկարը անհետացել է Անգլիայում։ Սակայն, բարեբախտաբար, նկարի կրկնօրինակը գտնվում էր Թեոդորի զարմիկներից մեկի մոտ։ Նկարն այժմ գտնվում է Ռումինիայում, Բռաշովի պատմության թանգարանում[5]։
Չնայած Կլարայի ընտանիքի դժգոհության՝ զույգը սկսում է միասին ապրել առանց ամուսնության։ Ի վերջո, 1847 թվականի ապրիլի 12-ին Թեոդորն ու Կլարան ամուսնանում են Մեհադիա քաղաքում[6]։
Հետագայում նրանք հեռանում են Տրանսիլվանիայից և հաստատվում նախ Գրացում, որտեղ 1848 թվականին ծնվում է նրանց առաջնեկը՝ Վիկտոր Ֆրանց Թեոդորը։ Ապա նրանք տեղափոխվում են Վիեննա։ Այստեղ 1849 թվականին ծնվում է նրանց երկրորդ որդին՝ Թեոդոր Ֆրիդրիխ Ադոլֆը։ Սակայն չորս տարի անց՝ 1850 թվականին, նա մահանում է[6]։
1850 թվականի ամռանը Թեոդորը կնոջ և որդու հետ վերադառնում է Հերմանշտադ (ներկայումս՝ Սիբիու), որտեղ էլ բնակություն են հաստատում Սոթերիուսների տանը։ Այստեղ 1851 թվականին ծնվում է նրանց դուստր Օթիլի Կլարա Սոֆին։ Այս ժամանակաշրջանում Թեոդորը նկարում է Սոթերիուսների ընտանիքի անդամների մեծ մասին։
1848-1849 թվականներին Ավստրիայում տեղի ունեցած հեղափոխության տարիներին Թեոդորի համար է′լ ավելի է դժվարանում ապրուստի միջոց հայթայթելը։ Այսպիսով, նրանք ստիպված անդադար տեղափոխվում են մի քաղաքից մեկ այլ քաղաք։ 1853 թվականին Բուխարեստում Սոքլը գնում է լուսանկարչական որոշ պարագաներ՝ գումար վաստակելու համար։ Իսկ Կլարան միաժամանակ նկարչական դասընթացներ է կազմակերպում և դասավանդում։ 1857 թվականին՝ հունգարական Օրավիցա քաղաքում ապրելու տարիներին, ծնվում է նրանց մյուս որդի Կարլ Գրանց Ալբերտը[6]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e7/Clara_Adelheid_Soterius_von_Sachsenheim_1847.jpg/200px-Clara_Adelheid_Soterius_von_Sachsenheim_1847.jpg)
Այնուամենայնիվ, Սոքլն այդպես էլ չի կարողանում բավարար գումար վաստակել։ Նա որոշում է կտրել անցնել Դանուբը և վերջնականապես տեղափոխվել Վիեննա։ Նրանք տեղ են ժամանում 1857 թվականի հոկտեմբերի 28-ին։ Հայտնի չէ, թե նախնական շրջանում ընտանիքը որտեղ է ապրել, սակայն 1859 թվականի հոկտեմբերին նրանք ձեռք են բերում բնակարան, որտեղ էլ հիմնում են իրենց լուսանկարչական ստուդիան։
Կլարան, ով տառապում էր թոքերի հիվանդությունից, մահանում է 1861 թվականի հուլիսի 25-ին։ Չդիմանալաով կնոջ կորստին՝ Թեոդորը մահանում է Կլարայի մահվանից ամիսներ անց՝ դեկտեմբերի 25-ին։ Կլարան 38 տարեկան էր, իսկ Թեոդորը՝ 46: Թաղման արարողության ծախսերը հոգալու համար Թեոդորի եղբայրը՝ Մորիցը, վաճառում է նրա թողած նկարները և հազարավոր հետազոտություններ և ուսումնասիրություններ[6]։
Սոքլի մի քանի նկարներ գտնվում են Բրուկենտալ արվեստի ազգային թանգարանում, ինչպես նաև Տրանսիլվանիա թանգարանում։ Որոշ նկարներ էլ գնվել են անհատների կողմից և դարձել սեփական հավաքածուի մաս։ Դժբախտաբար, նկարների մեծ մասն անհետացել է[7]։
Նրանց որդիներ Կարլն ու Վիկտորը արտագաղթում են Անգլիա մոտավորապես 1889 թվականին։ Վիկտորը հիմնադրում և ղեկավարում է ընկերություն, որն արտադրում էր շնորհավորական բացիկներ։ Ընկերության անվանումն էր «Սոքլ և Նատան»։ Իսկ Կարլը աշխատում էր որպես հաշվապահ։ Նրանց դուստրը՝ Օթիլին, ուսուցչուհի էր և ապրում էր Շվեյցարիայում։ Ո′չ Վիկտորը, և ո′չ էլ Օթիլին չեն ամուսանցել և չունեին երեխաներ։ Կարլն ամուսնանում է իր զարմուհի Էմմայի հետ։ Նա Թեոդորի եղբայր Հերմանի դուստրն էր։ Նրանք ունենում են վեց երեխա։ Նրանցից հինգը ապրում և մահանում են Անգլիայում, իսկ մեկը դեռ վաղ տարիքում է մահանում։ Երեխաներից երկուսն ամուսնանում են և ունենում իրենց իսկ ժառանգները։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ M. J. Tataru: Sockl Theodor Benedikt. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 12, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 2001−2005, ISBN 3-7001-3580-7, S. 392 f. (Direktlinks auf S. 392, S. 393).(գերմ.)
- ↑ Sockl, Theodor Benedikt (1815-1861), Maler und Photograph.(գերմ.)
- ↑ Radu Popica (2011). «Arta germană din Transilvania în colecţia Muzeului de Artă Braşov» (PDF). Brașov County Museum of History. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 15.11.2017-ին.(գերմ.)
- ↑ «Portrait of Clara Soterius von Sachsenheim, 1847». Brașov County Museum of History. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 15.11.2017-ին.(գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «(Extract from) Julius Bielz, Ein Hermannstädter Malerkreis um 1850, in "Forschungen zur Volks- und Landeskunde", XIII, 1970, Nr. 1, pp./S. 37-66». Վերցված է 15.11.2017-ին.(գերմ.)
- ↑ «List of known paintings by Theodor B. Sockl». Վերցված է 15.11.2017-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Սոքլ» հոդվածին։ |
|