Փոշոտ փոթորիկ
Փոշոտ (ավազե) փոթորիկ, մթնոլորտային երևույթ, որն ուղեկցվում է քամով և մեծ քանակությամբ հողի (բնահողի մասեր, ավազահատիկներ) տեղափոխմամբ։ Այն ընթանում է երկրային մակերևույթում՝ մի քանի մետր բարձրության շերտով, և դժվարացնում հորիզոնային տեսանելիությունը։ Նկատվում է հողի (ավազի) բարձրացում դեպի օդ և միաժամանակ հողի նստում մեծ տարածքներում։ Կախված տվյալ շրջանի բնահողի գույնից՝ հեռավոր առարկաները ձեռք են բերում մոխրագույն, դեղնավուն և կարմրավուն երանգներ։ Հիմնականում առաջանում է հողի չոր շերտի և ամենաքիչը 10 մ/վ արագության քամու դեպքում։
Սովորաբար առաջանում է անապատային և կիսաանապատային տարածքներում տարվա տաք եղանակներին։ «Սեփական» փոշոտ փոթորկի կողքին կան նաև այնպիսի դեպքեր, ինչպիսին օրինակ՝ անապատներից և կիսաանապատներից ներթափանցած ավազափոշին է, որը բավականին երկար ժամանակ կարող է մնալ մթնոլորտում և փոշոտ մշուշի տեսքով հասնել աշխարհի համարյա բոլոր անկյուններ։
Հաճախ փոշոտ փոթորիկներն առաջանում են տափաստանային, շատ հաճախ՝ անտառատափաստանային և նույնիսկ անտառային շրջաններում (վերջին երկու զոնաներում փոշոտ քամիները հիմնականում են լինում են ամռանը՝ ուժեղ չորայնության առկայության դեպքում)։ Տափաստանային և հաճախ անտառատափաստանային տարածքներում փոշոտ փոթորիկները սովորաբար լինում են վաղ գարնանը՝ սակավաձյուն ձմռանից և չոր աշնանից հետո, բայց երբեմն լինում են նույնիսկ ձմռանը՝ ձնաբքերի զուգակցմամբ[1]։
Քամու արագության որոշակի բարձրացման հետևանքով (կախված բնահողի մեխանիկական բաղադրությունից և դրա խոնավությունից) փոշու և ավազի հատիկները պոկվում են մակերևույթից և տեղափոխվում սալտացիայի և սուսպենզիայի ճանապարհով՝ առաջացնելով հողի էրոզիա։
Չափանիշներ
Ըստ ընդհանուր (ոչ ավիացիոն) օդերևութաբանության՝ փոշոտ փոթորկի ժամանակ տեսանելիությունը (ստանդարտ մակարդակում՝ 2մ երկրի մակերևույթի վրա) սովորաբար կազմում է 1-ից 4 կիլոմետր (մի շարք դեպքերում կարող է իջնել մինչև մի քանի հարյուր և նույնիսկ մինչև մի քանի տասնյակ մետրի)։
Փոշոտ (ավազե) մրրիկ՝ քամուց փոշու (բնահողի, ավազահատիկների) տեղափոխումը երկրի մակերևույթի վրա՝ 0,5-2մ բարձրությունից, չի հանգեցնում տեսանելիության զգալի վատացմանը (եթե չկան մթնոլորտային այլ տեղումներ, հորիզոնային տեսողությունը 2մ մակարդակի վրա կազմում է 4-10 կմ, բայց երբեմն և ավելի)։ Սովորաբար առաջանում է բնահողի չոր մակերեսի և քամու 6-9 մ/վ և ավելի արագության դեպքում։
Ավիացիոն օդերևութաբանության մեջ սահմանված է հողային փոթորկի ավելի խիստ չափանիշ․ «փոշեմրրիկ» երևույթը (օդերևութաբանական հետազոտությունների և եղանակի կանխատեսումների ժամանակ) ընդունված է համարել 1կմ-ից ոչ պակաս, իսկ տեսանելիության հեռավորության դեպքում 1-4 կմ-ը նշվում է «ստորին փոշի»։
Աշխարհագրություն
Փոշոտ փոթորիկների հիմնական արեալներն են Երկրի երկու կիսագնդերի բարեխառն և արևադարձային կլիմա ունեցող անապատներն ու կիսաանապատները։
Փոշոտ փոթորիկ եզրույթը սովորաբար օգտագործվում է այն ժամանակ, երբ փոթորիկն առաջանում է կավախառն և ավազակավային բնահողով։ Ավազային անապատներում (հատկապես՝ Սահարայում, ինչպես նաև Կարակումներում և Կիզիլկումում) փոթորիկների առաջացման դեպքում, երբ բացի մանր մասնիկներից, որոնք վատացնում են տեսանելիությունը, երբ քամին նաև մակերևույթի վրա տանում է միլիոնավոր տոննաների ավելի մեծ չափի ավազահատիկներ, օգտագործվում է ավազե փոթորիկ անվանումը։
Փոշոտ փոթորիկները կրկնողական բնույթ են կրում Պրիառալյեում և Բալխաշում (Ղազախստանի հարավ), Կասպից ծովի ափերում, Հարավային Ղազախստանի մարզում, Կառակալպակստանում և Թուրքմենստանում։ Ռուսաստանում փոշոտ փոթորիկներն ամենահաճախը տեղի են ունենում Աստրախանի և Վոլգոգրադի մարզերում, Կալմիկիայում, Տիվայում, Ալթայի և Անդրբայկալյան երկրամասերում։
Չորային եղանակի երկարատևության ժամանակ փոշոտ փոթորիկները կարող են տարածվել (ոչ ամենամյա) մինչև տափաստանային և անտառատափաստանային զոնաներ․ Ռուսաստանի որոշ հատվածներում, Ուկրաինայի տարածքում և հյուսիսային, կենտրոնական ու արևելյան Ղազախստանում։
Սահարա և Արաբական թերակղզու անապատները համարվում են Արաբական ծովի շրջաններում, որոշ չափով էլ Իրանում, Պակիստանում և Հնդկաստանում առաջացած փոշոտ մշուշների հիմնական աղբյուրները։ Չինաստանի փոշոտ փոթորիկները փոշին տեղափոխում են Խաղաղ օվկիանոս։ Բնապահպանները կարծում են, որ Երկրի չորացած տարածքների անպատասխանատու ղեկավարումը, օրինակ՝ ցանքաշրջանառության համակարգի անտեսումը, հանգեցնում է անապատների մակերեսի մեծացման և տեղի ու գլոբալ մակարդակի կլիմայական փոփոխությունների[2]։
Առաջացման պատճառներ
Քամու հոսանքի ուժի ուժեղացման դեպքում, որն անցնում է հողի չամրացված մասնիկների մոտով, վերջիններս սկսում են թրթռալ, այնուհետև «ցատկոտել»։ Գետնին շարունակական հարվածներից հետո այդ մասնիկներն առաջացնում են մանր փոշի, որը բարձրանում է կախույթի տեսքով[3]։
Վերջին ուսումնասիրությունները ենթադրում են, որ մեծ ավազահատիկների սկզբնական սալտացիան շփման միջոցով առաջացնում է էլեկտրամագնիսական դաշտ։ Թռչող մասերը ձեռք են բերում բացասական լիցքավորվածություն, որն ազատում է ավելի շատ մասեր։ Այդ պրոցեսը գրավում է երկու անգամ ավել մասնիկներ, քան կանխատեսում են նախկին տեսությունները[4]։
Մասնիկները հիմնականում ազատվում են հողի չորության և քամու ուժեղացման միջոցով։ Քամու հոսանքների ճակատները կարող են հայտնվել անձրևով կամ չոր սառը ճակատով ամպրոպի զոնայում օդի սառեցման հետևանքով։ Չոր սառը ճակատով ցնցումից հետո ներքնոլորտի կոնվեկտիվ անկայունությունը կարող է առաջացնել փոշոտ փոթորիկ։ Անապատային շրջաններում փոշոտ և հողային փոթորիկներն ավելի հաճախ առաջանում են ամպրոպային վարընթաղ հոսանքների և դրանց հետ կապված քամու արագության ուժեղացման պատճառով։ Փոթորկի ուղղահայաց չափերը որոշվում են մթնոլորտի կայունությամբ և մասնիկների քաշով։ Որոշ դեպքերում, փոշոտ և ավազե փոթորիկները կարող են սահմանափակված լինել բարակ շերտով, ինչը կապված է եղանակային շրջապտույտի հետ։
Պայքարի եղանակներ
Փոշոտ փոթորիկների կանխարգելման և արդյունքների փոքրացման համար անհրաժեշտ է վերլուծել տեղանքի առանձնահատկությունները՝ ռելիեֆ, միկրոկլիմա, գերիշխող քամիների ուղղություն և միջոջառումների անցկացում, որոնք կարող են փոքրացնել քամու արագությունը մակերևույթին և մեծացնել բնահողի մասնիկների կպչելիությունը։ Քամու արագությունն իջեցնելու համար ստեղծվում են անտառաշերտի համակարգեր և հողմապաշտպան կուլիսներ։ Բնահողային մասնիկների կպչելիության բարձրացմանը զգալի ազդեցություն են տալիս մնացած խոզանները, անշուռտու հերկը, մի քանի տարվա խոտերով ցանքի հողապաշտպան անտառաշերտերը, բազմամյա շերտավոր խոտերի հերթագայումը և միամյա կուլտուրաների ցանքերը[5]։
Բնապահպանական հետևանքներ
Փոշոտ փոթորիկները կարող են տեղաշարժել ամբողջ դյուներ և տեղափոխել հսկայական ծավալով փոշի, այնպես, որ փոթորկի ճակատը կարող է երևալ ինչպես մինչև 1,6 կիլոմետր բարձրությամբ խիտ պատ։ Փոշոտ և ավազային փոթորիկները, որոնք գալիս են Սահարա անապատից, հայտնի են նաև որպես սամում, համսին (Եգիպտոսում և Իսրայելում) և հաբուբ (Սուդանում) անվանումներով։
Փոշոտ փոթորիկների մեծ մասը ծագում են Սահարայում, հատկապես Բոդելեի խոռոչում[6] և Մավրիտանիայի, Մալիի ու Ալժիրի սահմանների հատման շրջանում[7]։ Վերջին կես դարի ընթացքում (1950-ական թվականներից) Սահարայի փոշոտ քամիներն աճել են մոտ 10 անգամ՝ առաջացնելով Նիգերիայի, Չադի և Բուրկինա-Ֆասոյի բնահողի վերին շերտի բարակացմանը։ 1960-ական թվականներին Մավրիտանիայում տեղի ունեցավ ընդամենը երկու փոշոտ փոթորիկ, իսկ ներկայումս դիտվում է տարեկան 80 փոթորիկ[2]։
Փոշին Ատլանտյան օվկիանոսով Սահարայից տեղափոխվում է արևմուտք։ Անապատի ցերեկային ուժեղ տաքացումը տրոպոսֆերայում առաջանում է անկայուն շերտ, որում տարածվում են փոշու մասնիկներ։ Կախված օդային զանգվածի Սահարայի տարածքով հարավ տեղափոխման (ադեկվացիա) չափի հետ, այն շարունակում է տաքանալ, իսկ հետո դուրս գալով օվկիանոսային տարածություն, անցնում է ավելի սառը և խոնավ մթնոլորտային շերտով։ Այդպիսի ջերմաստիճանային ինվերսիան թույլ չի տալիս շերտերին խառնվել և թողնում օդի փոշոտ շերտը անցնել օվկիանոսը[8]։ Սահարայից Ատլանտյան օվկիանոս հասած փոշու ծավալը 2007 թվականի հունիսին հինգ անգամ ավելի էր, քան դրանից մեկ տարի առաջ, ինչը կարող է սառեցնել Ատլանտիկայի ջրերը և մի փոքր քչացնել ամպրոպների ակտիվությունը[9]։
-
Հողային ամպի Ատլանտյան օվկիանոսով տեղաշարժումը Աֆրիկայից դեպի Կարիբյան կղզիներ։ 2001 թվականի հունիսի 13-21։
Տնտեսական հետևանքներ
Փոշոթ փոթորիկների հասցված հիմնական վնասներն են՝ բնահողի բերրիության շերտի ոչնչացումը, որը ցածրացնում է դրա գյուղատնտեսական արտադրողականությունը։ Բացի դրանից, հղկման արդյունքում վնասվում են երիտասարդ բույսերը։ Ուրիշ հնարավոր բացասական հետևանքներն իրենց մեջ ներառում են տեսանելիության նվազումը, որը ազդում է ավիա- և ավտոտրասպորտի վրա, Երկրին հասնող արևային լույսի քանակի նվազումը, տաքացուցիչ «ծածկոցի» էֆեկտը, կենդաների օրգանիզմների շնչառական համակարգի վրա անբարենպատ ազդեցությունը։
Փոշին կարող է նաև օգուտ բերել նստվածք տված տեղերում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայի սելվան Սահարայից է ստանում հանքային պարարտանյութերի մեծ մասը, լրացնում օվկիանոսի երկաթի պակասը։ Հավայան կղզիներում, փոշին օգնում է բանանային կուլտուրաների աճին։ Չինաստանի և հարավային ԱՄՆ-ի հինավուրց մրրիկների նստվածքներով բնահողերը, որոնք կոչվում են լյոս, շատ պտղատու են, սակայն միաժամանակ համարվում են ժամանակակից փոշոտ փոթորիկների աղբյուրներ, որոնք առաջանում են հողը բուսականության հետ կապող խախտման դեպքում։
Ոչ-երկրային փոշոտ փոթորիկներ
Մարսի հարավային բևեռային գլխարկի սառցե պատյանի և տաք օդի ջերմաստիճանների ուժեղ տարբերությունը հանգեցնում է ուժեղ քամիների առաջացմանը, որոնք գետնից բարձրացնում են կարմրաշագանակագույն փոշու հսկայական ամպեր[10]։ Մասնագետները կարծում են, որ փոշին Մարսի վրա կարող է խաղալ այն նույն դերը, ինչպես ամպերը Երկրի վրա։ Այն կուլ է տալիս արևային լույսը և դրա հաշվին տաքացնում մթնոլորտը։
Հայտնի փոշոտ և ավազային փոթորիկներ
- Ըստ Հերոդոտոսի վկայությունների, մ․թ․ա․ 525 թվականին, փոշոտ փոթորկի ընթացքում, Սահարայում զոհվեց պարսկական թագավոր Կամբյուսես II-ի տասնհինգհազարանոց բանակը[11]։
- 1982 թվականի ապրիլին, Ուկրաինայի տափաստանային և անտառատափաստանային շրջաններում քամին 1մլն կմ² տարածքով 15մլն տոննա սևահողեր բարձրացրեց։ Սևահողային փոշին տեղափոխվեց արևմուտք և նստեց 6մլն կմ²-անոց տարածքում՝ Պրիկարպատյե, Ռումինիա և Լեհաստան։ Փոշու ամպերի բարձրությունը հասավ 750 մետրի, և Ուկրաինայի սևահողերի շերտը պակասեց 10-15 սանտիմետրով[12]։
- ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներում փոշոտ կաթսայի ժամանակաշրջանում (1930-1936թթ․) առաջացած փոշեմրրիկների շարքը ստիպեց հարյուրհազարավոր ագարակատերերի փոխել իրենց բնակավայրերը։
- 1983 թվականի փետրվարի 8-ի երկրորդ կեսին, ամենաուժեղ փոշոտ փոթորիկը, որը հայտնվել էր ավստրալիական Վիկտորիա նահանգի հյուսիսում, ծածկել էր Մելբուրն քաղաքը։
- 1954-56, 1976-78 և 1987-91 թվականներին, Հյուսիսային Ամերիկայի տարածքում երկարաժամկետ չորայնությունների պատճառով առաջացան ինտենսիվ փոշեմրրիկներ։
- 2007 թվականի փետրվարի 24-ի ուժեղ փոշոտ փոթորիկը, որը հայտնվել էր արևմտյան Տեխասի տարածքում՝ Ամարիլլո քաղաքի շրջանում, ծածկել էր նահանգի հյուսիսային մասը։ Ուժեղ քամին բազմաթիվ վնասներ էր հասցրել ցանկապատերին, տանիքներին և նույնիսկ մի քանի շինություններին։ Ինչպես նաև մեծ վնաս էր կրել Դալլաս—Ֆորտ-Ուերտ մեգապոլիսի միջազգային օդանավակայանը, բազմաթիվ մարդիկ հիվանդանոց էին դիմել շնչառական խնդիրների պատճառով։
- 2007 թվականի հունիսին մեծ փոշոտ փոթորիկ է տեղի ունեցել Սինդ և Բելուջիստան նահանգների տարածքներում գտնվող Կարաչի բնակավայրում, որին հաջորդեցին ուժեղ անձրևներ, ինչն էլ հանգեցրեց մոտ 200 մարդկանց մահվան[13]։
- 2008 թվականի մայիսի 26-ին Մոնղոլիայում առաջացած հողային փոթորկի արդյունքում մահացավ 46 մարդ[14]։
- 2009 թվականի սեպտեմբերի 23-ին Սիդնեյի փոշեմրրիկը հանգեցրեց տրանսպորտի շարժման վատթարացմանը և հարյուրավոր մարդիկ ստիպված եղան մնալ իրենց տներում։ Ավելի քան 200 մարդ, շնչառական խնդիրներով, դիմեց բժշկական օգնության[15]։
- 2011 թվականի հուլիսի 5-ին, հսկայական փոշեմրրիկը ծածկեց ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի մայրաքաղաք Ֆինիքսը։ Երևույթի պատճառով կտրվեցին հոսանքահաղորդման լարեր, որը քաղաքի կենտրոնում առաջացրեց հրդեհ, կաթվածահար եղավ ավիատրանսպորտը[16]։
- 2015 թվականի սեպտեմբերի սկզբին, աննախադեպ փոշոտ փոթորիկը («շարավ») հասավ Արևելք և հյուսիսային Աֆրիկա։ Տուժեցին Եգիպտոսը, Իսրայելը, Պաղեստինը, Հորդանանը, Լիբիան, Սիրիան և Սաուդիան Արաբիան։ Զոհվեց մի քանի մարդ։ Մեքքայում եղած վատ եղանակի պատճառով Ալ-Խարամ մզկիթի վրա ընկավ շինարարական կռունկը, որի պատճառով մահացավ ավելի քան 100 մարդ[17]։ Սիրիայում, փոթորկի շնորհիվ, Իսլամական Հանրապետություն խմբավորման մասնակիցները կարողացան մեծացնել իրենց տարածքները։
- 2016 թվականի մայիսի 9-ին, Իրկուտսկ քաղաքի վրա հասավ հսկայական փոշեմրրիկ, որն ուժեղացել էր մոտ գտնվող վառվող անտառներից քաղաք եկած մոխրի միջոցով։
Աղբյուրներ
- Փոշոտ փոթորիկների նկարներ Արխիվացված 2009-03-21 Wayback Machine
- Մթնոլորտային երևույթ՝ դասակարգում և նկարագրություն Արխիվացված 2020-06-01 Wayback Machine
- Փոշոտ փոթորիկ Արխիվացված 2008-04-16 Wayback Machine — Էքստրեմալ դեպքերի հանրագիտարան
- Saharan Dust Has Chilling Effect on North Atlantic Արխիվացված 2017-05-31 Wayback Machine (անգլ.)
- Սահարայի փոշեմրրիկի հոլովակ Արխիվացված 2008-06-22 Wayback Machine
- Սլայդշոու՝ հաբուբ Սուդանում
- Հոլովակ՝ հաբուբ Արիզոնայում
- Արիզոնայի Համալսարանի կայքի հատված, որը նվիրված է փոշոտ փոթորիկների մոդելավորմանը Արխիվացված 2011-07-16 Wayback Machine (անգլ.)
Ծանոթագրություններ
- ↑ Փոշոտ փոթորիկներ Ուկրայինայում
- ↑ 2,0 2,1 «ENVIRONMENT: Around the Globe, Farmers Losing Ground». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Physics, Mechanics and Processes of Dust and Sandstorms» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Electric Sand Findings, University of Michigan Jan. 6, 2008
- ↑ Полякова Л.С., Кашарин Д.В. Օդերևութաբանություն և կլիմայագիտություն. — Новочеркасск НГМА, 2004. — 108 с.
- ↑ The Bodélé depression: a single spot in the Sahara that provides most of the mineral dust to the Amazon forest. Ilan Koren et al 2006 Environ. Res. Lett. 1 014005 (5pp) doi:10.1088/1748-9326/1/1/014005
- ↑ Saharan Dust: Sources and Trajectories N. J. Middleton, A. S. Goudie, Transactions of the Institute of British Geographers, New Series, Vol. 26, No. 2 (2001), pp. 165—181
- ↑ NASA (27 июня 2009). «Սահարայի փոշին հասել է Ատլայտյան օվկիանոսի ափերին» (անգլերեն). Earth Observatory. Վերցված է 27.06.2009-ին.
- ↑ Scientists examine African dust link to hurricanes? ScientificAmerican.com Օգոստոսի 10, 2007
- ↑ Մարսի փոշոտ փոթորիկները
- ↑ Հերոդոտոս Книга III, Главы 1-67
- ↑ Пыльные бури — outdoors.ru
- ↑ KARACHI: Storm death toll rises to 200
- ↑ Lenta.ru: Կատակլիզմներ։ Մոնղոլիայի ավազե փոթորիկներում մահացել է 46 մարդ
- ↑ Սիդնեյի բնակչությունը կաթվածահար է եղել ուժեղ փոշոտ փոթորկի պատճառով
- ↑ Արիզոնան ծածկված է ամենաուժեց փոշոտ փոթորկի տակ(չաշխատող հղում)
- ↑ Շարավն անցավ մոտ Արևելքով
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոշոտ փոթորիկ կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |