Սամսուն (թուրքերեն՝ Samsun), Սամսոն, հնում՝ Ամիսոս (հունարեն՝ Aiiuxos), քաղաք և նավահանգիստ Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի Սամսուն խորշի ափին, Սամսուն վիլայեթի վարչական կենտրոնը։ Ունի 532 000 բնակիչ։
Արտահանում է ծխախոտ, հացահատիկ, բուրդ, մրգեր։ Ավտոճանապարհների հանգույց է։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ծխախոտագործական շրջանի կենտրոն է, ներմուծվող ապրանքների բաշխման կայան։ Կա ծխախոտի, սննդի, քիմիական արդյունաբերություն, հանքային պարարտանյութերի արտադրություն, ձկնորսություն։
Պատմություն
Սամսունը հիմնադրել են հույները մ.թ.ա. 6-րդ դարում։ Բարձր ծաղկման է հասել Պոնտոսի թագավորության ժամանակ (մ․ թ․ ա․ 3-ից 1-ին դարերում)։ Մ․ թ․ ա․ 2-րդ դարում վերջին վերակառուցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։ Ունեցել է ինքնավար քաղաքի իրավունքներ, եղել առևտրի և արհեստագործության կենտրոն։ Իր ճառերից մեկում Կիկերոնը գովեստով է խոսում վաճառաշահ Սամսունի մասին։ Պոնտոսի թագավորության անկումից (մ․ թ․ ա․ 66) հետո Սամսուն անցել է Հռոմեական, ապա՝ Բյուզանդական կայսրությանը, իսկ 15-րդ դարում այն նվաճել են օսմանյան թուրքերը։ Քաղաքը փռված է ծովեզրյա լեռնաբլուրներին, որոնց զառիթափ կողերին պահպանվել են վիմափոր հին դամբարաններ (մի քանիսը բաղկացած են բազմահարկ և հարակից սրահներից), արձանագիր և պատկերաքանդակ տապանաքարեր, անդրիներ, անտիկ դրամներ են։ Հին ու միջին դարերում Սամսունը ունեցել է ամուր բերդ (այժմ՝ ավերակ)՝ կառուցված շուրջ 150 մ բարձրությամբ բլրի վրա։ Սամսունում են ծնվել և գործել մաթեմատիկոսներ Դեմետրիոսն ու Դիոնիսիդորոսը, քերականագետ Տիրանիոնոսը (մ․ թ․ ա․ 1-ին դար), որին ունկնդրել է Սարաբոնը։
Հայերը Սամսունում
Հնագույն ժամանակներից Սամսունում բնակված հայերը զգալի դեր են խաղացել քաղաքի արհեստագործ ու առևտրական կյանքում։ Սամսունից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), մրգեր են։ 1914 թվականին Սամսունում բնակվում էր ավելի քան 10 հազար հայ։ Ունեին 2 եկեղեցի (Առաքելական և Ավետարանական) և 2 վարժարան։ Սամսունի Հայոց առաջնորդական թեմի կենտրոն էր։ Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտական ամսագիրը (1914)։ Սամսունի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանությունը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Եթերյան, Իպրանոսյան, Ասրյան, Աբրահամյան, Պահճեգուլան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, Սամսունի հայերը ենթարկվեցին բռնագաղթի և կոտորածների։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 161)։
|