Փարիզը 20-րդ դարում (վեպ)
Փարիզը 20-րդ դարում ֆր.՝ Paris au XXe siècle | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա, սոցիալական ֆանտաստիկա և ֆուտւրիստական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1860 |
Նկարագրում է | Փարիզ |
Էջեր | 216 |
Նկարազարդող | Ֆրանսուա Շույտեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1994 |
OCLC | 606108086 և 805367336 |
Փարիզը XX դարում (ֆր.՝ Paris au XXe siècle) ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը։ Վեպի գրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն գրվել է 1860 թվականը ընկած ժամանակաշրջանում, սակայն չի ընդունվել հրատարակիչների կողմից։ Պիեռ Ժյուլ Էտցելը համարում է, որ Վեռնի հոռետեսությունը կկործանի հեղինակին և առաջարկում է հետաձգել վեպի հրատարակությունը 20 տարով և Ժյուլ Վեռնը այն թաքցնում է գրադարակում և չի պարտրաստվում հրատարակել այն։ Հետագայում վեպը, նույնիսկ, համարվում է կորած։ 1989 թվականին վեպը, պատահաբար, հայտնաբերվում է Ժյուլ Վեռնի թոռան՝ Ժանի կողմից պահարանում, որը, ըստ Միշել Վեռնի ենթադրության, դատարկ էր։ Վերջապես վեպը հրատարակվում է 1994 թվականին Ֆրանսիայում՝ Պիեռ Գոնդոլո դելլա Ռիվաի խմբագրմամբ, վեպի գրվելուց մոտ 131 տարի անց։ Այն հրատարակվել է Hachette հրատարակչության կողմից՝ Ֆրանսուա Շուտենի նկարազարդումներով։
Սյուժե
Վեպի գործողությունները սկսվում են Փարիզում՝ 1960 թվականի օգոստոսի 13-ին։ Վեպի գլխավոր հերոսը 16-ամյա մի պատանի է՝ Միշել Դյուֆրեն, որը մասնագիտացված կրթություն է ստացել գրականության բնագավառում և հայտնաբերում է, որ աշխարհը հագեցած է բիզնեսի և տեխնոլոգիաների շնչով։ Միշելը ապրում է իր հարգարժան հորեղբոր՝ Ստանիսլավ Բուտարդինի և նրա ընտանիքի հետ։ Դպրոցն ավարտելու հաջորդ օրը Բուտարդինը հայտնում է Միշելին, որ նա պետք է սկսի աշխատել բանկային գործակալությունում։
Միշելը աշխատանքից հետո, օրվա մնացած մասը, անց է կացնում XIX դարի դասական գրողներ Հյուգոյի և Բալզակի ստեղծագործությունների ուսումնասիությամբ։ Գրախանութներում, բացի տեխնիկական գրականությունից, ոչ մի գրականություն հասանելի չէ։ Վերջին միջոցը գրադարանն է։
Գրադարանի գրադարանավարը, պարզվում է, Միշելի ազգականն է, որը մինչև հիմա էլ աշխատում է արվեստի բնագավառում։ Նա համարվում է «խայտառակություն» ընտանիքի և նրա մյուս անդամների համար, բայց հեռվից նա հետևում էր Միշելի կյանքին։ Դա նրանց առաջին հանդիպումն էր։
Իր նոր աշխատանքում Միշելը անհաջողություններ է կրում յուրաքանչյուր հարցում և նրան տեղափոխում են այլ աշխատանքի, որտեղ նա պետք է հաշիվներ թելադրի հաշվապահ Քենսոնասին։ Քենսոնասը նրան հայտնում է, որ սա այն աշխատանքն է, որը նրան թույլ է տալիս սնվել, ապրել և պահպանել իրեն՝ այն ժամանակ, երբ նա շարունակում է իր աշխատանքը խորհրդավոր երաժշտական նախագծի վրա։
Եկել է ժամանակը, որ նա այցելության գնա իր ազգական, գրադարանավար Հուգենենին, որի մոտ հանդիպում է իր նախկին ուսուցիչ Ռիչելոտին և նրա թոռնուհուն՝ մադմուազել Լյուսիին։ Քենսոնասը և Միշելը երազում են դառնալ զինվորական, սակայն պատերազմները դարձել են այնքան գիտական, որ զինվորների կարիք այլևս չկա։
Շուտով Միշելը և Լյուսին սիրահարվում են միմյանց։ Միշելը Քենսոնասի հետ խորհրդակցում է կանանց մասին և վերջինս նրան բացատրում է, որ չկա այլևս կին հասկացություն՝ գործարաններում անընդհատ կրկնվող անմիտ աշխատանքների և գիտության ու դրամի նկատմամբ վերաբերմունքի արդյունքում կանայք դարձել են լկտի, տգեղ և հոգեկան։ Այդ զայրույթի պահին Քենսոնասը թանաքը թափում է հաշվապահական հաշվարկների վրա և նրան՝ Միշելի հետ միասին, ազատում են աշխատանքից։ Նա մեկնում է Գերմանիա։
Միշելի որոշում է դառնալ լրագրող։ Դա հանգեցնում է նրան, որ, ապրելով Քենսոնասի բնակարանում և բանաստեղծություններ գրելով, նա ստիպված է լինում կերակրվել արհեստական սննդամթերքներով, որոնք ստացվում էին քարածխից։ Վերջ ի վերջո Միշելը գրում է բանաստեղծությունների գիրք՝ «Հույս» անվանումով, սակայն Փարիզի հրատարակչություններից ոչ մեկը այն հրատարակության չի ընդունում։
1961 թվականի մոտենում է ավարտին և ամբողջ Եվրոպային պատում է աննախադեպ ուժգնությամբ ձմեռը։ Գյուղատնտեսությունը վտանգի տակ է, սննդամթերքը սպառվում է և սով է տարածվում։ Ջերմաստիճանը իջնում է մինչև մինուս 30 աստիճան։
Միշելը իր վերջին խնայողությունները ծախսում է Լյուսիի համար թառամած մանուշակներ գնելու վրա, որը նրա գտած ծաղկի խանութի միակ ծաղիկներն էին։ Սակայն պարզվում է, որ Լյուսին և նրա պապը անհայտացել էին բնակարանից այն բանից հետո, երբ վերջինս զրկվել էր աշխատանքից և բազմաթիվ պարտքեր էր կուտակել։ Միշելը չի կարողանում գտնել նրանց Փարիզի հազարավոր սովյալ մարդկանց մեջ։
Միշելը վշտաբեկ, զրկված ընտանիքից և հարազատներից, թափառում է Փարիզում, մինչև ոտքերը նրան տանում են դեպի գերեզմանատուն, որտեղ և նա ուշագնաց ընկնում է ձյան վրա[1]։
Բովանդակություն
Գիրքը բաղկացած է տասնյոթ գլուխներից։
- Գլուխ I. Կրթության Գերագույն Գործակալություն։
- Գլուխ II. Ինչ տեսք ունեին Փարիզի փողոցները 1960 թվականին։
- Գլուխ III. Բարձրագույն աստիճանի գործնական ընտանիք։
- Գլուխ IV. XIX դարի որոշ հեղինակների մասին և այն մասին, թե ինչ դժվար է գտնել նրանց գրքերը։
- Գլուխ V, որտեղ խոսք է գնում հաշվիչ մեքենաների և դրամարկղների մասին, որոնք կարողանում էին պաշտպանվել։
- Գլուխ VI, որում Քենսոննասը հայտնվում է Գլխավոր գրքի գագաթնակետին։
- Գլուխ VII. Հասարակության համար անօգուտ երեք բերանները։
- Գլուխ VIII, որտեղ խոսք է գնում հին և նորագույն երաժշտության ու որոշ գործիքների գործնական օգտագործման մասին։
- Գլուխ IX. Այցելություն քեռի Հուգենենին։
- Գլուխ X. Կիրակի, 1961 թվականի ապրիլի 15-ը, քեռի Հուգենենը ընդունում է Ֆրանսիայի գրողների մեծ շքերթը։
- Գլուխ XI. Զբոսանք Գրենելյան նավահանգստում։
- Գլուխ XII, որտեղ պատմվում է, թե ինչ է մտածում կանանց մասին Քենսոննասը։
- Գլուխ XIII, որտեղ խոսք է գնում այն մասին, թե ինչ հեշտ կարող է նկարիչը մահանալ քաղցից XX դարում։
- Գլուխ XIV. Մեծ Դրամատիկական պահեստներ։
- Գլուխ XV. Աղքատություն։
- Գլուխ XVI. Էլեկտրականության դեմոնը։
- Գլուխ XVII. Et in pulverem reverteris (Եվ դու նորից կվերածվես փոշու)։
Կերպարներ
- Միշել Ժերոմ Դյուֆրեն - 16-ամյա պատանի
- Ստանիսլավ Բուտարդին - Միշելի հորեղբայրը և խնամակալը
- Աթենաիս - Ստանիսլավի կինը
- Աֆանասի - Ստանիսլավի և Աթենաիսի որդին
- Հուգենեն - Միշելի հորեղբայրը
- Քենսոննաս - Միշելի ընկերը
- Ռիչելոտ - Միշելի նախկին ուսուցիչը
- Լյուսի - 15 տարեկան, Ռիչելոտի թոռնուհին, Միշելի հարսնացուն
Աղբյուրներ
- Жюль Верн «Париж в ХХ веке»
- Предсказания Жюля Верна(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
|