Սովորել է Հայգեյթի դպրոցում (Լոնդոն) և Օքսֆորդի համալսարանում, որտեղ ընկերացել է բանաստեղծ Ռոբերտ Բրիջեսի հետ։ Հարել է Անգլիկան եկեղեցու օքսֆորդյան շարժմանը, հետո, ինչպես շարժման շատ գործիչներ, 1866 թվականին անցել է կաթոլիկության։ 1868 թվականին մտել է «Հիսուսի միաբանություն» կազմակերպության մեջ։ Ոչնչացրել է նախկինում գրվածները և հրաժարվել բանաստեղծություններ գրել, սակայն 1875 թվականին նորից սկսել է գրական այդ ժանրով ստեղծագործել՝ գրելով «Գերմանիայի խորտակումը» պոեմը։ 1884 թվականին դասավանդել է հունական գրականություն Դուբլինի համալսարանական քոլեջում։ Մահացել է տիֆային տենդից։
Ժառանգություն և ճանաչում
Կենդանության օրոք Հոփքինսը հոգ չի տարել իր ստեղծագործությունների տպագրման մասին. հրապարակվել են նրա միայն մի քանի բանաստեղծություններ։ 1918 թվականին նրա գրական ժառանգությունը հրատարակել է այն ժամանակ ճանաչված բանաստեղծ դափնեկիր Ռ. Բրիջեսը։ Դրանից հետո Հոփքինսը ճանաչվել է անգլալեզու ամենամեծ բանաստեղծներից մեկը։ Նորարարական ռիթմիկայով աչքի ընկնող «ցատկող բանաստեղծությունը», որի նմանությամբ գրվել են նրա հոգևոր սոնետների մեծ մասը, ձևավորվել է հին սաքսոնական պոեզիայի,ուելսական բանաստեղծության, մանկական երգերի և հաշվելուկների ազդեցության տակ։ Ջերարդ Մենլի Հոփքինսի բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Էռնեստ Կշենեկը, Սեմյուել Բարբերը, Միլթոն Բեբիթը, Մայքլ Թիպետը, Նեդ Ռոռեմը, Ջոնաթան Հարվին, Շոն Օ՚Լիրին, Լեոնիդ Դեսյատնիկովը[10]։