Կալաբրիա
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մասն է | South Italy? և Southern Italy? | ||||
Կարգավիճակ | Շրջան | ||||
Մտնում է | Իտալիա | ||||
Ներառում է | 5 պրովինցիա | ||||
Վարչկենտրոն | Կատանձարո | ||||
Խոշորագույն քաղաք | Ռեջո դի Կալաբրիա | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Calabria? | ||||
ՀՆԱ (2008) ՀՆԱ մեկ շնչի հաշվով | € 33.6 միլիարդ € 16.400 միլիարդ | ||||
Հիմնական լեզու | Իտալերեն | ||||
Բնակչություն (2010) | 2.009.227 | ||||
Խտություն | 130 | ||||
Տարածք | 15.082 | ||||
Սահմանակցում է | Բազիլիկատա | ||||
Ժամային գոտի | +1 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-78 | ||||
regione.calabria.it |
Կալաբրիա (իտալ.՝ Calabria, նեապ.՝ Calavria, լատին․՝ Brut(t)ium, Calabria), Իտալիայի մարզ։ Ներառում է 5 գավառ, որոնցից երեքը պատմական՝ Ռեջո-Կալաբրիա, Կոզենցա և Կատանձարո, իսկ երկուսը համեմատաբար նոր՝ Կրոտոնե և Վիբո Վալենտիա։ Կալաբրիայի կենտրոնը Կատանձարո քաղաքն է։ Մարզի բնակչությունն է 2.009.227։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
Աշխարհագրական դիրք
Կալաբրիան գտնվում է Ապենինյան թերակղզու ամենահարավային մասում, ինչպես հաճախ պատկերավոր ասում են «իտալական երկարաճիտք կոշիկի թաթին»։ Արևմուտքից այն ողողում են Տիրենեյան, արևելքից ՝ Հոնիական ծովի, հյուսիս-արևելքից՝ Տարանտո ծոցի ջրերը, իսկ հարավ-արևմուտքում Սիցիլիայից բաժանված է Մեսիանայի նեղուցով, որի նվազագույն լայնությունը (Սիցիլիայի Պելորո և Կալաբրիայի Պեցցո խութերի միջև) 3,2 կմ է, որն առաջացել է Ասպրոմոնտե զանգվածի ու Պելորի շղթայի միջև տեկտոնական կապի առկայության հետևանքով։ Ռեջիո դի Կալաբրիա հին քաղաքի դեմ դիմաց նեղուցից այն կողմ գտնվում է Մեսսինա սիցիլիական քաղաքը։ Հյուսիսում Կալաբրիային սահմանակից է Բազիլիկատ մարզը։ Ըստ ձևի մարզը նեղ և երկար է։ Թերակղզին ձգվում է հյուսիսից հարավ 248 կմ, իսկ առավելագույն լայնությունը 110 կմ է։ Ափագծի երկարությունը 780 կմ է։
Ռելիեֆ
Կալաբրիայի ծովածոցերը
- Կորիլյանո ծոց (Տարանտո ծոցի մաս)
- Ջո Տաուրոյի ծոց (Տիրենեյան ծով)
- Պոլիկաստրի ծոց (Տիրենեյան ծով), ողողում է նաև Կամպանիա և Բազիլիկատ երկրամասերի ափերը
- Սանտ Էուֆեմիայի ծոց (Տիրենեյան ծով)
- Սկուիլաչեի ծոց (Հոնիական ծով)
Կալաբրիան ունի առավելապես բլրոտ ռելիեֆ (լեռները զբաղեցնում են տարածքի 49,2 % ): Կալաբրիայի տարածքի զգալի մասը (41,8 %) զբաղեցնում են լեռները։ Կալաբրիայի լեռները հանդիսանում են Ապենինների խութեր, և այստեղ դրանց անվանում են Կալաբրիական Ապենիններ։ Դրանք կազմված են առանձին մասերից՝
- հյուսիսում՝ Պոլինո զանգվածի հարավային խութերը, որոնք տեղաբաշխված են Բազիլիկատի հետ սահմանին, առավելագույն բարձրությունը՝ 2267 մ
- հյուսիս-արևելքում, Տիրենեյան ծովի ափին՝ Մերձափյա լեռնային զանգվածը (Կոստերի Կորդիլեռներ)
- երկրամասի կենտրոնից հյուսիս՝ Սիլա լեռնային սարահարթը, դեպի հարավ՝ ընդհուպ մինչև Մարչելինարի նեղուց ձգվող փշատերև ու լայնատերև անտառներով
- կենտրոնում՝ Կալաբրիական լանջազանգվածն է, որը հարավում միանում է Ասպրոմոնտե սարահարթին։ Ամենաբարձր կետը Պեկարարոն է՝ 1420 մ
- Սանտ Էուֆեմիա և Ջոյ Տաուրո հարթավայրերի միջև է գտնվում Պորո սարը (710 մ)
Գետեր և լճեր
Գետերը Կալաբրիայում կարճ են, կախված այն հանգամանքից, որ թերակղզին երկար ու նեղ է և կտրտված է լեռնային զանգվածներով։ Առավել երկար գետերն են Կրատին և Նետոն, որոնք լցվում են Հոնիական ծովը։ Առավել կարճ գետերն են Տրիոնտոն, Տասինան, Կորաչեն, Ամատո-իլ-Մուկոնեն, որոնք սկիզբ են առնում Սիլա լեռնազանգվածից, ու Սավուտո և Լավո գետերը, որոնք սկիզբ են առնում Պոլինո սարահարթից։ Կալաբրիայում շատ արհեստական լճեր կան, որոնց մեծ մասը գտնվում է Սիլա բարձրավանդակում։ Դրանք են՝ Ամպոլինո, Արվո, Չեչիտա և Անջիտոլա։
Պատմություն
Կալաբրիայի ամենահին բնակիչները այստեղ հաստատված օսկերի և սամիթների ցեղերն էին։ Հենց այս ցեղերն էլ հանդիսանում են հարևան մարզի՝ Բազիլիկատի (հնում՝ Լուկանիա) բնակիչների նախահայրերը, որտեղ նրանց անվանում էին լուկաններ։ Բազիլիկատի բնակիչները մինչ օրս այսպես էլ իրենց անվանում են։
Ք.ա. 8-րդ դարից Կալաբրիան գաղութացվեց հույների կողմից։ Այնպիսի քաղաքներ, ինչպիսիք էին Սիբարիսը, Կրոտոնեն և Էպիզեֆիրի Լոկրին, դարձան Մեծ Հունաստանի ամենախոշոր քաղաքները։ Հենց հույներն էլ երկրամասին տվեցին անվանումը « կալոն-բրիոն », որով հույները նշեցին պտղատու հողերի գոյությունը։ Ք.ա. 3-րդ դարում հռոմեացիների կողմից Կալաբրիայի գրավումը բերեց անկման։ Վաղ Միջնադարում Կալաբրիայում, հատկապես ճահճային շրջաններում, շատ տարածված էր մալարիան։ Ափամերձ շրջանները հաճախ ենթարկվում էին ծովահենների ավազակային հարձակումների։ Բյուզանդա-գոթական պատերազմի ժամանակ Կալաբրիան ամբողջովին դատարկվեց։ Կալաբրիան, ինչպես և ողջ Իտալիան, գտնվում էր Բյուզանդական կայսրության իշխանության տիրապետության տակ։ 1061 թվականին Կալաբրիան գրավվեց կաթոլիկ դարձած նորմանների, ինչպես այն ժամանակ ասում էին՝ վիկինգների կողմից։ Վիկինգների առաջնորդներն էին Ռոբեր Գյուսկարը (Ռոբերտո Գյուիսկարդո) և Սիցիլիայի կոմս Ռոժե I-ը ( Ռուջերո Բոսսո)։ Նրանց ժամանակ ձևավորվեց Սիցիլիայի թագավորությունը, որի կազմի մեջ էլ մտավ և Կալաբրիան։ Կալաբրիայի հետագա պատմությունը կապված է այս թագավորության պատմության հետ։ Սկզբում այստեղ գահակալում էր Հոհենշտաուֆենների (Շտաուֆենների) արքայատոհմը։ Հետո իշխանությունն անցավ ֆրանսիական ծագման Անժույան արքայատոհմին (Անժույ Սիցիլիական տուն ), որի հետ պայքարում էր արագոնյան արքայական տոհմը (Արագոնյան գահ)։ Պայքարի արդյունքում տարածքը բաժանվեց երկու թագավորությունների, որոնցից մեկի՝ Նեապոլիտանական թագավորության մեջ էլ մտավ Կալաբրիան։ 15-19-րդ դարերում Կալաբրիայի ափերի վրա հաճախ հարձակվում էին թուրքերը և բերբերները։ Իտալիայի (Ռիսորջիմենտո) միավորման համար մղվող հեղափոխական պայքարի ժամանակ այստեղ՝ Ասպրոմենտեի լեռներում կռվել և վիրավորվել է Ջուզեպպե Գարիբալդին։ Մարզի պատմության վերջին ժամանակաշրջանը սերտորեն կապված է միացյալ Իտալական թագավորության ստեղծման և հանրապետության ձևավորման հետ։ Մինչև 20-րդ դարը Կալաբրիան կազմում էր երկրի գյուղատնտեսության կարևոր մասը։
Վարչական բաժանում
Կալաբրիայի երկրամասը ընդգրկում է հետևյալ մարզերը.
Մարզ | Մարզ, բնակչություն (2013) |
Մակերես, կմ² |
Խտություն, մարդ/կմ² |
Համայնքների թիվը |
---|---|---|---|---|
Կատանձարո | 359 716 | 2391 | 150 | 80 |
Կոզենցա | 714 281 | 6650 | 107 | 155 |
Կրոտոնե | 171 666 | 1717 | 100 | 27 |
Ռեջո-Կալաբրիա | 550 323 | 3183 | 173 | 97 |
Բիբո-Վալենտիա | 162 252 | 1139 | 142 | 50 |
Պետական-վարչական կառավարում
Գործադիր իշխանություն
Տեղական կառավարումը (Giunta Regionale) կազմված է մարզի ղեկավարից (Presidente della Regione), որն ընտրվում է 5 տարով, նրա տեղակալից և նախարարներից (որոնց թիվը այժմ 11 է) [1]։
Օրենսդիր իշխանություն
Մարզային խորհուրդը (խորհրդարան), իտալ.՝ Consiglio Regionale della Calabria), կազմված է 50 անդամից, որոնք ընտրվում են 5 տարով[2]։ Իշխանության տեղական մարմիններին բնորոշ է կոռուպցիայի բարձր մակարդակը։ Մաֆիայի դեմ պայքարի ջատագովներից մեկի՝ գրող Ռոբերտո Սավիանոյի խոսքերով Կալաբրիայի մարզային խորհրդի 50 անդամներից 35-ը ունեն դատվածություն, հետաքննվում կամ մեղադրվում են իրավախախտումների մեջ[3]։
Լեզվաազգագրական բնութագիր
- Իտալական լեզվի կալաբրիական բարբառը մոտ է այլ հարավային բարբառներին։ Երկրամասի հյուսիսում ավելի շատ օգտագործվում է նեապոլիտանական բարբառը, իսկ հարավում՝ սիցիլիականը։ Ներգաղթյալների ազդեցության տակ ձևավորվել են նաև այլ բարբառներ։ Հայտնի է, թե ինչպիսի մեծ փոփոխության է ենթարկվել կալաբրիական բարբառը հունական ազդեցության տակ. բնակչության մի մասը խոսում է այսպես կոչված « հունա-կալաբրիական » բարբառով (կամ՝ գրեկանիկո), որն առաջին հերթին տարածված էր ողջ հարավային Իտալիայում մինչև 11-րդ դարը, իսկ Կալաբրիայում՝ մինչև 16-րդ դարը։ Այժմ այն պահպանված է միայն Բովեզիայի խիստ սահմանափակ քանակով մարդկանց շրջանում։
- Իտալա-ալբանական բարբառ. Կալաբրիայի որոշ հյուսիսային շրջաններում հնագույն ժամանակներում տարածված էր ալբանական ցեղախմբերից մեկի տոսկյան բարբառը։ Այս բարբառով 15-16-րդ դարերում խոսում էին մինչև 300 հազար մարդ, իսկ 2001 թվին՝ 70 հազար։
- Օքսիտանո-ռոմանյան լեզուներ-Կալաբրիական բարբառ. հանդիպում է Գուարդիա-Պիեմոնտեզե փոքր ծովափնյա բնակավայրում։ Այն բնակեցված է վալդենսների սերունդներով, որոնք միջին դարերում աքսորվել էին Պրովանսից, Պիեմոնտից և Լիգուրիայից։
Տնտեսություն
Երկրամասում աճեցնում են հացահատիկ, ձիթապտուղ, ցիտրուսներ, թուզ, կարտոֆիլ, խաղող, որն էլ հանդիսանում է տնտեսության հիմքը։ Ի հավելումն այս ամենի, կարևոր տեղ են զբաղեցնում փայտամշակումն ու ձկնորսությունը։ Երկրամասում կան հանքային աղերի նստվածքներ և սեփական ջրային էներգետիկ պաշարներ։ Այստեղ գործում են մի շարք հիդրոէլեկտրակայաններ։ 20-րդ դարում բարեփոխումների շարքը խթանեց տարածաշրջանի զարգացումը։ Զարգանում է քիմիական արդյունաբերությունը, չնայած որ տնտեսությանը բնորոշ է ագրարային ուղղվածությունը։ Կալաբրիայի тՀամախառն ներքին արդյունքը կազմում է երկրի ամբողջ արդյունքի 2,2 %-ը, կամ 33 507 միլիոն եվրո։ Բնակչության մեկ շնչին ընկնող համախառն եկամուտը 16 244 եվրո է։
Զբոսաշրջություն
Կալաբրիայի զբոսաշրջության հիմքը ձկներով հարուստ ծովն է։ Մերձափնյա տարածքներում իրար են հաջորդում լողափերը և ժայռոտ ափերը։ Բանաստեղծ Գաբրիելե դը Աննունցիոն Ռեջո-դի-Կալաբրիայի լողափը անվանել է «Իտալիայի ամենագեղեցիկ կիլոմետրը»։ Թույլ զարգացած արդյունաբերությունը և խոշոր քաղաքների բացակայությունը ապահովում էին ծովի մաքրությունը, որի շնորհիվ Կալաբրիան այժմ էլ համարվում է բնական դրախտ։ Իրավիճակը, սակայն, փոխվում է, և ծովի ջրերի աղտոտման դեպքերը ավելի հաճախ են դառնում, չնայած՝ ոչ ամենուրեք։ Լեռնային զբոսաշրջությունը տարածված է Ասպրոմենտե և Սիլա լեռներում, Արվո և Ամպոլինո լճերի շրջանում։ Իտալիայի և Սիցիլիայի միջև ընկած նեղուցի ափին է գտնվում Ռեջո-դի-Կալաբրիա քաղաքը՝ Կալաբրիայի ամենամեծ ու ամենահին քաղաքը (մոտ 3000 տարեկան)։ Այստեղ է գտնվում բուսաբանական այգին, Մեծ Հունաստանի ազգային թանգարանը և Արագոնի ամրոցը։ Բացի դրանից, ինչպես Տիրենեյան, այնպես և Հոնիական ծովերի ափամերձ շրջաններում կան մի շարք ավելի փոքր ու գեղատեսիլ քաղաքներ՝ իրենց տեսարժան վայրերով։ Տրոպեայում է գտնվում Սանտա-Մարիա դել Իզոլայի մենաստանը։ Սիդեռնոն հայտնի է հարմարավետ հյուրանոցներով։ Ջերաչեում ուշադրություն են գրավում նորմանյան ամրոցը և հին տաճարը։ Սկուիլաչեն ծովափնյա առողջարան է և հնագիտական պեղումների վայր։ Ստիլոյում է գտնվում հայտնի փիլիսոփա-ուտոպիստ Թոմազո Կամպանելլայի տունը, նորմանյան ամրոցը և բյուզանդական տաճարը։ Կալաբրիայի հիմնական առողջարաններն են Տրոպեան, Սովերատոն, Սկալեան։
Տեղական խոհանոց
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ GIUNTA REGIONALE DELLA CALABRIA Archived 2010-03-22 at the Wayback Machine. (իտալ.)
- ↑ Il sistema elettorale in Calabria(իտալ.)
- ↑ Per un voto onesto servirebbe l’Onu (իտալ.)
Արտաքին հղումներ
- Провинция Реджии Калабрии Archived 2007-05-09 at the Wayback Machine.
- Область Калабрия Archived 1998-01-22 at the Wayback Machine. Официальный сайт области Калабрия.
- Область Калабрия Сайт о Калабрии на русском языке.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 169)։ |
|