Այգեկ (Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեկ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Այգեկ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Կուբաթլուի շրջան | |
Մակերես | 1004,0 կմ² | |
Բնակչություն | 94 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Այգեկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 60 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 98 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում Արցախի Մյուս Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Հակարի գետի ստորին հոսանքի ձախափնյա բլրապատ հարթավայրում[2]։
Համայնքը հարթավայրային է, ունի 1004.0 հա տարածք, որից 654,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 188,2 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքն ունի գյուղապետարան, կա բուժաշխատող։ Այգեկ համայնքի տարածքով անցնում է «Այգեկ-Գետամեջ» ոռոգման ջրատարները։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 23 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն
Միջնադարում բնակավայրը ներառված էր Դիզակի մելիքության կազմում։
18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել են։ Այս հանգամանքն էլ պատճառ հանդիսացավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում` Այգեկի պատմական անցյալից որևէ փաստ անգամ չմնաջ[2]։
19-րդ դարի սկզբներին ամայության մատնված գյուղում հաստատվել են թուրք և քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ։ Նրանք հայկական գյուղը անվանել են Մարդանլի[2]։
Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված թուրքերն ու քրդերը հիմնահատակ կործանել էին հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Մեր օրերում այդ հուշարձանների հետքերը չեն վկայվում։ Դրա փոխարեն եկվորները 20-րդ դարի սկզբներին մզկիթ են կառուցել։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Մարդանլին 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում[2]։
1993 թվականին հոկտեմբերի վերջերին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։
1997 թվականին այստեղ վերաբնակվել էին Ադրբեջանից բռնագաղթված, ինչպես նաև ՀՀ բնակավայրերից տեղափոխված մի քանի ընտանիքներ։ Բնակավայրը ստացավ Այգեկ անունը[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
2015 թվականին Այգեկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 94 մարդ, կա 23 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 96 | 86 | 85 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
Համայնքի տարածքում առկա է մզկիթ (20-րդ դարի սկիզբ) պատմամշակութային հուշարձանը։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[5]։
Ծանոթագրություններ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 618–619.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 332.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |