Մադրիդ (ինքնավար համայնք) (իսպ.՝ Comunidad de Madrid), ինքնավար համայնք Իսպանիայի կենտրոնում։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Մադրիդն է, որ նաև Մադրիդ պրովինցիայի մայրաքաղաքն է։
Մադրիդ ինքնավար համայնքը հարավից և արևելքից սահմանակցում է Կաստիլիա-Լա Մանչային և հյուսիսից ու արևմուտքից Կաստիլիա և Լեոնին։ Այն ձևավորվել է 1983 թվականին ներառելով Մադրիդի պրովինցիայի և պատմական Նոր Կաստիլիայի տարածքները։
Մադրիդ ինքնավար համայնքը Իսպանիայի ինքնավար համայնքների մեջ բնակչությամբ երրորդ է 6.369.167 (2011) բնակչությամբ, որոնց մեծ մասը ապրում է Մադրիդում[2] Այն նաև ամենախիտ բնակեցված ինքնավար համայնքն է։ Մադրիդի տնտեսությունը գրեթե նույն չափսերն ունի ինչ Կատալոնիայի տնտեսությունը, որը Իսպանիայում մեծագույնն է։ Մադրիդի համայնքի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ամենամեծն է Իսպանիայում[3]։
Պատմություն
Նախապատմություն և Վեստգոթական թագավորություն
Մադրիդ ինքնավար համայնքնում մարդիկ բնակվել են Ստորին պալեոլիթի ժամանակաշրջանից, հիմնականում Մանսանարես, Ժարամա և Հենարես գետերի ավազաններում, որտեղ գտնվել են մի քանի հնագիտական նմուշներ։ Ամենանշանավոր հայտնագործումը Սիեմպոսուելոսում հայտնաբերված կուժն էր (մ. թ. ա. 1970-ից 1470 թվականներ)[4]։ Հռոմեական կայսրության ժամանակ տարածաշրջանը եղել է Սիտերիոր Տարակոնեսե պրովինցիայի մաս, բացառությամբ հարավ արևմտյան մասի, որը մտնում էր Լուսիտանիա պրովինցիայի կազմի մեջ։ Այստեղով անցել են երկու հռոմեական ճանապարհներ` via xxiv-xxix միացնելով Աստրոգան Լամինիումին և via xxv, որը միացրել է Էմերիտա Աուգուստան և Կաեսարաուգուստան։
Վեստգոթական թագավորության ժամանակ տարածաշրջանը կորցրեց իր կարևորությունը։ Բնակչությունը ապրում էր փոքր ավաններում։ Ալկալա դե Հենարեսը եղել է եպիսկոպոսական նստավայր 5-րդ դարում, սակայն այս փաստը բավական չէր, որպեսզի ավանին տային քաղաքի կարգավիճակ։