Տեղակայված է Նարա գետի ափին, Մոսկվայից 70 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք։
Պատմություն
Հնագիտական պեղումները Ֆոմինսկում ցույց են տվել, որ 12-րդ դարում այնտեղ գոյություն է ունեցել բնակավայր, որը եղել է Սմոլենսկի իշխանության կազմի մեջ մտնող Ֆոմինսկի իշխանության կենտրոնը։ Նարա գետի վրա Ֆոմինսկոյե գյուղն առաջին անգամ հիշատակվում է 1339 թ.-ին, Իվան Կալիտայի հոգևոր կտակում։ Ռուսաստանի1812 թ.-ի Հայրենական պատերազմի ժամանակ Նապոլեոն I-ի 110 հազարանոց բանակը Մոսկվայից դեպի Սմոլենսկ նահանջելիս անցել է Ֆոմինսկոյե գյուղի միջով։ Գյուղի մասին հիշատակվում է նաև Լև Տոլստոյի«Պատերազմ և խաղաղություն» վեպում։ 1840 թ.-ին Ֆոմինսկոյե գյուղի հարևանությամբ տեղակայված Մալայա Նարա գյուղում բացվում է թղթի վերամշակման գործարան, որը հետագայում դառնում է քաղաք ձևավորող ձեռնարկություն։ 1864 թ.-ին մոսկովյան առևտրականներ Յակունչիկովները ձեռք են բերում այդ գործարանը, և այդ ժամանակվանից սկսած երկու գյուղերը սկսկում են անվանել միասին՝ Նարո-Ֆոմինսկ։
ԽՍՀՄ կազմում, 1918-1922 թվականներին եղել է համանուն ուեզդի կենտրոնը։ 1926 թ.-ի մարտի 15-ին Կենտրոնական գործկոմի որոշմամբ ստացել է քաղաքի կարգավիճակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1941 թ.-ի հոկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 26-ը գտնվել է ֆաշիստական օկուպացիոն զորքերի հսկողության տակ։ Դեկտեմբերի 26-ին խորհրդային 33-րդ բանակը՝ գեներալ Մ․ Եֆրեմովի գլխավորությամբ, ամբողջովին ազատագրել է քաղաքը։ Երկու ամիս տևած մարտերի արդյունքում ավերվել են 687 բնակելի շինություններ, ավերակների է ենթարկվել կտորի ֆաբրիկան։