Սպիտակագլուխ անգղ
Սպիտակագլուխ անգղ | |
Սպիտակագլուխ անգղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Արծվառյուծներ (Gyps) |
Տեսակ | Սպիտակագլուխ անգղ (G. fulvus) |
Միջազգային անվանում | |
Gyps fulvus Hablitz, 1783
| |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Սպիտակագլուխ անգղ (լատին․՝ Gyps fulvus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ, նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ընդհանուր բնութագիր
Մարմնի երկարությունը 95-105 սմ է, թևերի բացվածքը՝ 240-280 սմ, կենդանի զանգվածը՝ 6-8 կգ։ Խոշոր անգղ է, գլուխը՝ փոքր, թռչում է երկար վիզը ներս քաշած, թևերը լայն բացած։ Հասուն թռչնի գլուխը և վիզը բաց մոխրագյուն են, վզի հիմքում կա նուրբ փետուրների սպիտակ օձիք, մարմինը բաց դարչնագույն է, թևատակի ծածկողների բաց գույնի զոլերը ցայտերանգ են՝ մուգ թափահարողների համադրությամբ։ Երիտասարդ թռչունը նման է հասունին, սակայն մարմինը վերևից ավելի մուգ է, ներքևից՝ թևատակի ավելի բաց գույնի զոլերով։ Գետնից պոկվում է թափավազքով, սավառնում մեծ բարձրություններում՝ վեր պարզած թևերով, հաճախ՝ փոքր խմբերով։
Սնման ձև
Լեշի վրա հավաքված անհատները նախահարձակ են միմյանց նկատմամբ։ Իշխում է գիշանգղի վրա։ Սնվում է լեշերով (հատկապես՝ ներքին օրգաններով և փափուկ հյուսվածքներով)։ Սպիտակագլուխ անգղը կենդանի որսի չի հետապնդում, գոյության միակ նախապայմանը դաշտում լեշերի առկայությունն է, որն արդի պայմաններում խիստ կրճատվել է, ուստի ողջ տարվա ընթացքում լրացուցիչ կերակրման կարիք ունի։ Օգտակար է որպես բնական սանիտար։
Տարածվածություն
Հայաստանում տարածված է խոշոր ժայռագոյացումներով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից Տավուշի մարզ։
Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից` Հարավային Եվրոպայով դեպի հարավ` մինչև Կենտրոնական Ասիա, Տաջիկստան և Ալթայ[1]։
Սերունդ և նրա խնամք
Ճյուղերից, խոտաբույսերից, լաթերից պատրաստված և 40-46 սմ տրամագծով բույնը հիմնականում գաղութային է։ Բնադրում է ժայռերի խորշերում, քիվերին, ճեղքերում։ Ձվադրում է փետրվար-մարտ ամիսներին, հազվադեպ՝ ապրիլին։ Դնում է 90 մմ տրամագծով, սպիտակ 1-2 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 55 օր։ Ձագերը բներում հայտնվում են ապրիլ-մայիս ամիսներին, բնից հեռանում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (110-117, հազվադեպ՝ 122-124 օրականում), կերակրվում են ծնող թռչունի փսխման զանգվածով։ Այդ շրջանում բները լցվում են անտանելի գարշահոտությամբ։
Պահպանություն
Սպիտակագլուխ անգղը սակավաթիվ և վտանգված տեսակ է։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 35-40 բնադրող զույգ։ 15 առանձնյակ պահվում է Երևանի կենդանաբանական այգում, և 110 առանձնյակ՝ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։
Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով թունաքիմիկատների օգտագործումը, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թակարդներում դրված կերով թունավորումը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը։
Առնվազն 5 զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» արգելոցում։ Մյուս զույգերի կերային տարածքները գտնվում են «Շիկահող» արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում։ Գրանցված է CITES-ի Հավելված 2–ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակագլուխ անգղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակագլուխ անգղ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |