Ավանց
Գյուղ | ||
---|---|---|
Ավանց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Վանի գավառակ | |
Այլ անվանումներ | Աբանց, Ադանց, Ավան, Ավանս, Ավավց, Իսկալաքյոյ, Իսքելեքյոյու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1600 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ավանցեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ավանց, գյուղ և նավահանգիստ (ավան, գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառակում։ Գանվում էր Վան քաղաքից 3 կմ հյուսիս-հյուսիս-արևմուտք, Վանա լճի ափին, սարահարթի վրա, մրգատու այգիների մեջ թաղված։ Հանդիսանում էր Վանա լճի ամենահայտնի նավահանգիստը և կապված էր լճափնյա բոլոր բնակավայրերի հետ։
Պատմություն
Հիշատակվում է IV դարից, երբեմն՝ իբրև գյուղ, երբեմն՝ ավան, երբեմն էլ՝ իբրև գյուղաքաղաք կամ ուղղակի՝ քաղաք։ Հին Ավանցը լճի մակարդակի բարձրացման հետևանքով մնացել է լճի տակ և գյուղը հետզհետե քաշվել է դեպի արևելք։ Գյուղի համար աղետաբեր են եղել լճի՝ 1810 թվականի ուժեղ ալեկոծությունները, երբ ավերվել է ամբողջ գյուղը, նույնիսկ՝ եկեղեցին։ Ավանցը նորից վերաշինվել է ավելի բարձր դիրք ունեցող մասերում։
Բնակիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել Վանի 1915 թվականի հերոսական ինքնապաշտպանությանը։
Ավանցն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը ապաստանել Արևելյան Հայաստանում։ 1985 թվականի դրությամբ Ավանցը վերանվանված է Իսքելեքյոյ և հանդիսանում է քրդերով բնակեցված մի փոքրիկ, անշուք գյուղ։
Բնակչություն
1850-ական թվականներին ուներ 200 տուն՝ 1100-1200 բնակչով, իսկ XX դարի սկզբին՝ 300 տուն՝ ավելի քան 1600 հայ բնակիչներով։
Տնտեսություն
Զբաղվում էին այգեգործությամբ, երկրագործությամբ, բորակի հանույթով (Վանա լճից), օճառագործությամբ, ձկնորսությամբ, նավաշինությամբ ու նավավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Ավանցն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի։
Կրթություն
XIX դարի սկզբին գյուղում գործում էր վարժարան։
Գրչություն
Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 357
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 606)։ |