Հակարի (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Հակարի | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Կուբաթլուի շրջան | |
Մակերես | 2079,0 կմ² | |
ԲԾՄ | 754 մետր | |
Բնակչություն | 119 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հակարի, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 34 կմ հարավ-արևելք, մայրաքաղաք Ստեփանակերտից` 83 կմ հեռավորության վրա, Հակարի գետի միջին հոսանքի ձախ ափին։ Գյուղից 1 կմ հեռու՝ ձորահովտում, պահպանվել են վաղմիջնադարյան Հակարի (XIX-րդ դ․՝ Ակերլու) բնակավայրերի ավերակները։
Մուրադխանլը անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
Աշխարհագրություն
Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում Արցախի Մյուս Հաբանդ գավառում։ Բնակավայրը գտնվում է Հակարի գետի միջին հոսանքի ձախ ափին։ Գյուղամիջով հոսում է Զանգանակ (Խաչգյադուկչայ) գետակը, որը Հակարիի ձախակողմյան վտակներից մեկն է[3]։
Համայնքը լեռնային է, ունի 2079,0 հա տարածք, որից 776,8 հա գյուղատնտեսական նշանակության, 1186,6 հա անտառային հողեր։ Հակարի համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 18 գործող անհատական ջրհորներ։
2019 թվականին կառուցվել է խմելու ջրագիծ։ Բնակավայրի տարածքով անցնում են Հակարի-1, Հակարի-2 ոռոգման ջրատարները։
Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի հանքային պաշարներ։
Պատմություն
Գյուղի Հակարի անունը հիշատակված է 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ։ 10-րդ դարում այն ուներ Ախար անունը։ Միջին միջնադարում ավելի հայտնի է Ակերա, ավելի ուշ՝ Ակելու անուններով։
18-րդ դարի երկրորդ կեսին պարսիկ խաների, թուրք փաշաների և քուրդ բեկերի անընդհատ կրկնվող արշավանքների պատճառով հայ ազգաբնակչությունը ստիպված էր հեռանալ[3]։
19-րդ դարի երկրորդ կեսին այստեղ հայտնվեցին քրդական ցեղախմբեր, որոնք էլ հայկական Հակարի գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա հիմնեցին իրենց բնակավայրը և այն անվանեցին Մուրադխանլի։
Թեև թուրքերը և քրդերը մի քանի տասնամյակների ընթացքում անխնա ոչնչացրին այն ամենը, ինչ հայկական էր, այնուամենայնիվ, Հակարիից 4 կիլոմետր դեպի հյուսիս՝ Զանգանակ վտակի ձախ ափին, պահպանվել է Կառնակաշ անունով ամրոցը (11-14-րդ դարեր)։ Պարսպաշարը պահպանվել է հատվածաբար։ Այն միջին չախի քարերից կրաշաղախով շարված պարիսպ է տեղ-տեղ ամրացած որմնահեծերով, որը որոշ կետերում կանգուն է մնացել և ունի մինչև 5 մետր բարձրություն։ Ամրոցը ունեցել է միջնաբերդ։ Ամրոցի տարածքում պահպանվել են 2 ջրամբարների և մի քանի աշտարակների մնացորդներ[3]։
Կարծիք կա, որ գյուղում եղել է նաև միջնադարյան եկեղեցի։
Այստեղ հաստատված ավազակաբարո թուրքերն ու քրդերը 20-րդ դարի սկզբներին հարձակումներ են գործել Արցախիի և Սյունիքի հայկական բնակավայրերի վրա, թալանել, քշել տարել անասունները[3]։
Խորհրդային տարիներին՝ 1930 թվականին, գյուղը գտնվում էր ԱԽՍՀ Կուբաթլուի շրջանի կազմի մեջ։
1993 թվականի հոկտեմբերին գյուղը ազատագրվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից։ 1995 թվականի ապրիլից սկսվեց Հակարիի վերաբնակեցման գործընթացը։ Սկզբում այստեղ հաստատվեցին ՀՀ-ից 7 ընտանիքներ։ Այնուհետև այստեղ հաստատվեցին նաև Ադրբեջանից բռնագաղթածներ[3]։
Սկզբում գյուղը անվանվեց Մարաթուկ, իսկ 2002 թվականին ԱՀ կառավարության որոշմամբ այն կրկին ստացավ իր պատմական Հակարի անունը։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն
Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 131 մարդ է։ 2015 թվականին Հակարի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 119 մարդ, կա 39 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 104 | 102 | 104 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ ամրոց «Կառնակաշ» (11-14-րդ դարեր), 2 ջրամբար (11-14-րդ դարեր), պարիսպապատ (11-14-րդ դարեր), խաչքար «Հակարի» (16-րդ դար)։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 18 աշակերտներ[6]։
2002-2003 թվականներին դպրոցի երկհարկանի շենքը վերանորոգվել է բարերարներ Հակոբ և Մինաս Շիրվանյանների միջոցներով։ Դպրոցում 2018-2019 ուսումնական տարում սովորում էր 21 աշակերտ, դասավանդում՝ 9 ուսուցիչ։ Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել Ալեքսանդր Սաղաթելյանը, Արմեն Մովսիսյանը, Արսեն Հայրապետյանը[3]։
Ծանոթագրություններ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 906
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 663–664.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 357.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |