Մարգարիտա I Դանիացի
Մարգարիտա I Դանիացի | |
Մասնագիտություն՝ | իշխող թագուհի |
---|---|
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | 1353[1][2] |
Ծննդավայր | Սոբորգ Ամրոց, Գրիբսկով, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 28, 1412[1][3][4][…] |
Վախճանի վայր | Ֆլենսբուրգ, Շլեզվիգի Դքսություն, Դանիա, Կալմարյան ունիա |
Թաղված | Ռոսկիլդեի մայր տաճար |
Դինաստիա | Էստրիդսենների Տուն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Հայր | Վալդեմար Իվ Դանիերեն |
Մայր | Հելվիգ Շլեզվիգից |
Ամուսին | Հոկոն ՎԻ Նորվեգերեն |
Զավակներ | Օլաֆ իի Դանիերեն |
Մարգարիտա (Մարգրետե) Դանիացի (դան․՝ Margrete Valdemarsdatter, 1353[1][2], Սոբորգ Ամրոց, Գրիբսկով, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - հոկտեմբերի 28, 1412[1][3][4][…], Ֆլենսբուրգ, Շլեզվիգի Դքսություն, Դանիա, Կալմարյան ունիա), Դանիայի թագուհի 1387 թվականի օգոստոսի 10-ից մինչև 1396 թվականի հունվարի 24-ը, Նորվեգիայի ռեգենտ` 1388 թվականի փետրվարի 2-ից մինչև 1389 թվականի սեպտեմբերի 6-ը և Շվեդիայի թագուհի` 1389 թվականի մարտի 22-ից մինչև 1396 թվականի հունիսի 23-ը[5]։
Կենսագրություն
Մարգարիտան Դանիայի թագավոր Վալդեմար IV Ատտերդագի դուստրն էր, Նորվեգիայի թագավոր Հակոն Մագնուսսոնի կինը։ Որպես խելացի ու վճռական քաղաքական և պետական գործիչ` նա մեծ հեղինակություն էր վայելում Սկանդինավյան երկրներում[6][7]։
Պայքար իշխանության համար
1375 թվականին, երբ Վալդեմար IV-ը մահանում է, նրա անմիջական սերունդներից կենդանի են լինում կրտսեր դուստրը` Մարգարիտան, նրա որդին` Օլաֆը, և մյուս թոռը` ավագ դստեր որդին։ Մարգարիտան հասնում է նրան, որ ռիքսրոդը (թագավորական խորհուրդը) նրան գերադասում է Օլաֆից՝ որպես հանգուցյալ թագավորի ժառանգ։
1380 թվականին՝ Հակոնի մահից հետո, Օլաֆը ժառանգում է նաև Նորվեգիայի գահը։ Այսպիսով, որպես ռեգենտ Մարգարիտան Օլաֆի անունից ղեկավարում է Դանիան և Նորվեգիան, իսկ 1387 թվականին նրա վաղաժամ մահից հետո Դանիայի և Նորվեգիայի լանդսթինգները (տեղական իշխանությունները) նրան հռչակում են «երկրի տիկին և տիրուհի»։
1380-ականների վերջին Շվեդիայում կրկին պայքար է սկսվում ֆեոդալների և թագավորի միջև։ 1388 թվականին ֆեոդալները դիմում են Մարգարիտային՝ Մեքլենբուրգի արքա Ալբրեխտի դեմ պայքարում իրենց օգնություն ցուցաբերելու համար։ 1389 թվականին Մարգարիտայի զորքերը ջախջախում են Ալբրեխտի զորքերին, որից հետո Մարգարիտան հռչակվում է Շվեդիայի «տիրուհի և տիրակալ»։
Այսպիսով, Շվեդիան, Դանիան և Նորվեգիան, ի դեմս Մարգարիտայի ունենալով մեկ տիրակալ, փաստորեն միավորվում են մեկ պետության մեջ։ Երեք ազգակից սկանդինավյան ժողովուրդների քաղաքական միասնությունն ապահովելու համար Մարգարիտան ամուր իրավական հիմք է ստեղծում։ Մարգարիտան հասնում է նրան, որ սկանդինավյան երեք գահերի ժառանգորդ է ճանաչվում Մարգարիտայի քրոջ` Ինգեբորգե Դանիացու թոռը` Էրիկ Պոմերանցին, և երբ 1397 թվականին Էրիկը չափահաս է դառնում, թագադրվում է որպես ամբողջ Սկանդինավիայի (Կալմարյան միություն) թագավոր։ Միևնույն ժամանակ, իրական իշխանությունը շարունակում մնալ Մարգարիտայի ձեռքում, որը տասնհինգ տարի՝ մինչև իր կյանքի վերջը, կառավարում է որպես բոլոր երեք թագավորությունների դե ֆակտո տիրակալ։
Ներքին քաղաքականություն
Մարգարիտայի ներքին քաղաքականությունն ուղղված էր ազնվականների քաղաքական դերի նվազեցմանը և թագավորական իշխանության ամրապնդմանը։ Նրա օրոք ռիքսրոդը հազվադեպ է գումարվում, բայց ամրապնդվում է կապը թագին ենթակա կենտրոնական և տեղական վարչակազմերի հետ, և հետագա զարգացում է ստանում լանդսթինգի ինստիտուտը` ուղիղ կապ հաստատելով երկրի բնակչության լայն խավերի հետ։ Նա ստեղծում է հատուկ դատական համակարգ, որտեղ հողի սեփականատերերը պետք է հաշվետու լինեին, թե ինչ ճանապարհով են այն ձեռք բերել։ Ֆինանսական ոլորտում նա վարում էր խիստ տնտեսման քաղաքականություն և միայն մեկ անգամ է դիմում արտակարգ հարկի սահմանմանը` սեփական դանիական մետաղադրամի հատումը վերսկսելու նպատակով։
Մարգարիտան երկար ժամանակ բնակվում էր Շվեդիայում։ Այստեղ, օգտվելով այն զիջումներից, որոնց շվեդական ֆեոդալները գնացել էին դեռևս Ալբրեխտ Մեքլենբուրգցու հետ պայքարի ընթացքում, նա իրականացնում է ֆեոդալական հողերի կրճատում` վերդարձնելով դրանք պետությանը և դրանով իսկ իրականացնելով այն, ինչին նախկինում ապարդյուն կերպով փորձում էր հասնել Մագնուս Էրիկսոնը։ Կրճատումն անդրադառնում է նաև եկեղեցական կալվածքների վրա, և հոգևորականությունը հայտնվում է հատկապես ծանր իրավիճակում, քանի որ եկեղեցական հողերի կրճատմամբ զբաղվում էր շվեդական ֆեոդալական վերնախավը` Մարգարիտայի վերահսկողության ներքո։
Արտաքին քաղաքականություն
Մարգարիտայի վարած արտաքին քաղաքականության առաջնահերթություններից էր գերմանացիների վտարումը Սկանդինավիայից և Դանիայի սահմանների ընդլայնումը դեպի հարավ (Շլեզվիգ և Հոլշտայն)։ 1385 թվականին նա Հանզայան միությանը ստիպում է հրաժարվել գրավադրված դանիական հողերից, իսկ 1386 թվականին Հոլշտայնի դուքսը ճանաչում է դանիական թագի գերիշխանությունը Հարավային Յուտլանդիայի նկատմամբ։
Մարգարիտան խուսափում էր անդամագրվել սկանդինավյան երկրների այնպիսի միություններում, որոնք պարտավորեցնում էին մասնակցել արտաքին պատերազմներին։ Կազմակերպելով Էրիկ Պոմերանցու ամուսնությունը Անգլիայի թագավոր Հենրի IV-ի դստեր` Ֆիլիպայի հետ՝ Մարգարիտան խուսափում է Ֆրանսիայի դեմ հարձակողական դաշնագրի կնքումից (Հարյուրամյա պատերազմ)՝ սահմանափակվելով հասարակ պաշտպանական դաշնագրով։
Մարգարիտան հետևողական, բայց և զգույշ ու ճկուն քաղաքականություն էր վարում` բանակցային ճանապարհը գերադասելով հարցի ուժային լուծումից, ինչը նրան թույլ էր տալիս խուսափել շվեդական արիստոկրատիայի հետ լուրջ բախումներից։
Համախմբելով ողջ Հյուսիսային Եվրոպան՝ Մարգարիտա Դանիացին դառնում է սկանդինավյան պատմության ամենահայտնի գործիչը։
Թաղված է Ռոսկիլե քաղաքի տաճարում։
Կնիքներ
-
Մարգարիտայի կնիքը, որն օգտագործվել է 1375–1376 թվականներին
-
Մարգարիտայի կնիքը, որն օգտագործվել է 1381–1409 թվականներին
-
Մարգարիտայի կնիքը, որն օգտագործվել է Նորվեգիայում 1388 թվականին
-
Մարգարիտայի կնիքը, որն օգտագործվել է 1390–1393 թվականներին
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Margareta (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 Margareta (շվեդերեն) — SLS.
- ↑ 3,0 3,1 3,2 Norman L. T. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Earenfight, Theresa (2013). Queenship in Medieval Europe. Palgrave Macmillan. p. 238. ISBN 9781137303929.
- ↑ Commire, Anne (2000). Women in World History, Volume 10. Gale. p. 234. ISBN 0-7876-4069-7.
- ↑ Margareta Skantze in Drottning Margaretas historia ISBN 978-91-978681-1-2 p.202
Գրականություն
- Etting, Vivian (2004), Queen Margrete I (1353-1412) and the Founding of the Nordic Union. Brill.
- Etting, Vivian (2009), Margrete den første, Nordisk Forlag A/S, ISBN 978-87-02-07177-1.
- Magill, Frank N. (2012), The Middle Ages: Dictionary of World Biography, volume 2, Routledge, ISBN 9781136593130.
- Jacobsen, Grethe, Less Favored – More Favored: Queenship and the Special Case of Margrete of Denmark, 1353–1412 (PDF).
- Otte, E.C. (1874), Scandinavian History.
- White, Richard (2010), These Stones Bear Witness, AuthorHouse, ISBN 9781452017198
- Derry, Thomas Kingston (2000), A History of Scandinavia, Minneapolis: University of Minnesota Press
- История Дании. — М., 2007;
- И. Андерссон. История Швеции. — М., 1951.
Արտաքին հղումներ
- Chisholm, Hugh, ed. (1911). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջ 702.. .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա I Դանիացի» հոդվածին։ |
|