Սերուցքային պանիր
Սերուցքային պանիր cream cheese | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, Սփրեդ և կաթնամթերք |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Կաթ | կովի կաթ և Q1617738? |
Պաստերիզացում | այո |
Կազմվածք | փափուկ սպիտակ զանգված |
Cream cheese Վիքիպահեստում |
Սերուցքային պանիր (անգլ.՝ cream cheese, փափուկ պանիր), կաթից և սերուցքից պատրաստված փափուկ, չափավոր քաղցր համով պանիր (այստեղից էլ պանրի անվանումը)։ Ըստ ֆրանսիական աղբյուրների, այն հայտնի է 17-րդ դարից ի վեր։
Պանիրն ունի նուրբ բաղադրություն, չի պահանջում հասունացման շրջան և դրանով տարբերվում է այլ փափուկ պանիրներից, ինչպիսիք են՝ բրին և նյոշատելը։ Համին, կառուցվածքին, բաղադրությանը, ինչպես նաև պատրաստման եղանակին առավել նման են բուրսենը և մասկարպոնեն։
Սերուցքային պանիրներ են նաև ֆրանսիական «Chavroux»-ը և «Petit-suisse»- ը, ինչպես նաև նորվեգական «Snofrisk »- ը։ Բաղադրությունը և ճարպի պարունակությունը կարող է տարբեր լինել` կախված պանրի տեսակից։
Այն օգտագործվում է հանրաճանաչ ուտեստներ (գլանափաթեթներ, չիզքեյք և «Կարմիր թավշյա» տորթ) պատրաստելու համար։
Պանիր «Ֆիլադելֆիա»
Ամերիկայում ամենահայտնի պանիրը կրում է «Ֆիլադելֆիա» անվանումը։ Այն արտադրում է ամերիկյան Kraft Foods ընկերությունը։ Այս պանիրը արտադրվել է 1872 թվականից, անունը ստացել է ի պատիվ Ֆիլադելֆիա քաղաքի, որը այն ժամանակ հայտնի էր իր գերազանց որակի սննդով։
Այս պանիրը բաղկացած է կովի յուղազրկված, պաստերիզացված կաթից և կաթնային ճարպից, շիճուկի սպիտակուցային խտանյութից, պանրի մշակման խտանյութերից, աղից, շիճուկից, կայունացուցիչներից (աշորայի խեժ կամ բակլայի խեժ), սորբինաթթվից (որպես կոնսերվանտ), վիտամին А պալմիտատից[1]։
Կաթը պաստերիզացվում է, հետո հոմոգենիզացվում և սառեցվում է հաջորդ փուլը սկսելու համար։ Կաթը դանդաղ տաքացվում է ֆերմենտացիայից առաջ։ Դրա համար պատրաստի խառնուրդը համասեռացնում են թթխմորի հետ՝ կաթնային սպիտակուցների մակարդման և պանրի մակարդուկը շիճուկից առանձնացնելու համար։
Դրանից հետո շիճուկը առանձնացվում է պանրից։ Պանրի զանգվածին տրվում է ցանկալի տեսք և ավելացվում է աղ ու կայունացուցիչներ։ Համային հավելումները, ինչպիսիք են՝ սխտորը, բույսերը, ավելացնում են արդեն պատրաստի սերուցքային պանրին փաթեթավորելուց առաջ։