Հատիս (լեռ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հատիս (այլ կիրառումներ)
Հատիս | |
---|---|
Տեսակ | Հանգած հրաբուխ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Կոտայքի մարզ |
Լեռնաշղթա | Գեղամա լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2528 մ |
Երկարություն | 40.307745 |
Լայնություն | 44.726088 |
Հրաբուխի ձև | Կոնաձև |
Նյութ | Պալեոգենի լավաներ, պեռլիտներ, |
Հատիս, հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում[1][2][3][4]։ Հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք[2]։ Բարձրությունը կազմում է 2528 մետր։ Գտնվում է Կապուտան գյուղից 2.5 կիլոմետր հեռավորության վրա։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն կոչվող աղբյուրները։
Անուն
Լեռան առավել տարածված անունը Հատիս է։ Օգտագործվել են նաև Ատիս, Հադիս, ինչպես նաև Շամիրամ, Շամիրամի լեռ անվանաձևերը[3][4]։
Գոյություն ունեն լեռան Հատիս կամ Հադիս անվանաձևերի ծագման մի շարք մեկնաբանություններ։ Դրանցից մեկի համաձայն Հատիս անվան հիմքում ընկած է փռյուգիական բնության մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը[3], որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է հայոց թագավոր, աստված Արա Գեղեցիկին։ Ներկայացվածից բխում է, որ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ։Լեռն ունի անվանվան այլ տարբերակներ ևս։ Կոչում են Ատիս, Հադիս, Շամիրամի լեռ։
Լեռան Շամիրամ անվան ծագումը պայմանավորված է Հատիսի՝ Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա գեղեցիկի ու Շամիրամի ավանդապատումի ձևավորման ակունքները[4]։
Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, կա նաև փոքրիկ մի քարանձավ։
Ֆիզիկաաշխարհագրական նկարագիր
Լեռը հանդիսանում է հանգած հրաբուխ և ունի 2528 մ բարձրություն։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով, կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][3][4]։
Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է և սկիզբ առնում Քառասունակն աղբյուրները, որոնք դասվում են խմելու բարձրորակ ջրերի շարքին։ Ընդհանուր ելքերը կազմում են մոտ 1450 լիտր/վայրկյան։ Ջուրը սառնորակ է (7, 3 - 9 °C)։ Հենց այս աղբյուրներից է սկիզբ առել 1912 թվականին Երևան քաղաքի խմելու ջրի առաջին ջրագիծը։ Ներկայում Քառասունակնի ջրերը նույնպես օգտագործվում են մայրաքաղաք Երևանի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար։ Քառասունակնից է սկիզբ առնում Գետառ գետը[1][3][4]։
2008 թվականից Հայաստանի կառավարության որոշմամբ հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք[2]։
-
Տեսարան դեպի Գեղամա լեռներ Արա լեռից, առջևի աջ կողմում Հատիս լեռն է, 04․11․2016թ․
-
Հատիս լեռը Գութանասարից, 10․01․2021թ․
-
Տեսարան Հատիս լեռան լանջից, 0․05․2021թ․
-
Քառասունակն աղբյուրների մի վտակը,
-
Հատիս լեռը Արամուս գյուղից, 17․08․2012թ․
-
Հատիս լեռն Աբովյան քաղաքի մարզադաշտից
-
Հատիս լեռը Երևանի Ավան վարչական շրջանից
Ավանդություններ
Ըստ ավանդության այստեղ է Արա Գեղեցիկը հանդիպել Շամիրամին[3]։
Պատմամշակութային հուշարձաններ
Հատիս լեռան գագաթին և լանջերին են գտնվում շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ։ Լեռան գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան ամրոցի ավերակները։
Հիսուս Քրիստոսի արձան
Համաձայն 2022 թվականի հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ կառավարությունը դրական եզրակացություն է տվել Գագիկ Ծառուկյանի կողմից մտահղացած այն գաղափարին, ըստ որի, Հատիս լեռան գագաթին կառուցվելու է Հիսուս Քրիստոսին ներկայացնող հսկայական արձան[5]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 թվական։
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության կառավարության 14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն որոշում Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը որոշելու մասին, հաստատված 2008 թ. սեպտեմբերի 1-ին վարչապետ Տ․Սարգսյանի կողմից (որոշման թվային տարբերակ), (արխիվացված 10․07․2022թ․)։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 3 (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001 թվական։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հատիս լեռան մասին տեղեկություններ armgeo.am կայքում, (արխիվացված 10․07․2022թ․)։
- ↑ Հիսուս Քրիստոսի արձանը կմեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատիս (լեռ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 272)։ |