Տրբովլե (սլովեներեն՝ Trbovlje[1]գերմ.՝ Trifail[2]), քաղաք Սլովենիայի կենտրոնական մասում, Սավայի կենտրոնական գետահովտում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Առողջարանային քաղաք է. մերձակայքում կան հանքային աղբյուրներ։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի տվյալներով եղել է 14.997[3]:
Տրբովլեն առաջին հերթին հայտնի է որպես ածխի արդյունահանման կենտրոն։ Քաղաքից մի քանի կիլոմետր դեպի հարավ գտնվող Բուկովա գոռայի ածխահանքերն սկսել են շահագործել 1804 թվականից[4]։ Գործում է ածուխով աշխատող ջերմաէլեկտրակայան, որի 360 մետր բարձրություն ունեցող ծխնելույզը համարվում է իր տեսակի մեջ ամենաբարձրը Եվրոպայում[5]։
1849 թվականին քաղաքը երկաթուղով կապվել է Հարավավստրիական երկաթուղուն, որը խթան է դարձել նրա հետագա զարգացման համար։ Հենց միայն 19-րդ դարում շարք են մտել ցեմենտի գործարանը, մեխանիկական զտիչը, սղոցարանը, հիդրոէլեկտրակայանը[6]։ Սլովենիայի գլխավոր՝ E-70 երկաթուղով Տրբովլեն կապված է Լյուբլյանայի, Զագրեբի, Մարիբորի և այլ մեծ ու փոքր քաղաքների հետ։
Տրբովլեին լայն ճանաչում ու համբավ է հավելել նաև «Լայբախ» երաժշտախումբը, որը ծնունդ է առել այս քաղաքում 1980 թվականին։