Նեպտունիօղակների համակարգը շատ ավելի թույլ են արտահայտված, քան, օրինակ Սատուրնինը։ Օղակների համակարգում կան հինգ օղակներ։ Այն հայտնաբերվել է, սկզբում որպես աղեղներ, 1984 թվականին Չիլիում, Պատրիս Բուշեյի, Ռեյնհոլդ Հաֆների և Ժան Մանֆրոյդի կողմից Լա Սիլյայի աստղադիտարանում[1][2]։ Դրանք լուսանկարվել են 1989 թվականին «Վոյաջեր-2» սարքի կողմից[3]։ Նեպտունի օղակների ամենախիտ մասերը համեմատելի են Սատուրնի օղակների առավել նոսր մասերի հետ, ինչպիսիք են C օղակը կամ Կասինիի բաժանումը, սակայն Նեպտունի օղակների համակարգի մեծ մասը բավականին նոսր է, աղոտ և փոշիացված, ավելի շատ նման է Յուպիտերի օղակներին։ Նեպտունի օղակները անվանվել են այն աստղագետների պատվին, ովքեր զգալի ներդրում են ունեցել մոլորակի հետազոտություններում[3]` Գալլե, Լե Վերյե, Լասսել, Արագո և Ադամս[4][5]։ Նեպունը ունի նաև աղոտ անանուն օղակ, որը ունի Գալատեա արբանյակի ուղեծրին մոտ ուղեծիր։ Այլ երեք արբանյակներ պտտվում են օղակների միջև` Նայադան, Տալասան և Դեսպինան[5]։
Կազմություն
Նեպտունի օղակները կազմված են չափազանց մուգ նյութից, նման օրգանական միացություններին, որոնք ռադիացիայի ազդեցության են ենթարկվել, Ուրանի օղակների նման[6]։ Փոշու մասնաբաժինը օղակներում (20% - 70% միջև) բարձր է[6], մինչդեռ նրանց օպտիկական խորությունը ցածրից միջին է, պակաս քան 0,1[7]։ Ադամսի օղակը պարունակում է հինգ առանձին աղեղներ, որոնք անվանվել են՝ Ֆրատերնիտե, Էգալիտե 1 և 2, Լիբերտե, և Կուրաժ (անվանումները ֆրանսիական նշանաբանից են՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», ավելացնելով «խիզախություն» բառը)։ Աղեղները զբաղեցնում են նեղ ուղեծրի մասը և տարորինակորեն հաստատուն են, իրենց հայտնաբերման ժամանակից միայն մի փոքր են փոխվել[6]։ Թե ինչպես են աղեղները հաստատուն մնում դեռևս քննարկման առարկա է։ Այնուամենայնիվ, նրանց հաստատունությունը հավանաբար պայմանավորված է Ադամսի օղակի և նրա հովիվ արբանյակի, Գալատեայի միջև ուղեծրային ռեզոնանսով[8]։
Օղակների նկարագիր
Համեմատաբար նեղ, մոլորակից ամենահեռու Ադամսի օղակը տեղակայված է 63 000 կմ հեռավորության վրա մոլորակի կենտրոնից, Լևերյեի օղակը գտնվում է 53 000 կմ հեռավորության վրա և ավելի լայն է, ավելի թույլ Գալեյի օղակը գտնվում է 42 000 կմ հեռավորության վրա։ Արագո օղակը գտնվում է 57 000 կմ հեռավորության վրա։ Լևերյե օղակի արտաքին սահմանից մինչև Արագոյի ներքին սահմանը գտնվում ե լայն Լասսելի օղակը[9]։