Վահրամ Ալազան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբուզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Ալազան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Վահրամ Մարտիրոս Գաբուզեան
Ծնվել էմայիսի 6 (19), 1903[1][2]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 17, 1966(1966-05-17)[1][2] (62 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Գրական անունԱլազան
Մասնագիտությունգրող, խմբագիր և հասարակական գործիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունՀԳՄ[1]
ԱշխատավայրԳրական թերթ[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Վահրամ Ալազան Վիքիդարանում

Վահրամ Ալազան (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան, նաև՝ Գարբուզյան, մայիսի 6 (19), 1903[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 17, 1966(1966-05-17)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ է, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

Վահրամ Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։

Ալազանն անձամբ է տեսել ու ապրել հայոց ցեղասպանության ողբերգությունը, և ընտանիքի հետ ապաստան գտել Երևանում, որտեղ ուսմանը զուգընթաց, մասնագիտացել է գրաշարության մեջ։

1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ լույս են տեսնում նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։ 1922 թվականին հրատարակվում է գրողի անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին Ալազանն ակտիվորեն մասնակցում է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է «Ավանգարդ» թերթի հիմնադիրներից մեկը (1922), «Տպագրական բանվոր» բազմատիրաժ լրագրի խմբագիրը (1922-1930), Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923-1932), Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ (1923-1936), Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը (1933-1936), «Գրական թերթի» խմբագիրը (1932-1936)։ Վահրամ Ալազանին բախտ է վիճակվել մասնակցելու 1935 թվականին Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։ 1936 թ. տրոցկիստ, նացիոնալիստ, հակահեղափոխական, Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ և նմանատիպ այլ անհիմն մեղադրանքների հիման վրա դատապարտվում է 10 տարվա ազատազրկման։ 1946 թվականին պատժաչափը Սովետական Միության մոտ տասնյակ բանտերում կրելուց հետո վերադառնում է հայրենիք։ Սակայն որպես նախկին քաղաքական բանտարկյալ, նրան թույլ չեն տալիս ապրել Երևանում և աքսորում են Աշտարակ։ Այստեղ Ալազանը, անկախ իր կարգավիճակի ու անտանելի պայմաններից, կարողանում է հիմնել Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ 1949 թվականին վերոնշյալ անհիմն մեղադրանքներով, այս անգամ արդեն ցմահ, աքսորում են Սիբիր։ 1954 թվականին՝ լիովին արդարացվելուց հետո, վերադարձել է հայրենիք, սակայն բանտերում և աքսորներում կրած տառապանքներն անհետևանք չեն մնում։ Տաս տարի (1956-1966) մինչև մահ կաթվածահար գամված է եղել անկողնուն։ Ծանր հիվանդության տարիներին նա իր մեջ կարողացել է ուժ գտնել և իր կյանքի տառապալից ուղին թելադրել թղթին ու հանձնել պատմությանը։ Հետմահու՝ 1990 թվականին, տպագրվել է «Տառապանքի ուղիներում» գիրքը, որտեղ հեղինակը ներկայացրել է ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի դաժան մթնոլորտը։ Գիրքը հարուստ է 1930-1940-ական թվականներին բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական նյութով։

Վահրամ Ալազանը մահացել է 1966 թվականի մայիսի 17-ին, թաղված է քաղաքային պանթեոնում։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Բանաստեղծի սիրտը» և «Հյուսիսային աստղ» գրքերը[3]։

Ստեղծագործական աշխատանք

Վահրամ Ալազանի հուշատախտակը Երևանում

Ալազանը հետևելով Եղիշե Չարենցի հայտնի պատգամին՝ «թե ուզում ես երգըդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», արձագանքում է ժամանակի ոգուն, ժողովրդի կյանքին, օրվա հուզող ու հրատապ հարցերին։ Տարբեր տարիների իր բազմաժանր ստեղծագործություններում Ալազանն անդրադարձել է ժամանակի ամենահիմնական երևույթներին՝ սկսած ազատության համար պայքարի հերոսական դրվագներից, նոր մշակույթ ստեղծելու ծրագրային խնդիրներից մինչև Հայրենական մեծ պատերազմը և ետպատերազմյան խաղաղ շինարարությունը։

Ալազանի «Մաքառումներ» (1933), «Բանաստեղծի սիրտը» (1954), «Հորիզոններ» (1957) գրքերում ամփոփված ստեղծագործությունները լավագույն նմուշներ են հայ չափածոյի մեջ։

1934 թվականին հրատարակվում է Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում» վեպը, որը հայ արձակի լավագույն նմուշներից է։

«Հյուսիսային աստղ» ստեղծագործությունը պատկերում է հյուսիսում գտնվող ապակու գործարանի բանվորության հերոսական աշխատանքը։ «Հյուսիսային աստղ» վեպն անթերի գործ է և թարգմանվել է ռուսերեն։

Վ. Ալազանը հեղինակ է նաև բազմաթիվ քաղաքական-հրապարակախոսական, գրաքննադատական արժեքավոր հոդվածների։ Նա Վ. Նորենցի հետ կազմել, խմբագրել, հրատարակել է Մ. Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Արևմտահայ բանաստեղծներ» հատընտիրը, Պետրոս Դուրյանի «Տաղերը»։

Գրական անունը

Գրական գործունեության առաջին տարիներին ստորագրել է Հորձանք և Վ. Անողոք ծածկանուններով։ Հետո հարմար գրական անուն որոնելիս՝ մտաբերել է տարիներ առաջ ընթերցած Գևորգ Բաշինջաղյանի «Ալազանի դաշտավայրում» խորագրով հոդվածը։ Նրան դուր է եկել Ալազան անունը, որը դարձել է նրա գրական անունը։

Ծածկանուններ

Բացի իր Վահրամ Ալազան գրական անունից՝ օգտագործել է հետևյալ ծածկանունները՝ Ա., Ա. Ն., Ա. Նակ., Վ. Ան., Արտ., Վ. Արտ., Ալազան, Ալ-Զար, Վ. Անողոք, Ա. Բանվոր, Բանվոր Վ. Ա., Բանվոր Վ. Ան., Վ. Անողոք Բանվոր, «Գրական դիրքերում»-ի խմբագրություն, Գրաշար Ալազան, Գրաշար Վ., Գրաշար Վ. Անողոք, Լ. Տ., Մ. Մ., Ս., Ս. Ս., Ավ. Սարգսյան, Վ. Ա., Վահրամ-Անողոք, S., Алазан, Alazan[4]:

Մեջբերումներ Ալազանի մասին

...Ալազանը մոտենում է ինձ, ձեռքս սեղմում, հավանության խոսքեր ասում... Աստված իմ, ինչ երջանկություն էր դա... Իմ արդեն բավական երկար գրական ճանապարհին ես հավանության շատ խոսքեր ու արտահայտություններ եմ լսել ու տեսել, սակայն երևի ոչ մի անգամ այդպիսի հրճվանքի և երանության պահեր չեմ ունեցել, ինչպես այդ օրը։ Ընկերուհիներիս հետ փողոցներով անցնելիս երազում էի, որ հանդիպի Ալազանը, բարևի ինձ, և ընկերուհիներս տեսնեն, որ ես ծանոթ եմ նրան, որ նա ինձ գիտե, ճանաչում է...։
- Սիլվա Կապուտիկյան, «Գրական թերթ», 18 մայիսի 1973
Մեր պայծառ Ալազանին՝ իմ գրական թոթովանքների առաջին հովանավորին և խրախուսողին, սիրով և երախտագիտությամբ։
- Սիլվա Կապուտիկյան, "Սրտաբաց զրույց", 11.04.55 թ.
Վահրամ Ալազանը պատկանում է այն գրողների թվին, որոնք չեն մոռացվում և որպես մարդ և որպես ստեղծագործող ապրում են բոլորի հետ։
Վահրամ Ալազանի բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի, որոնք տարածվել են ժողովրդի մեջ և մասսայականություն են վայելում։
Անձնական մեծ հմայքի և ազնվության տեր այս մարդը կուլտուրայի անխոնջ մշակ էր, նաև գրական գործիչ, փայլուն ժուռնալիստ...: Աշխույժ ու բովանդակալից էր նրա ղեկավարած գրական աշխարհը։ Հավաքույթներ, բանավեճեր, առանձին գործերի քննարկումներ, գրական մեծ ասուլիս։ Ու միշտ լեփ-լեցուն դահլիճ, ուր շքեղ ու վեհափառ շողշողում էին...ժամանակի բոլոր մեծերն ու լուսամիտները...
- Աղավնի, «Գրական թերթ», 18 մայիսի 1973։

Երկերի մատենագիտություն

  • Տարիների խաղը, Երևան, 1922, 16 էջ։
  • Հրաբխապոեզիա. Ժայթքում առաջին, Երևան, 1923, 31 էջ։
  • Աշխատանքային, Երևան, 1924, 85 էջ։
  • Գյուղի գիշերը, Երևան, 1925, 22 էջ։
  • Օրիորդ Օլգա, Երևան, 1925, 16 էջ։
  • Պոեմ գյուղի մասին, Թիֆլիս, 1926, 35 էջ։
  • Դասալիքը (պատմվածք), Երևան, 1927, 120 էջ։
  • Քսանվեցը, Երևան, Պետհրատ, 1928, 63 էջ։
  • Ճանապարհին (վեպ), Երևան, Պետհրատ, 1929, 114 էջ։
  • Պատմվածքներ, Վաղարշապատ, 1929, 54 էջ։
  • Երգեր կառուցման և հաղթանակի, Երևան, Պետհրատ, 1930։
  • Պոեմ պատերազմի, խաղաղության և հնգամյա պլանի մասին, Երևան, Պետհրատ, 1931, 40 էջ։
  • Եռագույնի ու մահի երկրում, Երևան, Պետհրատ, 1931, 74 էջ։
  • Հայ ֆաշիստները գրական անդաստանում (հոդվածներ), Երևան, Պետհրատ, 1932, 87 էջ։
  • Խորհուրդների համար (ըստ Օսիպ Կոլչիկի), Երևան, Պետհրատ, 1932, 21 էջ։
  • Թղթի և արճիճի հերոսները, Երևան, Պետհրատ, 1933, 13 էջ։
  • Մաքառումներ (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1933, 236 էջ։
  • Տասներկու տարի (Սովետական Հայաստանի 1920-1932 թվականների մշակութային կյանքի նոթագրություն, հեղինակակից` Վաղարշակ Նորենց), Երևան, Պետորատ, 1933, 198 էջ։
  • Վաթսուներորդ հորիզոնում (վեպ), Երևան, Պետհրատ, 1934, 568 էջ[5]։
  • Դասալիքը, Երևան, Պետրատ, 1934, 96 էջ։
  • Կուլտուրայի պաշտպանության միջազգային կոնգրեսի արդյունքներ, Երևան, Պետհրատ, 1935, 64 էջ։
  • Դարը, դարի դեմ, Երևան, Պետհրատ, 1936, 12 էջ։
  • Բանաստեղծի սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1954, 335 էջ։
  • Ժողովրդի կամքը (փոքրիկ պոեմ մեծ աղջկա մասին), Երևան, Հայպետհրատ, 1955, 15 էջ։
  • Հյուսիսային աստղ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1956, 486 էջ։
  • Հորիզոններ։ Չափածո.- Երևան, Հայպետհրատ, 1957, 387 էջ։
  • Հյուսիսային աստղ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1958, 503 էջ։
  • Հուշեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 270 էջ։
  • Լուսեղենն ու կարոտը (հեքիաթ պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1962, 47 էջ։
  • Հուշեր, Երևան, Հայաստան, 1967, 374 էջ։
  • Անտիպ երգեր, Երևան, Հայաստան, 1972.- 85 էջ։
  • Տառապանքի ուղիներով (հուշեր), Երևան, Խորհրդային գրող, 1990, 238 էջ[6]։
  • Դիրքերում, Երևան, ա. թ., 8 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Պիեսների ժողովածու (մի մասը թարգմանել է Վ. Ալազանը), Երևան, 1952, 154 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Վ. Ալազանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ։
  • Յան Ռայնիս, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Վ. Ալազանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Վ. Ալազանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։

Գրականություն Ալազանի մասին

  • Աղավնի, Մեծ հոգով այս մարդը (Ծննդյան 70-ամյակը), Գրական թերթ, 18 մայիսի, 1973։
  • Ափինյան Ա., Անկախության Գինը («Եռագույնի ու մահի երկրում» գրքի մասին). Հայաստանի Հանրապետություն, 30 հունիսի, 1991։
  • Կապուտիկյան Ստեփան, Մարդ, որն ապրում է մեր մեջ (Ծննդյան 70-ամյակի առթիվ), Գրական թերթ, 1973, 18 մայիսի։
  • Մանուկյան Ս., Վահրամ Ալազան (Ծննդյան 80-ամյակի առթիվ), Գրական թերթ, 1983, 10 հունիսի։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 579։
  5. Ալազան, Վահրամ (1934). Վաթսուներորդ հորիզոնում։ վեպ. Պետհրատ.
  6. Ալազան, Վահրամ Մարտիրոսի (1990). Տառապանքի ուղիներով։ (Հուշեր). Խորհրդային գրող. ISBN 9785550004173.

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Ալազան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134