Յանոշ Բոյայի
Յանոշ Բոյայի հունգ.՝ Bolyai János | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1802[1][2][3][…] Կլուժ-Նապոկա, Ռումինիա[4] |
Մահացել է | հունվարի 27, 1860[1][2][3][…] (57 տարեկան) Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4] բնական մահով |
Գերեզման | Reformed Protestant cemetery |
Բնակության վայր(եր) | Տրանսիլվանիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն, Ոչ Էվկլիդեսյան երկրաչափություն[5] և մաթեմատիկա[5] |
Ալմա մատեր | Թերեզային ռազմական ակադեմիա (սեպտեմբերի 6, 1822)[6] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1], տիբեթերեն, չինարեն, հունգարերեն[5] և գերմաներեն[7] |
Գիտական ղեկավար | Ֆարկաշ Բոյաի |
Հայր | Ֆարկաշ Բոյաի |
János Bolyai Վիքիպահեստում |
Յանոշ Բոյայի (հունգ.՝ Bolyai János, դեկտեմբերի 15, 1802[1][2][3][…], Կլուժ-Նապոկա, Ռումինիա[4] - հունվարի 27, 1860[1][2][3][…], Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4]), հունգարացի մաթեմատիկոս, ոչ էվկլիդեսյան երկրաչափության (այժմ կոչվում է Լոբաչևսկու երկրաչափություն) հայտնաբերողներից մեկը։
Ռուսական աղբյուրներում նրա ազգանվան ուղղագրության շատ տարբերակներ կան՝ Բոլյահ, Բոհայի, Բոյայի, Բոյահ ինչպես նաև Բոլյե և Բոլե։
Կենսագրություն
Յանոշ Բոյային ծնվել է տրանսիլվանական Կոլոժվար քաղաքում։ Այսօր այն Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքն է։ Նախկինում քաղաքը պատկանել է Ավստրիական կայսրությանը։ Նրա հայրը հունգարացի հայտնի մաթեմատիկոս Ֆարկաշ Բոյային է, ով Գյոթինգենի համալսարանի շրջանավարտն է եղել։ Դեռ վաղ տարիքում նա որդուն սովորեցրել է մաթեմատիկական գիտելիքների հիմունքները։ Բոյայիները աղքատ, բայց հնագույն մադյար տոհմից էին։ XIV-XVIII դարերում նրանց է պատկանել Բոհյա ամրացված տոհմական դղյակը, որում և ծնվել է նրա հայրը՝ Ֆարկաշը[8]։
1822 թվականին Յանոշն ավարտել է Վիեննայի Ռազմա-ճարտարագիտական քոլեջը՝ 4 տարվա ընթացքում անցնելով յոթնամյա դասընթացը։ Արդեն քոլեջում նա այնքան է տարվել Էվկլիդեսի հինգերորդ պոստուլատի (աքսիոմա, դրույթ) ուսումնասիրություններով, որ նրա հայրը անհանգստությամբ խորհուրդ է տվել Յանոշին.
Դու պետք է հրաժարվես այս ամենից՝ որպես ամենասարսափելի այլասերում։ Դա կարող է խլել քեզանից քո ամբողջ ժամանակը, առողջությունը, բանականությունը, կյանքի բոլոր ուրախությունները։ Այն քեզ կարող է հասցնել անելանելի վիճակի, հնարավոր է կուլ տա այնպիսի հազարավոր տիտանների, ինչպիսին Նյուտոնն է։ |
Յանոշը չլսեց հոր խորհուրդը։ Շուտով նա եկավ այն եզրակացության, որ հինգերորդ պոստուլատը անապացուցելի է և անկախ մյուսներից։ Սա նշանակում էր, որ այն փոխարինելով այլընտրանքով, հնարավոր էր կառուցել էվկլիդեսյանից տարբերվող նոր երկրաչափություն։ Մոտ 1820-1823 թվականներին Բոյայը ավարտել է տրակտատը, որում նկարագրվել է նոր երկրաչափությունը։ Հորը գրած նամակում նա կատակել է. «Ես ոչնչից ստեղծել եմ տարօրինակ նոր աշխարհ»։
1823 թվականին Բոյային ծառայել է բանակում՝ որպես ռազմա-ինժեներական զորքերի կրտսեր լեյտենանտ։ Նա բանակում ծառայել է 11 տարի, համարվել է գերազանց սպա և հիանալի պարող։ Նա խոսում էր 9 լեզուներով, ներառյալ չինարենը և տիբեթերենը։ Երբեք չի խմել և չի ծխել։
1832 թվականին Յանոշի հայրը հրատարակել է իր աշխատությունը, իսկ դրա հավելվածում՝ որդու աշխատանքը, որը մաթեմատիկայի պատմության մեջ մտել է Appendix (հավելված) անվան տակ։ Յանոշ Բոյայի աշխատության ամբողջական վերնագիրը` «Հավելված, որը պարունակում է տարածաչափության մասին գիտություն, միանգամայն ճշմարիտ, Էվկլիդեսի XI աքսիոմայի ճշմարտությունից կամ կեղծիքից անկախ (որը priori մասին երբեք չի կարող որոշել)»։
«Ապպենդիքսը», ինչպես նաև Լոբաչևսկու աշխատությունները, անհասկանալի և աննկատ են մնացել ժամանակակիցների կողմից։
Մեկ տարի առաջ (1831 թ.) Ֆարկաշ Բոյային «Հավելվածի» սրբագրական տպվածքն ուղարկել է իր վաղեմի ընկերոջը՝ այն ժամանակվա «մաթեմատիկոսների արքա» Կառլ Գաուսին։ Աշխատությունը կարդալուց հետո Գաուսը գրել է իր ընկերներից մեկին. «Այս երիտասարդ երկրաչափ Բոյային բարձրագույն դասի հանճար է»։ Ինչպես պարզվեց շատ ավելի ուշ, Գաուսն ինքը գաղտնի զարգացրել է ոչ էվկլիդյան երկրաչափությունը (1820-ականների սկզբից), բայց նա երբեք այս թեմայով որևէ բան չի հրապարակել։ Ֆարկաշին Գաուսը պատասխանել է. «Դա գնահատելը նման է ինքդ քեզ գնահատելուն։ Քանի-որ այս թեմայի շուրջ այնտեղ գրված ամեն ինչ համընկնում է վերջին 30-35 տարիների իմ սեփական մտորումների հետ»[10]։
Ցավալի լուրն այն մասին, որ իրեն գերազանցել են, խիստ զարմացրել է երիտասարդ Բոյային, ով նոր էր դարձել կապիտան։ Այս ամենից հետո նրա առողջությունը վատթարանում է, բնավորությունը փոխվում է, և նա շուտով անցնում է թոշակի (1833)։ Նա իր թոշակը ծառայությամբ ձեռք չի բերել, ապրել է հոր փողերով։ Նա փորձել է շարունակել իր մաթեմատիկական աշխատանքները, սկսել և շուտով հրաժարվել է մի քանի աշխատություններից, որոնք շատ հետաքրքիր են եղել իրենց գաղափարներով։
1834 թվականին Յանոշը քաղաքացիական ամուսնության մեջ է մտել Ռոզալիա Կիբեդի Օրբանի հետ (Rozália Kibédi Orbán): Նրանք ունեցել են երկու երեխա։
1848 թվականին Յանոշ Բոյային հայտնաբերել է Ն.Ի. Լոբաչևսկու աշխատանքը, ով դեռևս 1829 թվականին, Բոյայից 3 տարի շուտ, հրատարակել է գաղափարներով նման մի աշխատություն։ Բոյային սաստիկ զայրացել է։ Նա կասկածել է, որ իրենից գողացել են իր լավագույն գաղափարները, որ ոչ մի Լոբաչովսկի երբևէ գոյություն չի ունեցել, և այս ամենը խորամանկ Գաուսի հնարքներն են։ Միևնույն ժամանակ, նա հիացել է որոշակի թեորեմներ ապացուցելու հմտությամբ և սրամտությամբ։ Կյանքի վերջին տարիներին Բայային ծանր մտավոր անհամաձայնությունների մեջ էր։
1852 թվականին Բոյայը բաժանվել է Ռոզալիայից։ Նա սկսել է մի քանի նոր ուսումնասիրություններ, բայց ոչ մեկը չի ավարտել։ Նրա մահից հետո հայտնաբերվել են մաթեմատիկական անավարտ ձեռագրերի ավելի քան 20000 թերթ։ Այնուամենայնիվ, «Ապպենդրիքսը» մնացել է հեղինակի կյանքի ընթացքում հրատարակված միակ գործը։
Հիշողության հավերժացում
Գիտնականի պատվին անվանակոչվել է.
- Բոյայի խառնարան Լուսնի վրա։
- Աստղակերպ (1441) Բոլիայ[11](1937 թվական)։
- Համալսարան Կլուժ-Նապոկայում։
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկական միջազգային մրցանակ՝ Բոյայի մրցանակ (Bolyai János nemzetközi matematikai díj)[12].
-
Հուշարձան Կլուժ-Նապոկայում
-
Հուշատախտակ Օլոմոուցում (Չեխիա)
-
Հուշատախտակ Լվովի համալսարանի շենքում, Ուկրաինա
Տես նաև
- Ոչ էվկլիդեսյան երկրաչափություն
- Ռիմանի երկրաչափություն
- Մինկովսկու տարածություն
- Ոլորտային երկրաչափություն
Գրականություն
- Александров В. А. Краткая биография Яноша Боляи // Математика в высшем образовании. — 2004. — № 2. — С. 85—88. — ISSN 1729-5440.
- Математика XIX века. Том II: Геометрия. Теория аналитических функций / Под ред. Колмогорова А. Н., Юшкевича А. П.. — М.: Наука, 1981. — 270 с.
- Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. Бойяи, Янош (англ.) — биография в архиве MacTutor.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119372886 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://gdz.sub.uni-goettingen.de/dms/load/img/?PID=GDZPPN002126338
- ↑ CONOR.Sl
- ↑ Александров В. А., 2004, էջ 85
- ↑ Dénes, Tamás Real Face of János Bolyai(անգլ.) // Notices of the American Mathematical Society : journal. — 2011. — Т. 58. — № 1. — С. 41—51.
- ↑ Александров В. А., 2004, էջ 87
- ↑ «ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի փոքր մարմինների JPL տվյալների շտեմարան» (1441)
- ↑ The János Bolyai International Mathematical Prize Արխիվացված 2011-07-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Բոյայի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 507)։ |