Լովիսա Օրբերգ
Ծնվել է | մայիսի 17, 1801 |
---|---|
Ծննդավայր | Ուփսալա, Շվեդիա |
Մահացել է | մարտի 26, 1881 (79 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | բժիշկ |
Պարգևներ |
Լովիսա Օրբերգ (Արբերգ) (շվեդ.՝ Lovisa Åhrberg, լրիվ անունը՝ Maria Lovisa Åhrberg, մայիսի 17, 1801, Ուփսալա, Շվեդիա - մարտի 26, 1881, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ բժշկուհի, վիրաբույժ[1]։ Նա գործող վիրաբույժ էր շատ ավելի վաղ, երբ կանանց պաշտոնապես թույլատրվել է համալսարանում բժշկություն սովորել (1870 թվական)։
Կենսագրություն
Ծնվել է 1801 թվականի մայիսի 17-ին Ուփսալայում՝ Էրիկ Օրբերգի, որն աշխատում էր Ուփսալայի համալսարանում, և նրա կնոջ՝ Բրիտի Մարի Ուփգրենի ընտանիքում, որը ժողովրդական հեքիմ էր։
Վաղ տարիքում հետաքրքրություն է ցուցաբերել բժշկության և առողջապահության նկատմամբ, երբ օգնել է իր մորը և տատիկին, որոնք իրենց աշխատանքի ընթացքում խնամում էին հիվանդներին։ Տեղափոխվել է Ստոկհոլմ, մասնավոր տանն աշխատել է սպասուհի, ընկերները հաճախ են դիմել նրան հիվանդ ժամանակ։ Չնայած նրան, որ նա ինքնուս էր, նրա դրական հեղինակությունը արագորեն տարածվել է, և շուտով Լովիսան ունեցել է այնքան հաճախորդներ, որ դադարել է աշխատել որպես սպասուհի և կարողացել է տարբեր շերտերի հասարակության հիվանդների շրջանում իր սեփական պրակտիկայի շնորհիվ կայանալ որպես բժիշկ։ Նա բժշկական շրջանակների կողմից հանդիպել է որոշակի դիմադրություն, բայց հետո նրա գիտելիքները ստուգվել են, նրա բժշկական գործունեությունը խաբեություն չի եղել, և նրան թույլատրվել է աշխատել որպես բժիշկ։ Իր քաղաքացիական գործերի համար Լովիս Օրբերգը 1852 թվականի մայիսի 12-ին Շվեդիայի թագավոր Օսկար I-ի կողմից ստացել է «Քաղաքացիական վաստակի համար» թագավորական մեդալ (För medborgerlig förtjänst)՝ ոսկու տասներկուերորդ չափով (GMmf12)[2]:
Այսպիսով, նա ճանաչվել է շվեդ առաջին գործող կին բժիշկը[3]։ Լովիսա Օրբերգը եղել է շատ հայտնի, նրա բժշկական ծանրաբեռնվածությունն այնքան լարված էր, որ նրա սեփական առողջությունը սկսել է վատթարանալ, բազմիցս ճանապարհորդել է և հանգստացել Կարլսբադի (այժմ՝ Կարլովի Վարի) սպա հանգստավայրերում։ Լովիս Օրբերգին ժողովուրդը անվանել է «Աստվածամայր Արբերգ» (Jungfru Åhrberg): Իր բժշկական պրակտիկան սկսելով 1820-ական թվականներին՝ նա աշխատել է մինչև 1860-ական թվականները։
1871 թվականին Օրբերգը կուրացել է ու գնացել վաստակած հանգստի։ Նրա մահից մեկ տարի առաջ բժշկի մասնագիտությունը Շվեդիայում պաշտոնապես բացվել է կանանց համար, և կանայք կարողացել են ուսում ստանալ համալսարանների բժշկական ֆակուլտետներում։ Շվեդիայում համալսարանական կրթությամբ առաջին կին բժիշկը դարձել է Կարոլինա Վիդերստրյոմը։
Մահացել է 1881 թվականի մարտի 26-ին, Ստոկհոլմում։
1856 թվականին շվեդ գրող և ֆեմինիստ Ֆրեդրիկա Բրեմերն իր «Գերտա, Կամ մի հոգու պատմություն» վեպում հիացմունքն է հայտնել Լովիսա Օրբերգին[4]։
Ծանոթագրություններ
- ↑ Uppsala domkyrkoförsamlings kyrkoarkiv
- ↑ Bo S. Lindberg, Kirurgernas historia. Om badare, barberare och fältskärer, 2017
- ↑ Lovisa Åhrberg la primera médica cirujana sueca
- ↑ Hertha eller en själs historia(շվեդ.)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լովիսա Օրբերգ» հոդվածին։ |