Սկզբնական շրջանում հետևել է XIX դարի կեսի ռոմանտիկական բնանկարի ավանդույթներին։ 1860-ական թվականներին, հաղթահարելով կոլորիտի և լույսի Էֆեկտների պայմանականությունը, ստեղծել է ռուսական բնության առավել հավաստի պատկերներ («Անտառահատում», 1867, «Տարեկանի արտ», 1878, «Անտառային հեռաստաններ», 1884), բացահայտել ռուսական լանդշաֆտի տիպական-արտահայտչական և բանաստեղծական ձևերը՝ բնանկարի մեջ մտցնելով ժանրային-պատմողական տարրեր («Առավոտը սոճիների անտառում», 1899, արջերը պատկերել է Կ․ Ա․ Սավիցկին, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա, «Կաղնու պուրակ», 1887, Կիևի ռուսական արվեստի թանգարան)։ Շիշկինը ստեղծել է նաև գծանկարներ․ նրա օֆորտները նպաստել են գրաֆիկայի այդ ժանրի վերածնմանը Ռուսաստանում։ Շիշկինի աշխատանքներից հինգը պահվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 509)։